Դերից դուրս

www.diary.ru
http://www.diary.ru

Գործողությունների տեղի ունենալու վայրը, հանգամանքները  և իրավիճակը պայմանավորող տարաբնույթ գործոնները թողնում եմ Ձեր երևակայությանը: Միայն ասում եմ հերոսների անուններն ու մոտավոր տարիքը` Հրաչ (մոտ քառասուն տարեկան)  և Դավիթ (մոտ քառասուն տարեկան), իսկ մնացած հարցերի շուրջ մտածեք ինքնուրույն: Լուծում ևս չեմ տա. ավարտը թողնում եմ Ձեր կամքին:

Եվ եթե այն, ինչ ներկայացնում եմ, Ձեզ մոտ առաջացնի այս և այլ հարցերի շուրջ մտածելու ցանկություն, ես աշխատանքս հաջողված կհամարեմ…

Հրաչ   Գիտես ի՞նչ եմ մտածում: Մտածում եմ արդարության մասին. կա՞ արդարություն աշխարհում: Կյանքիս ընթացքում շատ չեմ մտածել նման թեմաներով և առհասարակ շատ մտածել ես չեմ սիրում, քանի որ ոչ մի դրական ապրում դրանից ես չեմ ստանում: Ուղղակի հիմա… Հիմա ունեմ ժամանակ (շատ) և ակամա մտքեր են գալիս, ու չկա զբաղմունք: Էդ պատճառով էլ մտածում եմ:

Դավիթ  Իսկ ես միշտ եմ մտածել, շատ էլ մտածել եմ, հիմա էլ եմ մտածում, բայց ոչ արդարության, կյանքի , մահի  կամ նման հարցերի շուրջ: էդ մտքերից մեզ օգուտ չկա. քեզ էլ խորհուրդ չէի տա…

Հրաչ  Օգու՞տ:  Ինչի՞մասին ես խոսում: Մեզ օգուտ ընդհանրապես ոչինչից չկա. մնում  է մի բան` ուղղակի ավելի լավ անցկացնել մնացած ժամանակը: Չնայած «լավ» բառը շատ հետաքրքիր է հնչում, այն էլ «ավելի»…( ծիծաղում է)

Դավիթ  Դե, անցկացրու լավ…Տեսնենք, թե ոնց է քեզ հաջողվում: Այ այս պայմաններում «լավ» բառը պակաս տեղին է, քան «օգուտ»-ը… Գուցե կա ելք, մի բան կարելի է մտածել, որ մեր վիճակը լավացնենք. հենց դա էլ մեզ օգտակար կլինի…Դե մտածելը էդ մասին ի նկատի ունեմ. իսկ այստեղ, այս պահին, առանց ոչինչ փոխելու լավ լինել չի կարող…Է, չգիտեմ…

Հրաչ   Հա, եղբայր, սկսեցիր փիլիսոփայել, հետո էլ ինձ ես ասում…

Դավիթ   Դե լավ, վերջացրու: Իրոք պետք է մտածել, թե այստեղից ոնց դուրս գալ: Ուղղակի սովորական իրավիճակ չի, ու իմ բոլոր միջոցները պրոբլեմներ լուծելու այս դեպքում չեն ազդի: Տարօրինակ է ինձ համար հայտնվել իրավիճակում, որից դուրս գալու ելք չեմ գտնում: Ես միշտ, անգամ ամենաբարդ իրավիճակներում, կարողացել եմ պրոբլեմներս լուծել` ցանկացած միջոց օգտագործելով, ու հիմնականում գոհ եմ եղել իրավիճակից, գոհ եմ եղել ինքս ինձնից:  Իսկ հիմա միջոց չեմ գտնում: Ու մի բան էլ է տարօրինակ. էն, որ քեզ անկեղծ ասում եմ դա: Երևի թե գիտեմ, որ արդեն կորցնելու բան չունեմ:

Հրաչ  Խոսա, խոսա, կիսվի…Այսօր տրամադրված եմ քեզ լսելու: Ասեմ, որ սովորաբար ես  էլ լավ զրուցակից չեմ, քանի որ  ուրիշների կյանքի պատմությունները, նվնվոցները լսելը ինձ ամենևին էլ հաճույք չի պատճառում, հետաքրքիր էլ չի ինձ համար: Բայց դու խոսա: Այսօր ամեն ինչ ուրիշ է.ես ուրիշ եմ, իրավիճակը ուրիշ է, դու էլ ես ուրիշ, ինչքան էլ չես ուզում դա ընդունել ու ինչպես միշտ իրավիճակին օպտիմալ լուծում ես ուզում գտնել ակնհայտ անելանելիության մեջ:

Դավիթ  Չէ, ես խոսելու բան չունեմ:

Հրաչ   Դե այդ դեպքում արի խոսենք թեմայով, որը ես կառաջարկեմ: Մեկ է քո ասած ավելի «օգտակար» գործերով, քան խոսելն է հիմա չենք կարող զբաղվել:

Դավիթ  Դե լավ, ասա

Հրաչ    Արի խոսենք արդարության մասին. հավատու՞մ ես, որ կա արդարություն աշխարհում:

Դավիթ   Արդարությա՞ն մասին… Շատ վերացական բան ես ասում. կա երևի ինչ-որ արդարություն:

Հրաչ  Եթե կա ուրեմն մարդիկ պատասխան են տալիս իրենց մեղքերի համար, չէ՞: Այդ դեպքում դու էլ, հասկանում ես, ինչ-որ բանի համար պատասխան ես տալիս…

Դավիթ Հիմարություն… Ես միշտ էլ ճիշտ եմ ապրել. այնպես, ինչպես հնարավոր է այս աշխարհում գլուխդ պահելու համար: Հրեշտակ պարզ է, որ չեմ եղել, բայց աշխարհն էլ դրախտ չի, որ հրեշտակ լինելով, գոյատևես:

Ու եթե քո ասածով շարժվենք, դու էլ պետք է, որ լուրջ  սխալներ գործած լինես:

Հրաչ  Ես էլ հրեշտակ չեմ, բայց դե դա իմ էությունն է: Աստված ինձ այդպիսին է ստեղծել:  Ես ուղղակի երբեք չեմ կարողացել ու չեմ էլ ուզել փոխել էությունս. դա բնական չի, ու եթե իմ էությունից որոշ իրավիճակներում որոշ մարդկանց լավ չէ, մեղավորը ես չեմ: Կարգն է, ու միգուցե նաև նրանք, ովքեր տուժել են  ինձնից պակաս մեղավոր չեն, քանի որ իմ էությունից նրանց տուժելու անմիջական   պատճառը իրենց էությունն է:

 Դավիթ  Ինչի ես տենց արդարանու՞մ: Ու՞մ առաջ ես մեղավոր, ո՞վ է տուժել:  Կարող ես չպատասխանել, ուղղակի թեման դու բացեցիր:

Հրաչ   Բոլորը: Չէ, շատերն են տուժել, բայց ես մեղավոր չեմ եղել, քանի որ ես ոչ մեկին երբեք ոչ մի վատ բան չեմ ցանկացել, դիտմամբ ոչ մի վատություն չեմ արել, ընդհանրապես չեմ արել, պարզապես ստացվել է…

Օրինակ` ծնողներս. հա, ես վատ զավակ եմ եղել. այն չեմ եղել, ինչ նրանք են ուզել, բայց մեղավ՞ր եմ, որ այսպիսին եմ. այնպիսին չեմ, ինչպիսին նրանք են ուզել: Նրանք ուզել են, որ դառնամ լավ մասնագետ որևէ բնագավառում, ունենամ ընտանիք, լինեմ լավ հայր…Էն, ինչ բոլոր ծնողներն են ուզում, բայց ես դրանցից ոչ մեկին էլ չհասա: Չեմ կարողացել  իրենց փոխհատուցել ոչինչով, իսկ նրանք լավ ծնողներ են եղել` ուշադիր, արել են ինձ համար ամեն ինչ: Իսկ ես…Ես հետագայում էլ չեմ կարողացել օգնել նրանց նյութապես, ոչ էլ ուշադիր եմ եղել նրանց հանդեպ, հազվադեպ եմ այցելել նրանց, քիչ եմ զանգել… Անընդհատ էդ ամենը վաղվան եմ հետաձգել, բայց երբեք չեմ  ուզեցել նրանց ցավ պատճառել, բայց ցավոք այդպես ստացվել է. ես շատ եմ ցավ պատճառել նրանց իմ անտարբերությամբ, իմ վարքով, ամաչացրել եմ իմ արարքներով: Ես ընդամենը արել եմ այն, ինչ  ուզել եմ, իսկ նրանք… Նրանք տանջվել են, ու մեղավորը ես եմ:

Դավիթ  Հա, դու արել ես այն, ինչ ուզել ես, իսկ ես միշտ արել եմ այն, ինչ պետք է:

Հրաչ  Ի՞նչ պետք է: Իսկ ու՞մ է պետք:  Քեզ է պետք, թե՞` նրանց:

Դավիթ Ու՞մ նրանց:

Հրաչ   Ծնողներիդ….Ծնողների մասի՞ն չենք խոսում:

Դավիթ  Անում եմ այն, ինչ պետք է իմ նպատակներին հասնելու համար` միշտ:

Հրաչ   Քո նպատակներին հասնելու համար. այսինքն`այն, ինչ քեզ է պետք:

Դավիթ  Գիտես իմ ծնողներին և ընդհանրապես նրանց, ում համար ես թանկ եմ,  իմ նպատակները ևս ձեռնտու են …Էնպես որ և էն, ինչ ինձ է պետք, և էն, ինչ նրանց է պետք: Դա համընկնում է:

Չնայած դրան ու այն բանին, որ ես ծնողներիս հետ երբեք վատ չեմ վարվել, նրանք էլ երբևէ ինձանից գոհ չեն եղել…Ես հասել եմ նրան, ինչը քո ասելով բոլոր ծնողներն են ցանկանում իրենց երեխաներին` ունեմ լավ աշխատանք, ընտանիք, երեխաներ, բավական բարձունքների եմ հասել իմ բիզնեսում. փողից ծնողներս բողոքել չեն կարող, ես նրանց ապահովում եմ:

Հրաչ  Իսկ ինչի՞ց են դժգոհում… գուցե ուշադիր չե՞ս եղել նրանց  նկատմամբ:

Դավիթ  Ուշադի՞ր… Չէ, ուշադիր չեմ եղել, որովհետև ժամանակ չեմ ունեցել ուշադիր լինելու: Նրանց ուզածի չափ ժամանակ չեմ ունեցել, քանի որ աշխատել եմ. իմ աշխատանքից տարիներ շարունակ մի վայրկյան ուղեղս չի հանգստացել:

Իսկ նրանք միշտ վիրավորված են եղել ինձանից, մտածել են, որ ամաչում եմ իրենցից, իմ հասարակ ծագումից… Չէ, չեմ ամաչել, բայց որոշ տեղեր պետք է  ուղղակի այլ կերպ ներկայանալ, պետք չէր ներկայացնել նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Կյանքը դնում է մեր առջև պահանջներ, որոնք վաղուց սահմանված են, ու մենք  փոխել չենք կարող… Իսկ եթե ես այդ պահանջներին չենթարկվեի  չէի  ունենա այն, ինչ ունեմ այսօր: Դրանից ո՞վ կշահեր:

