Կյանքի տևողություն կամ երկարություն… Ինչպե՞ս են մարդիկ կողմնորոշվում` երկար է մարդ ապրել, թե` կարճ… Ժամանակո՞վ` ապրած տարիների քանակով… Այո, այդպես է ընդունված, բայց… Ինձ համար տարածությունն ավելի, քան ժամանակը կյանքի երկարության կողմնորոշիչ է: Ես զգացել եմ այդ բազմիցս իմ անձնական փորձից ելնելով. եթե մեկ տարվա ընթացքում ապրում եմ տարբեր երկրներում կամ քաղաքներում, փոխում եմ մի քանի աշխատատեղ կամ գուցե` տուն, այդ տարին իմ կյանքում մի քանիսի արժեք ունի… Իսկ եթե անգամ մի քանի տարի ապրում և աշխատում եմ միևնույն վայրում, այդ` թեկուզ և երկար ժամանակն ինձ ակնթարթ է թվում…
Ինչ-որ առումով մեր կյանքի երկարությունը գրեթե բառիս բուն և ֆիզիկական իմաստով մեր անցած ճանապարհն է` տարածությունը, որտեղ մենք եղել և կանգ ենք առել: Ապրելու համար տրված երկար ժամանակը զուտ նախնական հնարավորություն է երկար կյանք ունենալու, բայց երբեք ոչ` երկար կյանքի երաշխիք: Իսկ մնալով նույն տարածության մեջ` մենք կորցնում ենք ժամանակը, կորցնում ենք երկար ապրելու հնարավորությունը… Ի վերջո ինչու՞ է այսպես. տարածությունը հանգեցնում է էմոցիաների բազմազանությանը… Իսկ «ապրել» բայը միայն մի հոմանիշ ունի` «զգալ»… Ուստի, ես սիրում եմ կյանքը և ես որոշում եմ` շարժվել, վազել, առանց երկմտելու փոխել և միշտ դավաճանել… դավաճանել հին և արդեն ապրված տարածությանը:
