Սիրտը

fototelegraf.ru
fototelegraf.ru

Հաճախ հարցնում են ինձ «Ի՞նչ որոշեցիր» կամ «Ինչու՞այդպես»: Ես ոչ որոշում եմ, ոչ էլ գիտեմ պատճառները…Չունեմ դրա իրավունքը: Ձեզ համար (ուրիշ մարդկանց) ես պարզապես միջնորդ եմ, փոստատար… Հասցնում եմ Ձեզ նրա կարգադրությունները: Իմ խնդիրը նրան լսելն ու ճիշտ հասկանալն է, իսկ նա շատ պարզ է խոսում. հաճախ գոռում է, թեև երբեմն էլ ցածր է խոսում, նույնիսկ` շշուկով: Սակայն նրա ցածր ձայնը արդարացում համարելով `ասել, որ այն «իբր չի լսվում» նույնն է, ինչ արհամարհել նրան: Իսկ նա արքա է և նման պահվածքը երբեք չի ներում… Միշտ պատժում է:
Այո, սիրո ոլորտում սիրտը արքա է, ուստի որոշումներ կայացնելու լիազորությունը միայն իրեն է պատկանում: Ես այս հարցում անզոր եմ: Եվ իմ կողմից կատարված ցանկացած փորձ կառավարելու նրան այն ոլորտում, որը միայն իրենն է , իմ և այլոց համար պատուհաս է դառնում, իսկական դժբախտություն… Սիրտը չի սիրում, երբ իրեն փորձում են լռեցնել, համոզում են, վիճում են նրա հետ, որքան էլ տրամաբանական և հիմնավոր լինեն փաստարկները… Տանել չի կարող , երբ իր ձայնին խառնելով արտաքին աղմուկը (ուրիշների խորհուրդներ և այլ արտաքին ազդեցություններ) իր խոսքերն աղավաղում են… Սիրային հարցերում մենաշնորհն իրենն է, և նրա միակ կոչումը հրամայելն է, իսկ նրա հետ համերաշխ ապրելու միակ ուղին` ենթարկվելը…Հակառակ դեպքում այս արքան դաժան է դառնում. նրան չհնազանդվելու յուրաքանչյուր րոպեի համար պահանջում է հատուցում` երկարատև տառապանքներով: Նա ավելի վրեժխնդիր և իշխանատենչ չէ, քան մեր կյանքը կառավարող մյուս արքաները: Պարզապես արդարացիորեն միայն իրեն պատկանող ոլորտի գործերին այլ արքաների միջամտությունը նա չի հանդուրժում… Եվ երբ մեր կյանքը կառավարող մյուս արքան` բանականությունը փորձում է ներխուժել սիրո ոլորտ`թելադրելով իր օրենքները և առավելևս երբ հաղթանակ է տանում, սիրտը մեծ ցավ է ապրում և կսկիծը պահելով իր ներսում հավերժ`անվերջ տանջում է մեզ: Այդպես վրեժ է լուծում: Կյանքի մյուս ոլորտներում սրտի և բանականության մրցակցությունը բնական է, առողջ և արդար, բայց ոչ սիրո հարցում: Սերը սրտի տոնն է:
Սիրտը քմահաճ է, կամակոր, անհամբեր, անտրամաբանական և անկանխատեսելի, երբեմն` փոփոխական , երբեմն էլ` կայուն իր նախասիրություններում և շատ համառ:
Ինչպիսին էլ որ լինի, նա է իմ սիրտը և սիրային հարցերում իմ տերը. նա է հրամաններ արձակում, որոշումներ կայացնում իմ գործողությունների վերաբերյալ, ինձ «խելքին» փչած պահանջները ներկայացնում և ունի այդ ամենի արդարացի իրավունքը, քանի որ և նա է, որ ունակ է կյանքս վերածելու հոգեկան ցավով հագեցած անելանելի իրավիճակի (իրեն անտեսելու պարագայում), միևնույն ժամանակ նա է , որ ունի հնարավորություն պարգևելու մարդ էակին հասանելի մեծագույն երջանկությունը կյանքում`սիրո երջանկությունը, որն արտահայտելու համար ավելի հարմար հոմանիշ չեմ գտնում, քան «դրախտ երկրի վրա»  հասարակ և բովանդակալից արտահայտությունը… Մի հոգեվիճակ, որին միայն բանականությանը հետևելով` երբեք չես հասնի:
Ուստի իր «առաքելությունը» իրականում կատարող բանականությունը սիրո աշխարհում սրտի արդարացի կառավարմանը երբեք չի խանգառում: Նա նույնիսկ ասում է. «Թողեք, որ սիրտը իշխի, իշխի` իրեն լիովին դրսևորելով և մեզ ամբողջությամբ իրեն ենթարկելով… թողեք`թեկուզ հանուն սերը` (իսկականը, տրամաբանական հիմնավորումից զերծ սերը ) «դրախտը երկրի վրա» վայելելու չնչին հավանականության»:

Реклама