Հրաչ  Հա հա հա  (ծիծաղում է) Ունես այսօ՞ր… չեմ կարծում, որ դու այսօր ինչ-որ բան ունես:

Դավիթ  Ես այս պահի մասին չեմ խոսում, այլ ընդհանրապես…Մի ծիծաղի, վերջ տուր  (Հրաչը լռում է) :

Դավիթը տխրեց, ձայնը ցածրացավ ու շարունակում է:

Ունեմ, ես շատ բան ունեմ: Ունեմ այն բաները, որոնց շատ շատերն են ձգտել, երազել, բայց չեն հասել: Շատերը, ովքեր իմից լավ ընտանիքներից են եղել, ի սկզբանե ավելի շատ հնարավորություններ են ունեցել: Ու այդ ամեն ինչի համար ես պարտական եմ  ոչ թե բախտին կամ ուրիշ մարդկանց, այլ ինքս ինձ, իմ խելքին, իմ կողմնորոշվելու ունակությանը: Ես երկար ճանապարհ եմ անցել  դառնալու համար հաջողակ բիզնեսմեն, ունենալու համար փող, բավականին շատ փող: Շատ դժվար իրավիճակներ են եղել, որոնք ես հաղթահարել եմ, գտել եմ միջոց, ցանկացած միջոց, իսկ շատերը իմ փոխարեն ուղղակի կհանձնվեին:

Հրաչ   Ոչ մեկին երբեք չե՞ս նեղացրել: Մարդկանց վրայով չես անցել` հարթելու համար այդ խոչընդոտները, որոնց պարագայում ուրիշները կհանձնվեին:

Դավիթ  Ուրիշ ձևով հնարավոր չէր… Եղել են դեպքեր…

Հրաչ   Օրինա՞կ

Դավիթ   Էդպես մի նայի: Աչքերիդ մեջ տեսնում եմ, որ ուզում ես լսել, թե ինչ ծանր հանցագործություններ եմ արել ես, ինչ դաժան ու վատ մարդ եմ` ինքդ քեզ արդարացնելու համար: Այո, քեզ ու այն, որ դու ոչինչի չես հասել,  իբր թե դու «ազնիվ ու լավն ես», ու դա է պատճառը: Չէ, մարդ ես չեմ սպանել, ոչ էլ ինչ-որ ծանր հանցագործություն եմ արել…Հա, պահ է եղել աշխատակցիս եմ մատնել. դա պետք էր իմ առաջխաղացման համար, ստել եմ, տվյալներ եմ կեղծել` իմ գործերի հաջողության համար, մարդկանց իրար դեմ եմ տրամադրել, քծնել եմ, ում պետք է ու միշտ բծախնդրորեն եմ ընտրել մարդկանց այն շրջանակը, ում հետ արժե շփվել, և հեռու եմ մնացել նրանցից, ումից որևէ օգուտ երբևէ չեմ կարող ունենալ: Մի խոսքով արել եմ շատ փոքր բաներ համեմատած իմ նպատակների հետ. ընդամենը գործողություններ, որոնք իրավիճակն է պահանջել:

Հրաչ  Դու շահամոլ ես, շատ…

Դավիթ   Մի քննադատի. չեմ կարծում, թե դու ինձնից լավն ես: Ի՞նչ ես դու կյանքում արել, ի՞նչ ես ունեցել ու ի՞նչ ես ուզել…Հա՞

Հրաչ   Ես ել եմ ունեցել լավ աշխատանք, բարձր պաշտոն, հեղինակություն: Շատ էի ուզում այդ գործը, հեղինակությունն ու պաշտոնն էի ուզում ու ունեցա, բայց ոչ թե խաբելով ու քծնելով, այլ ինձ օգնեցին, ուղղակի հայրս լավ շրջապատ ուներ և…

(Դավիթը քմծիծաղեց )

Մի տարի աշխատեցի, վայելեցի  էն, ինչին ձգտել եմ, իսկ հետո… Հետո այդ ամենը ուղղակի կորցրեցի: Պարզապես եկավ պահը, երբ ես ձանձրացա, ձանձրացա ամեն ինչից` նույնիսկ փառքից: Ուղղակի հոգնեցի… Ու դուրս եկա աշխատանքից:

Դավիթ Իսկ հետո՞

Հրաչ  Հետո` ոչինչ:

Դավիթ Իսկ հետո հայրիկդ էլ չկարողացա՞վ օգնել քեզ. դե գտնել ուրիշ աշխատանք, որից Ձերնդ մեծությունը դեռ չէր ձանձրացել:

Հրաչ  Ոչ… Իմ բախտը էդ հարցում չբերեց: Երբ ես թողեցի գործս շատ անհարմար իրավիճակ էր , շատ պատասխանատու գործ կար անելու, ու կազմակերպությունը ծայրահեղ վատ վիճակում հայտնվեց, շատ կորուստներ ունեցավ:  Բացի այդ իմ գնալուց առաջ արդեն շատ էր հասցրել հիասթափեցնել ղեկավարությանը: Առաջին 2 ամիսը աշխատում էր հաճույքով, ճիշտ էի անում ամեն ինչ, իսկ հետո երբ այդ գործը ու դրանից իմ ունեցած դրական էմոցիաները ինձ համար շատ սովորական մի բան դարձան, վարքս անկախ ինձնից փոխվեց. դարձա մոռացկոտ, ուշանում էի աշխատանքից , եղել է, որ հերթական բուռն գիշերվանից հետո` հագեցած խմիչքով , կանանցով և ամեն անգամ միանման և միևնույն ժամանակ տարբեր զվարճանքներով, չկարողանամ աշխատանքի գնալ հաջորդ օրը:  Ու իմ նման պահվածքով շատ անհարմարություններ եմ պատճառել կազմակերպությանը: Ես շատ լավ գիտակցում էի, որ այն, ինչ կորցնում եմ մեծ բան է իրականում, բայց ինձ համար այդ պահին մեծ բան չէր, քանի որ ես ձանձրացել էի, ինձ այդ ամենը էլ չէր հետաքրքրում` ոչ պաշտոնը, ոչ հեղինակությունը, իսկ փող… Փողի պակաս այդ տարիներին ես դեռ չէի զգացել, քանի որ ծնողներս ամեն ինչ անում էին ինձ համար:  Ու մի օր ինձ համար էլ բավականին անսպասելի ու կտրուկ ձևով  մեր գործի համար ամենապատասխանատու ժամանակահատվածում թողեցի ու դուրս եկա առանց որևէ բացատրության կամ ներեղության, իսկ դա ինձ չներվեց: Էլ ինձ ոչ այդտեղ, ոչ էլ ուրիշ տեղ գրկաբաց չէին սպասում: Հայրս էլ, էլ երես չուներ իմ համար որևէ բան անելու:

Դավիթ  Գիտես, քանի որ դու հաճույքների հետևից ես վազում լրիվ տրամաբանական է , որ շուտով պետք է ձանձրանայիր այդ գործից  ու ցանկացած բանից, քանի որ նույնիսկ ամենամեծ հաճույքը օգտակարության նվազման գործակից ունի:  Հասկանու՞մ ես  անգամ ամենալավ բանից հա նույն հաճույքը ստանալ չես կարող… Հաճույքի մեջ անընդհատ նորն ու ավելին է պետք: Ու քո համար կայունություն գոյություն չունի:  Բայց ես չեմ հասկանում դու չէի՞ր կարող մի քիչ մտածել, մի բան հորինել, ավելի հարմար պահի  ու ավելի հարմար ձևով դուրս գալ այդ կազմակերպությունից…

Հրաչ Չէ, ապասել ավելի հարմար պահի ես ի վիճակի չէի: Չէի կարող, չէի ուզում, գործս ինձ էլ չէր բավարարում, բացատրություններ տալու էլ ոչ մի ցանկություն չունեի… Ու հետո այդքան խորը այդ ամենի մասին չեմ էլ մտածել:

Դավիթ   Հա, հենց ուզեցիր, թքեցիր ամեն ինչի վրա, բոլորի վրա ու գնացիր: Դե իհարկե դու շահամոլ չես, դու լավն ես…Իսկ արդյունքում ու՞մ ինչ լավություն արեցիր… Ոչ մեկին: Դավաճանեցիր կազմակերպությանը ու հորդ`մարդկանց, ովքեր քեզ միայն օգնել են: Գիտե՞ս որն է մեր տարբերությունը. ես, եթե անգամ իմ ճանապարհին կործանում եմ, ապա միայն ինձ համար նշանակություն չունեցող մարդկանց ու դա անում եմ անհրաժեշտությունից դրդված, իսկ դու անում ես դա ում հետ որ պատահի, առանց մտածելու ու զուտ քմահաճույքներիդ համար:

Հրաչ  Վերջացրու,  տենց չի: Տարբերությունը լրիվ ուրիշ բանում է: Ուղղակի դու չարությունը անում ես գիտակցված, հասկանալով, իսկ ես ուղղակի ապրում եմ…Իմ համար ապրում եմ հասկանու՞մ ես առանց որևէ մեկին ձեռք տալու ու եթե դրանով վատություն եմ անում դա ընդամենը կողմնակի հետևանք է: Ես դա անում եմ չմտածելով, չպատկերացնելով ու չհասկանալով, որ դրանից ինչ-որ մեկին վատ կլինի:

Դավիթ   Չէ, իհարկե տենց չի: Դու ոչ թե չես հասկանում, այլ քեզ  համար ուղղակի միևնույնն է : Դու չես ուզում հասկանալ, իսկ դրանք լրիվ տարբեր բաներ են:

 Եղել են քո կյանքում հարազատ մարդիկ, որոնց մասին ևս մտածես, բացի քեզանից ուրիշ որևէ մեկի մասին մտածե՞լ ես:

Հրաչ  Ընտանիք չեմ ստեղծել, եթե դա ի նկատի ունես…

Դավիթ   Գիտես, կարծում եմ, որ ճիշտ  էլ արել ես…Ընտանիքը քո բանը չի:

Հրաչ   Ես չեմ արել դա ոչ այն պատճառով, որ ինչպես ասեցիր դա իմ բանը չէ, այլ ուղղակի չի ստացվել… Ես սիրել եմ, ունեցել եմ ուժեղ զգացմունքներ, բայց այնքան հարթ ամեն ինչ չի ընթացել: Ուղղակի  հավերժական սեր ինձ բաժին չի հասել: Ունեցել եմ բազմաթիվ կանայք, որոնց հետ ապրել եմ քիչ թե շատ ժամանակ, այնքան ժամանակ,  մինչ սիրել եմ նրանց, եղել եմ երջանիկ, նրանց էլ եմ երջանկություն պարգևել…Ինձ էլ են սիրել` ուժեղ:

Նունիսկ ամուսնացած եմ եղել: Կնոջս հետ ապրել եմ երկու տարի. ավելի չկարողացա, մեր հարաբերությունների կյանքն այդքան էր…. Նա ինձնից պահանջում էր այն, ինչը ես այլևս ի վիճակի չէի նրան տալու, իսկ ես խեղդվում էի նրա պահանջներից:

Հա, ունեմ երկու երեխա, երկուսի մայրերն էլ ինձ շատ են սիրել  ու թեև նրանց հետ ամուսնանալ չեմ խոստացել, երկուսն էլ որոշել են ծննդաբերել, ցանկացել են ունենալ երեխա ինձնից…Գիտես, որ դա Հայաստանում հեշտ բան չէ:

