«Բարոյականություն», թե՞…

baroyakanutyun
Ի՞նչ է նշանակում բարոյականություն կամ ի՞նչ ի նկատի ունենք` ասելով բարոյական մարդ. ինչպիսի հատկանիշներ ունի բարոյական մարդը, ինչպես է ապրում: Երբևէ մտածե՞լ եք այս հարցերի շուրջ, թե պատասխաններն ինքնին այնքան պարզ ու միանշանակ են Ձեզ համար, որ հարկ չեք համարել այդ մասին մտածելու… Չէ՞ որ Ձեր փոխարեն  այդ մասին մտածել են շատ տարիներ առաջ  ու մշակել անվիճելի ճշմարտություններ համարվող եզրակացություններ. բարոյական մարդուն անբարոյականից տարբերելու բանաձևերը վաղուց արդեն տրված են: Երևի փորձում եք հիշել արդյոք մտածել եք, թե ոչ… Դե  ինչ, երկար մի չարչարվեք. ես Ձեզ կօգնեմ: Եթե առաջին միտքը, որը ծագեց Ձեր գլխում բարոյականություն հասկացության հետ կապված այդ բառի իմաստավորումն էր` կախված մարդու սեռից, և եթե  Դուք բարոյականություն հասկացությունը անմիջականորեն կապեցիք մարդու (կամ ավելի շուտ`միայն կնոջ) սեքսուալ կյանքի հետ, ապա Դուք միանշանակորեն պատկանում եք մարդկանց այն խմբին (և ցավոք մեծամասնությանը) , ովքեր երբեք այս հասկացության  մասին չեն մտածել և առաջնորդվում եք այս բառն օգտագործելիս արդեն հայտնի «ճշմարտություններով»:

Ինձ համար բարոյականությունը մարդու կյանքի էթիկական նորմ է, հիմնային սկզբունք, բոլոր գործողությունների հիմքում ընկած մի գաղափար: Կյանք ասելով հավասարապես ի նկատի ունեմ մարդու կենսագործունեության բոլոր ոլորտները: Բարոյականությունը կյանքի նորմ է` հիմնված բարու գաղափարի վրա, ձգտումը սեփական գործողություններում ու որոշումներում գերակայությունը տալ հենց բարուն:

Կան համեմատաբար վերացական հասկացություններ, որոնց ընկալման և բացատրության համար ստիպված ենք լինում դիմել ավելի պարզ բառերի և հասկացությունների օգնությանը: Ինչպես օրինակ սեր հասկացության մեկնաբանման համար օգտվում ենք մի շարք այլ, ավելի պարզ բառերից. կարոտ, կապվածություն, հիացմունք, ցանկություն  և այլ համեմատաբար չափելի հասկացություններից, այնպես էլ բարոյականություն հասկացության դեպքում է…

Բարոյականությունը բարի հասկացության վրա հիմնված վարքն է, որը դրսևորվում է այլ հատկանիշների միջնորդությամբ. ազնվություն, պատասխանատվություն, ճշմարտախոսություն, արդարություն, ոչ ծայրահեղ աստիճանի եսասիրություն… Ինձ համար այս վերացական հասկացությունը ներառում է այն ամենը, ինչը բարուն է ուղղված: Հետևապես ասվածից բխում է, որ մարդը կյանքի բոլոր ոլորտներում  հավասարաչափ կարող է լինել բարոյական և ոչ բարոյական:  Իսկ մեծամասնության  համար այս հասկացությունը սահմանափակվում է հիմնականում մի ոլորտով, այն էլ` կիրառվելով լիովին անտրամաբանական իմաստով:  Այդ ոլորտը սեքսուալության ոլորտն է. «բարոյականությունը սեքսուալ պասիվությունը, իսկ ոչ բարոյականությունը` սեքսուալ ակտիվության բարձր աստիճանը»: Եվ  դեռ ավելին`այստեղ օգտագործվում է  ոչ թե ոչ բարոյականություն, այլ անբարոյականություն  բառը`որպես ոչ բարոյականության ծայրահեղ աստիճան:  Այստեղից ստացվում է, որ «աշխարհի ամենամեծ չարիքը սեքսն է և հետևաբար ինչքան մեծ սեքսուալ ակտիվությունը, այնքան ցածր բարոյականությունը, այն էլ ` բացառապես կնոջ համար… Ամենամեծ չարիքը կնոջ կողմից սեքսուալ հարաբերություն ունենալն է, իսկ տղամարդու կողմից սեքսուալ  հարաբերություն ունենալը ոչինչ, թույլատրելի է»:  Իսկ թե ինչու՞ է սեքսը չարիք, ու՞մ է այն վնասում, ու՞մ նկատմամբ է այն հանդիսանում բացասական գործողություն…Իհարկե նման դիրքորոշման մեջ համոզված մեծամասնությունը այս հարցերի պատասխանները չգիտի… Ինչևէ, «բարոյականություն» հասկացության վերաբերյալ շատ հասարակություններում  գերիշխում է տրամաբանության տեսանկյունից առնվազն ծիծաղելի մոտեցում:

Սեքսուալ ակտիվությունը ինքնին նույնքան ցուցանիշ չի մարդու  բարոյականության, որքան քնկոտությունը, շատակերությունը, շատախոսությունը և այլ պարզ հատկանիշներ, որոնք վկայում են մարդու ոչ թե բարոյականության աստիճանի մասին, այլ ուղղակի իրենցից ներկայացնում են օրգանական հակվածության կամ նախասիրության հարց:  Ցանկացած երևույթ բարոյականության շղարշի ներքո գնահատելու համար  անհրաժեշտ է հաշվի առնել ողջ համատեքստը: Եթե խոսենք վերոնշյալ պարզապես օրինակ բերված երևույթների մասին, ապա սեքսուալ  գործողությունը ակնհայտ անբարոյականության դրսևորում է, եթե այն կատարվում է անձի կողմից,  ով տառապում է վեներական հիվանդությամբ  և իմանալով այդ մասին` թաքցնում է դա  իր զուգընկերոջից, քնկոտությունը բերում է անբարոյականության, եթե մարդը քնում է աշխատանքի ժամին` դրանով իսկ վնասելով կազմակերպությանը, անբարոյականություն կարող է լինել սննդի օգտագործումը, եթե հղի կինը ուտում կամ խմում է որևէ բան, որը վնասում է իր երեխային(իմանալով այդ մասին), ասված խոսքը կարող է լինել պարզ անբարոյականության դրսևորում, եթե այդ խոսքով մարդը բացում է իրեն վստահված գաղտնիքը և շատ այլ դեպքերում:

Յուրաքանչյուր գործողություն բարոյականության տեսանկյունից կգնահատվի առնվազն միակողմանիորեն, եթե դիտարկենք այն կոնտեքստից դուրս: Անգամ ինքնին  անբարոյական գործողությունների  (սպանություն, գողություն, սուտ)  բարոյական լինելու խնդիրը  որոշակի կոնտեքստում կարող է հարցականի տակ դրվել:

Ընդհանրացնելով նշում եմ, որ գործողությունը դիտարկվում է որպես անբարոյականության դրսևորում, միայն եթե այն տվյալ կոնտեքստում  անխուսափելի չէ և ուղեկցվում է անմիջական և գիտակցված վնասի պատճառմամբ այլ մարդու:

Եթե նորից անդրադառնանք սեքսուալության ոլորտին, որը հասարակական  գիտակցության մեջ տրամաբաանորեն անբացատրելի պատճառներով ամենասերտորենն է կապված բարոյականության երևույթի հետ, կարող եմ ասել, որ սեքսուալ գործողությունը, որը կատարվում է մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ, չի ուղեկցվում  նրանցից որևէ  մեկի կողմից սուտ կամ թաքցված ինֆորմացիայով  և մասնակիցների կողմից գիտակցված կերպով  անմիջականորեն չի վնասում այլ անձանց անբարոյական լինել չի կարող:

Հետաքրքիր է նաև այն, որ սեքսուալության ոլորտում  բարոյականության տեսանկյունից անբավարար գնահատվում է հիմնականում կանանց վարքը: Ինչքան հաճախ ենք լսում անբարոյական կին արտահայտությունը, իսկ անբարոյական տղամա՞րդ… Արդյո՞ք հաճախ ենք լսում: Իմ անձնական դիտարկումները թույլ են տալիս ճիշտ հակառակ  եզրահանգմանը գալ. հայ հասարակությունում սեքսուալության ոլորտում հենց տղամարդկանց վարքը  ոչ միշտ կարելի է բարոյական համարել: Չէ՞որ տղամարդիկ են հիմնականում բռնաբարում, տղամարդիկ են համոզում իրենց հետ ունենալ սեքսուալ հարաբերություններ` տալով սուտ խոստումներ կամ ձևացնելով, որ սեքսուալության ոլորտում ավանդական կարծրատիպերից ազատ մտածողություն ունեն, այնինչ իրականում հանդիսանում են ավանդական գաղափարների կրողներ և վերարտադրողներ, տղամարդիկ են սեփական սեքսուալ զուգընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալիս` ելնելով այդ նույն ավանդական կարծրատիպերից` համարելով նրան «փչացած»  միայն իրենց զուգընկերը լինելու պատճառով, տղամարդիկ են ամենից հաճախ բավարարում իրենց սեքսուալ պահանջմունքները` չարաշահելով պաշտոնական դիրքը և այլն:  Այս ամենը շա՞տ բարոյական է:

Ասածովս ամենևին գենդերային խտրականության հարց չեմ բարձրացնում, քանզի եթե առկա իրավիճակում կինը զոհ է , ապա հենց նա էլ առաջին մեղավորն է, քանի որ բարոյականություն հասկացության վերաբերյալ թյուր պատկերացումները բնորոշ են  ողջ հասարակությանը` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Եվ կինը, որը բարոյականության որևէ նորմ չի խախտել, սեքսուալության ոլորտում հասարակական   գիտակցության մեջ առկա հիմար պայմանականություններին չհետևելու պատճառով իրեն անբարոյական է զգում և համարում: Եվ նման իրավիճակում կնոջ վարքը ծանր հանցագործություն կատարած մարդու պահվածք է հիշեցնում` բնորոշվող մեղքի, գուցե և ամոթի զգացումով, ցածր ինքնագնահատականով  և սեփական գործողությունները   միանշանակորեն թաքցնելու ձգտումով… Այո, շատերը փորձում են հենց թաքցնել իրենց    «հանցավոր գործողություննեը», քանի որ իրենք ևս կիսում են բարոյականության և անբարոյականության հարցերի շուրջ  հասարակութունում առկա գաղափարները, որոնց շղարշի ներքո սեփական «ակնհայտ անբարոյական» պահվածքը անիմաստ են համարում արդարացնել: Իսկ նշված «անբարոյական» պահվածքը թաքցնել չհաջողվելուն հետևում են տարբեր արձագանքներ` կախված մարդու հոգեկան խառնվածքից. կարող է լինել օրինակ ագրեսիա, որը ինչպես հայտնի է պաշտպանվելու միջոց է հանդիսանում, կամ էլ, ինչն էլ ավելի հաճախ է հանդիպում` մեղքի ընդունում  և ներեղության խնդրում, բայց ինչի՞ համար… Ինչպիսին էլ  լինի արտաքին  պահվածքը, հիմքում միևնույնն է ընկած է  ստորացված լինելու զգացումը, ցածր ինքնագնահատականը  և հետևաբար նման ներքին դիրքորոշումներ ունեցող մարդը այդպիսին էլ ներկայացնում է իրեն հասարակությանը, ինչը բոլորովին չի արագացնում  հասարակական ընկալումների փոփոխման և ռացիոնալացման գործընթացը:

Անբարոյական է մարդը, որը որևէ բան է խոսք տալիս և մոռանում է իր խոստումի մասին, այն մարդը, ով իր գործողություններում առաջնորդվում է բացառապես սեփական եսասիրական շահերով` նույնիսկ եթե դրանով գիտակցորեն ցավ է պատճառում այլ մարդկանց, ինչը տվյալ իրավիճակում անխուսափելի չի, իր հաճույքների բավարարման համար խափանում ուրիշների հոգեկան աշխարհը: Նման կենսակերպ ունեցող մարդը միանշանակորեն անբարոյական է, անգամ եթե նա կին է և կույս: Իսկ կինը, որը օրական «10» տղամարդու հետ սեքսուալ հարաբերություններ է ունենում, սակայն ոչ մի մարդու հոգեկան, ֆիզիկական կամ այլ անմիջական վնաս չի պատճառում  անբարոյական համարվել չի կարող:

Այսպիսին է իմ մոտեցումը բարոյականություն հասկացության վերաբերյալ: Իհարկե այս հասկացությունը փոքր ինչ  սուբյեկտիվ է, և յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ուրույն մոտեցումը , նույնիսկ եթե այն յուրահատուկ է, բնորոշ է միայն իրեն… Սակայն չմտածել այս հասկացության էության շուրջ  և անընդհատ կիրառել այս բառը` խորին համոզվածությամբ և վստահությամբ  մատնանշելու համար այս կամ այն երևույթը   առնվազն անլրջություն եմ համարում, մարդկային պրիմիտիվության և միջակության ակնհայտ չափանիշ:  Սրանք հատկանիշներ են, որոնք բնորոշ են մարդկային  հասարակության և մարդկային հասարակությունների մեծամասնությանը… Այո, սահմանափակ մտածողությունը և միջակությունը գերակշռում է մարդկային յուրաքանչյուր հասարակությունում: Նշում եմ սա սրտացավորեն, քանի որ շուրջս ամենուր ուզում եմ տեսնել ինքնուրույն մտածող անհատների, բայց դժվարանում եմ պատկերացնել այդպիսի մարդկանց մեծամասնություն ունեցող հասարակություն…Չգիտեմ անգամ եթե արհեստականորեն ձևավորվեր այդպիսի հասարակություն ինչպիսի ճակատագիր կունենար այն և նրա յուրաքանչյուր մասնիկն առանձին. առողջ զարգացում կապրեր, թե՞շուտ կկործանվեր… Չգիտեմ, բայց կարծում եմ կտիրեր աննկարագրելի քաոս, սակայն սա արդեն խոսակցության ուրիշ թեմա է…

Реклама

«Բարոյականություն», թե՞…: 4 комментария

  1. Մարմինը գետնին փռված շոր չէ, որ ամեն անցորդ ոտքերը մաքրի վրան: Հոգու մաքրությունը պահանջում է նաև մարմնի մաքրություն, մտքերի մաքրություն սրտի և լեզվի մաքրություն: Ամեն լավը մեր մեջ Աստծուց է, վատը` նյութական աշխարհի հետ անմաքուր ցանկությյունների կապից:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.