Ես ինձ համարում եմ հաջողակ տղամարդ թեև ընտանիք չունեմ, բայց դա չի կարևորը ոչ սիրո մեջ, ոչ էլ ընդհանրապես կյանքում: Ես հաջողակ եմ, քանի որ ինձ սիրել են այնպես, ինչպես քչերին են սիրել, ուղղակի ցավոք նրանք շատ են տառապել:

Դավիթ  Իսկ այն, որ նրանք տառապել են քեզ շա՞տ է մտահոգում:

Հրաչ   Չէ, շատ չի մտահոգել, քանի որ ես մեղավոր ինձ չեմ համարել… Ես միշտ նրանց հետ անկեղծ եմ եղել… Սիրել եմ, հաճույք եմ ստացել ու հաճույք եմ տվել:  Ու մեղավոր չեմ, որ սիրո բնույթն է այդպիսին: Ոչ ոք մեղավոր չի, որ սերը անցնում է, ու դա հնարավոր չի ոչ կանխատեսել ոչ էլ կանխարգելել: Այն գալիս է, գնում է, գալիս է նոր սերը. այդպիսին   է իրերի դասավորությունը ու դա մենք փոխել ի զորու չենք, թեև պետք էլ չի: Կյանքը  գեղեցիկ է այնպիսին, ինչպիսին այն կա, ու եթե բնությունը այդպիսին է ստեղծել այդ չքնաղ զգացմունքը` սերը, պետք է այն վայելել հենց այդպիսին` մինչև վերջին շունչը, ինչքան որ հնարավոր է…

Դավիթ  Խղճում եմ այն կանաց, ում հանդիպել ես, փիլիսոփա… Իսկ երեխաներդ…Շփվում ե՞ս նրանց հետ, օգնու՞մ ես նրանց ֆինանսական ապահովման հարցում, թե այդ հարցերում էլ քեզ բնորոշ  յուրահատուկ փիլիսոփայություն ես մշակել:

Հրաչ  Դե երեխաներիցս մեկը հիմա ուրիշ հայր ունի, Անին` մայրը, ամուսնացավ, քանի դեռ աղջիկս 2 տարեկան էր  ու երեխաս նրան է որպես հայր ճանաչում: Ես նրանց մասին շատ տեղեկություններ չունեմ: Հնարավոր է Հայաստանում էլ չլինեն: Իսկ Ժաննայի` իմ մեծ աղջկա հետ հանդիպում եմ, դե հազվադեպ… Իսկ ֆինանսական օգնության մասին ինչի՞ ես հարցնում: Երբեմն նվերներ անում եմ, բայց դե գիտես, որ ինձ էլ հեշտ չէ: Ես ոմանց պես հաջողակ բիզնեսմեն չեմ , ու հիմա ինձ փողը շատ է պակասում:

   Դու կարող է չհասկանաս ինձ. մենք շատ տարբեր ենք բոլոր հարցերում:

Դավիթ   Հա, մենք շատ տարբեր ենք. դու ընտում ես ամեն ինչում հեշտ ուղին, անում ես կյանքում  այն, ինչ ուզում ես ու հետո քո վարքը արդարացնող ինչ-որ տեսություններ ես հորինում  ու վերջ… Իսկ ես նախ ունեմ նպատակներ ու սկզբունքներ  ու հասնում եմ իմ նպատակներին, ինչքան էլ դա դժվար լինի… Ես անում եմ այն, ինչ պետք է, դու` ինչ-որ ուզում ես այդ պահին: Քո միակ կուռքն ու նպատակը պահի հաճույքներդ են: Եթե բոլորը քո նման ապրեին, աշխարհը երբեք առաջ չէր գնա, երբեք:

Հրաչ    Իսկ եթե քո պես ապրեին. մտածե՞լ ես, թե ուր կգնար աշխարհը, եթե քո պես ապրեին… Երևի չես մտածել, ու Փառք Աստծո, որ մարդիկ տարբեր են: Հենց դրա շնորհիվ էլ ներդաշնակություն կա աշխարհում:

Քննադատում ես ինձ ու իմ մոտեցումը կյանքին, բայց արդյոք քո կյանքում ամեն ինչ հարթ է, արդյոք դու այնքան լավն ես, որ ոչ մեկին ցավ չես պատճառում, արդյոք միշտ սիրել և մինչև հիմա սիրում ես կնոջդ:

Դավիթ  Ես ամուսնացել եմ այնպիսի կնոջ հետ, ում հետ երբեք չեմ բաժանվի` անկախ նրանից սիրում եմ նրան, թե չէ: Իսկ երեխաներիս համար անում եմ ամեն ինչ:

Հրաչ  Ուրեմն չես սիրում:

Դավիթ   Հա, միգուցե…Բայց ես էլ գիտեմ սերն ինչ բան է:

Հրաչ  Չես սիրում  … Ու ամուսնացել ես… Շահի համար: Այդ դեպքում, եթե սիրես ուրիշին… Ավելի ճիշտ ուզում էի ասել, եթե հանդիպես մեկին, ում հետ ավելի ձեռնտու կլինի քեզ ապրել, քան  ներկայիս կնոջդ հետ, ի՞նչ կանես

Դավիթ  Շատ քիչ հավանական բան ես ասում…Չգիտեմ ինչ կանեմ, բայց արի խոսենք այն մասին, ինչ եղել է, ոչ թե ինչ կարող էր լինել… Իսկ եղել է այն, որ կինս միշտ էլ երջանիկ է եղել, ունեցել է ամեն  ինչ. ամուսին ի վերջո, որը իրեն ինչ էլ պատահի չի լքի: Իսկ ի՞նչ են ունեցել քո կանայք, ինչ օգուտ է նրանց եղել քո սիրուց. մի քանի վայրկյան հաճույք, հետո` հավերժ ցավ ու տառապանք… Քո սերը ոչ մեկին պետք չի: Ի վերջո ում սիրուց օգուտը մեծ չի, մեծ չի նաև վնասը նրա անտարբերությունից…

Հրաչ   Ես իմ կանանց հետ միշտ էլ անկեղծ եմ եղել, իսկ դու… Դու հաստատ անկեղծությամբ պարծենալ չես կարող: Դու պարզապես շահի մարդ ես`ամեն ինչում հաշվենկատ, ու քո կուռքն էլ շահերն են:

Դավիթ   Գիտես, ճիշտ ես ասում… Բայց իմ շահերն ու մտերիմներիս շահերը նույնն են , ընդհանուր են և նրանից, որ ես շահի մարդ եմ մոտիկներս միայն շահում են… Իսկ  հաճույքի երևույթը խիստ անհատական է իր բնույթով, և ապրում ես դու ու գործում ես միայն քո համար: Ճիշտ չե՞մ ասում: Տես. ծնողներիդ համար վատ զավակ ես, կանանց համար` ցավ պատճառող տղամարդ, երեխաներիդ համար` ընդհանրապես հայր չես, կազմակերպության վատ աշխատակից… Ու դու ասում ես, որ նրանց բոլորին էլ սիրում ես, համենայնդեպս վատը չես կամենում ու չես ատում… Քո սերը նույնն է, ինչ սովորական մարդկային անտարբերությունը, իսկ դա ամենավտանգավոր զգացմունքն է, քանի որ նրանից, ով քեզ չի սիրում, ատում է, դու միշտ սպասում ես ամենավատն ու զգուշանում ես, իսկ նրան, ով հարազատ է քեզ ու պետք է որ քեզ սիրի դու վստահում և միայն  լավն ես սպասում, և ամենամեծ հիասթափությունը  ու ցավը հենց այդ մարդու անտարբերությունն է: Դու քո բնույթով մարդային հարաբերության ընդունակ չես:

Հրաչ  Ոչ, ես ունեմ ընկերներ, շատ մոտ մարդիկ, ում հետ ինձ լավ եմ զգում, ու ովքեր իմ հետ իրենց լավ են զգում… Ես շատ ընկերներ ունեմ, շատ…

Դավիթ   Ես չեմ Էլ կասկածում, որ դու նրանց հետ քեզ լավ ես զգում  ու որ նրանք էլ, երբ իրենց  կյանքում ամեն ինչ նորմալ է, իրենց լավ են զգում քեզ հետ: Իսկ երբ նրանք խնդիրներ ունեն, երբ նրանք` քո մոտ ընկերները, վատ վիճակում են, այնպիսի վիճակում, որ նրանց հետ ժամանակ անցկացնելը բոլորովին հաճելի չի, դու նրանց կողքի՞ն ես: Օրինակ` հիվանդ ընկերոջդ կգնաս խնամելու, հա՞

Հրաչ    Իսկ դու՞

Դավիթ   Հարցիս հարցով ես պատասխանում… Չնայած կարող ես այս հարցին չպատասխանել, իսձ համար պարզ է պատասխանը:

  Իսկ ինչ վերաբերում է ինձ` ես կգնամ: Կգնամ, քանի որ իմ ընկերները թանկ են ինձ համար, նրանցից յուրաքանչյուրը իր գինն ունի ու շատ բարձր գին:  Բացի այդ ես քաջ գիտակցում եմ, որ  ուրիշ օր ես էլ կարող է վատ վիճակում լինեմ ու նրա օգնությունը ինձ պետք լինի: Այնպես որ ընկերներիս մենակ ու վատ վիճակում ես չեմ թողնում:

Հրաչ  Չես թողնում իհարկե, բարեսիրտ մարդ… Այդպես ուղղակի քեզ ձեռնտու է, քանի որ, ինչպես ասեցիր, մի օր էլ քեզ նա պետք կգա… Իհարկե թանկ են քո համար ընկերներն ու ամեն մեկն իր գինն ու արժեքն ունի, քանի որ ոչ մեկը նրանցից պատահական չէ. դու գիտես, թե ում հետ ինչի համար ես ընկերություն անում, այլ խոսքերով ասած, թե որն է քո շահը…Ու իհարկե դու քո ոչ ժամանակը, ոչ էներգիան հենց այնպես ինչ-որ մեկի վրա չես վատնում… Ինչ ընկերության, ինչ նվիրվածության մասին է խոսքը նման աշխարհայացք ունեցող մարդկանց պարագայում. մարդկանց, ում կյանքում ամեն ինչ հաշվարկված է: Ես այլ կերպ եմ ապրում ու մտածում, և ում հետ շփվում եմ առանց հետին մտքերի ու նպատակների եմ դա անում: Ես չունեմ շահ, իմ բոլոր հարաբերությունները անշահախնդիր են, դրանով իսկ մաքուր են:

Դավիթ  Դե, տես, նրանք ում հետ ես շահախնդրորեն հարաբերություններ եմ պահպանում ևս շահեկան վիճակում են հայտնվում  մի պարզ պատճառով` հարաբերություններ պահպանելու համար պետք է ոչ միայն վերցնել, այլև` տալ: Ուղղակի խելացի մարդը  վերցնում է այն, ինչ իր համար կարևոր է , իսկ տալիս է այն, ինչն իրեն պետք չէ: Իսկ նրանք, ում հետ դու մաքուր հարաբերություններ ունես, ոչ շահեկան վիճակում են` քո մարդկային տեսակի պատճառով, օրինակ` թեկուզ վատ վիճակում գտնվող ընկերդ… Իմ ընկերը ստացավ իմ օգնությունը, իմ աջակցությունը, ես նրա կողքին էի… Իսկ ի՞նչ ստացավ քո ընկերը, որը վատ վիճակում էր` ոչինչ. դու կամ գտար ինչ-որ բացատրություն նրա կողքին չգտնվելու համար, կամ էլ, տարված քո այլ հաճույքներով, ընդհանրապես մոռացար նրա գոյության մասին: Դե հիմա ասա, թե որ տարբերակն է նախընտրելի:

Հրաչ  Դու ճիշտ ես, ես չեմ գտնվում այնտեղ, որտեղ ինձ հաճելի չէ և չեմ անում այն, ինչը ինձ հաճելի չէ գրեթե երբեք: Ես հազար անգամ ասել  եմ, որ համաձայն եմ, որ արարքներովս ու դրանց հետևանքներով կատարյալ չեմ:

Բայց մենք սկսեցինք այս ամենը խոսելով արդարության մասին, պատժվելու մասին սեփական մեղքերի համար: Իսկ արարքներից և նրանց հետևանքներից առաջ գոյություն ունեն  մտքեր… Հենց մտքում է ծնվում մեղքը, մենք առաջին հերթին մեր մտքերի համար ենք մեղավոր կամ անմեղ, չար կամ բարի…Եվ հենց մտքերի համար էլ առաջին  հերթին պատասխան ենք տալիս…. Մեղսավոր միտքը ինքնին մեղք է և անգամ ավելին, քան անգիտակից կերպով կատարված վատ արարքը: Աստվածաշունչ չե՞ս կարդացել:

Իսկ մտքով ես արդար եմ, ես անկեղծ եմ ինքս իմ հետ և բոլոր մարդկանց, ում հետ այս կամ այն ձևով առնչվել եմ, քանի որ, այո, ես հաճույքի մարդ եմ, իսկ մարդիկ միշտ պարզ և անկեղծ են իրենց հաճույքներում: Եվ ցավը, որը պատճառում եմ նախատեսված ու գիտակցված չէ իմ կողմից, ոնց քո դեպքում է… Ու  այդ պատճառով չար կամ վատ մարդ ես չեմ: Ոչ դիտմամբ արված մեղքը կիսով չափ է մեղք:

Դավիթ  Իմ պատճառած  չարիքը հաշվարկված է, դրանով իսկ այն չափ ու սահման ունի , իսկ քոնը դուրս է ցանկացած հաշվարկից,  հետևաբար այն չունի սահմաններ: Ու այն, որ ես իմ արարքներին ու դրանց հետևանքներին (թերևս ոչ միշտ բարի) մոտենում եմ գիտակցորեն, դեռ չի նշանակում, որ ես չար եմ:  Դու  այդ հարցում սխալվում ես, քանի  որ  չար է այն մարդը, ում համար ուրիշներին  վատություն անելը ինքնանպատակ է, ով հաճույք է ստանում հենց ցավ պատճառելու փաստից, ով ապրում է դրանով, իսկ ես եթե նույնիսկ ցավ եմ պատճառում, ապա դա ընդամենը միջոց է, անհրաժեշտ է իմ նպատակներին հասնելու համար. ես դրանից չեմ ստանում հաճույք, ինձ իմ նպատակներն են պետք:

Հրաչ  Մի վայրկյան լռիր… Չե՞ս լսում խոսակցություն դռան հետևում…

Դավիթ  Ի՞նչ խոսակցություն

Հրաչ   Երկու տղամարդ են խոսում… Ոնց որ մեզանից մեկին ուզում են ևս մեկ հնարավորություն տալ, թե նույնիսկ երկուսիս էլ… Այդ մասին են խոսում:

Դավիթ   Ես ոչինչ չլսեցի…

Հրաչ   Շատ ոգևորված էիր խոսում, դրանից է…

Դավիթ   Հաստա՞տ լսեցիր

Հրաչ     Չգիտեմ,  գուցե երևակայությունս էր…  Ամեն դեպքում հիմա կիմանանք…  Սուս (մատը մոտեցնում է բերանին):

 

Վերջ

 

 

 

Վերլուծական խոսք (կարդալ`սեփականը ունենալուց հետո)

Դավիթի ու Հրաչի կերպարների միջոցով փորձել եմ ցույց տալ անաստվածայինը մարդու մեջ. մի բան, որն առկա է բոլորիս մեջ, սակայն իր ծայրահեղ դրսևորմամբ  վերածվում է հասարակության քայքայիչ ուժի: Դավիթն ու Հրաչը ծայրահեղության դրսևորումներ  են, որոնք մարմնավորում են միևնույն երևույթը` մարդկային եսակենտրոնությունը երկու տարբեր ասպեկտներով (մեկը կենտրոնացված հաճույքի, մյուսը` շահի երևույթի վրա): Միևնույն կերպարի մեջ միանգամայն բնական է երկուսի համադրությունը, սակայն երբ խոսքը գնում է ծայրահեղության մասին, կերպարների սահմանազատումը անհրաժեշտ է դառնում, քանի որ կա հակասություն: Կյանքի փիլիսոփայություններից մեկը չափազանց կենտրոնացված է կարճատեսության, մյուսը` հեռատեսության ռազմավարության վրա: Խոսքը կարճատեսական և հեռատեսական եսակենտրոնության դիլեմայի մասին է:  Յուրաքանչյուր մարդու մեջ որոշակի չափով դավիթ և որոշակի չափով հրաչ ապրում է:  «Իդեալական» հրաչը կենդանականն է մարդու մեջ. եթե դիտարկենք մարդուն` որպես բանական էակ, ապա հրաչը մարդկայինի կորուստն է մարդու մեջ…Դավիթը մարդու ինստրումենտալ կողմն է`մարդ-մեքենա: Իսկ մարդն էակ է, որը  տարբերվում է կենդանուց` բանականությամբ, իսկ մեքենայից` զգացմունքայնությամբ և մարդկային «իռացիոնալության» որոշակի տարրով:  Հետևաբար մարդկայինը կորում է նաև դավիթի մեջ: Ի վերջո դավիթն ու հրաչը իրենց ծայրահեղ դրսևորմամբ «անբարոյականություն» հասկացության միջուկն են ըստ իս`աչքի ընկնող անպատասխանատվությամբ և անազնվությամբ:

Դավիթներն ու հրաչները անշուշտ մարդու տարածված տեսակներ են, և նրանք ոչ այդքան ծնվում, որքան ձևավորվում են միջավայրային գործոնների ազդեցության ներքո… Դավիթները գալիս են հասարակության ներքևներից. մի տեղից, որտեղ պայմանները  ստիպում են կենտրոնանալ գոյատևման խնդրի վրա: Իսկ հրաչները սովորաբար վերևներից են գալիս. մի տեղից, որտեղ ամեն ինչ պատրաստի տրվում է և մնում է մի բան` չձանձրանալ կյանքից: Եվ ի վերջո հասարակությունը որպես ամբողջություն ձևավորում է մարդու այս կամ այն տեսակը: Օրինակ` հայ  հասարակությունը տալիս է բոլոր հիմքերը դավիթների ստեղծման և բազմացման համար:  Ուստի, ես կյանքում մի քանի անգամ հանդիպել եմ իդեալական դավիթների, սակայն առանց կասկածի ասում եմ, որ իդեալական հրաչի հայ իրականության մեջ չեմ հանդիպել:

Մարդկային այս տեսակներից յուրաքանչյուրը ունի իր ուժեղ կողմերը  և անշուշտ «դավիթի» ու «հրաչի»  յուրաքանչյուր դրսևորում (չափավորի սահմաններում) ես չեմ  ենթարկում սուր քննադատության:

Օրինակ` ես պատահական չեմ նշել, որ Հրաչը սիրված է եղել կանանց կողմից. նրա  նման մարդկանց հեշտ է սիրահարվել, քանի որ նա ունի բացառիկ հատկանիշ` նա գիտի հաճույք ստանալ կյանքից և ամեն ինչից, ինչ շրջապատում է նրան. նա կենտրոնացած է հաճույքների վրա, փնտրում ու գտնում է հաճույքի աղբյուրներ ու իսկապես վայելում…Կարողանում է վայելել, քանի որ ուղեղը անընդհատ միացած չէ, իսկ ոչինչ այդքան չի խանգառում հաճույքներին, որքան անընդհատ աշխատող ուղեղը…  Ու չկա կյանքում ավելի գրավիչ բան, քան իսկապես հաճույք ստացող մարդը:  Դա է պատճառը և նրա գրավչության զենքերից մեկը…Բացի այդ գրավելը հաճույքի ճանապարհն է, իսկ յուրաքանչյուրը գտնում է ուղի իր նպատակներին հասնելու համար (տվյալ դեպքում` հաճույքներին):

Պարզապես միևնույն ժամանակ Հրաչի կերպարի մերկացումը մի մեծ վտանգ է իր մեջ պարունակում. ամենասարսափելին, որ կարող է կատարվել հասարակության մեջ անհատի հետ այն է, երբ նրան դադարում են լուրջ վերաբերվել: Մարդը կորած է հասարակության մեջ , երբ նրան այլևս լուրջ չեն ընդունում. նրա խոսքերը գործողության հիմք չեն համարում, նրա արարքներում չկա տրամաբանություն..Անգամ սիրող կինը, եթե  իր տղամարդուն լուրջ չի  ընդունում, դադարում է խանդել, քանի որ լուրջ չի ընդունում նաև նրա այլ սիրային կապերը, նրա զգացմունքները այլ կանանց հանդեպ, խոսքերը և ամեն ինչ…

Դավիթի դեպքում այս վտանգը գոյություն չունի: Դավիթին, հակառակը, լուրջ են ընդունում, դեռ ավելին` զգուշանում են և հաշվի նստում նրա հետ: Շատերն անգամ  բնածին դավիթներից որոշ բաներ են ուզում սովորել, և այդտեղ կա տրամաբանություն. դավիթները հաճախ հասնում են մեծ բարձունքների:

Ես ներկայացրել եմ Դավիթի և Հրաչի կերպարները, նրանց կյանքը` հիմնված որոշակի փիլիսոփայության վրա և այդ փիլիսոփայության հետևանքները նրանց և նրանց շրջապատող մարդկանց համար, դրանով իսկ խորհելու առիթ եմ տվել   այդ երկու  փիլիսոփայությունների շուրջ, որոնց մասին, եթե անգամ չենք մտածում, ապա հաճախ հիմնվում ենք դրանց վրա մեր գործողություններում ենթագիտակցաբար…

Այս թեման անսպառ է… Ու կարելի է անվերջ խոսել, նոր մտքեր արտահայտել, դիտարկման նոր ասպեկտներ գտնել: Թերևս ես այսքանով կսահմանափակվեմ  և որպես ընդհանրացում կավարտեմ հետևյալ տողերով.

Լավ է լինել մի քիչ  դավիթ գոյատևելու համար

Մի քիչ հրաչ`  երջանիկ լինելու համար

Բայց երկուսից էլ` ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԻՉ` Մարդ լինելու համար:

 

Реклама

Դերից դուրս: Один комментарий

  1. Ես ուղղակի ապշել եմ այս հոդվածից: Սա շատ խորը և բազմաթիվ հարցեր է ստեղծում:
    Великолепно!Но как спорно с точки зрения Библии!…И выводы очень и очень хороши!!! Очень интересно!

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.