«Զարգացած մարդ» հասկացության մասին

392_300_34463_lit_

Քննության ժամանակ`

 Դասախոս-  Հիմա կտեսնենք, թե որքանով ես պատրաստ քննությանը: Տուր տոմսդ:
Ուսանող — Խնդրեմ (տալիս է տոմսը):                                         Դասախոս-  Շատ էլ լավ տոմս է: Պատրա՞ստ ես:                             Ուսանող – Այո:                                                                                                                              
Դասախոս- Դե, սկսենք: Այսպես, առաջին հարց… Այս հարցի շուրջ ի՞նչ ես կարդացել:
Ուսանող- Ձեր դասախոսությունն ամբողջությամբ և Ձեր տրամադրած
գրականության ցանկից երկրորդ գիրքը:
Դասախոս- Շատ լավ, բավական է: Անցնենք երկրորդ հարցին: Ի՞նչ կասես սրա
մասին:
 Ուսանող- Կարդացել եմ դասախոսությունը: Դե, նաև Ձեր տված գրականությունը:
Դասախոս- Գրականությունն ամբողջությա՞մբ:
Ուսանող- Դե, չէ…վերջին 4 էջը չեմ կարդացել…չհասցրեցի:
Դասախոս- Հըմ, լավ չի… Լավ, անցնենք վերջին հարցին: Եթե գերազանց
պատասխանես, չնայած երկրորդ հարցում թերացմանը 5 կնշանակեմ: Դե, սկսիր:
 Ուսանող- Կարդացել եմ դասախոսությունը և բոլոր դասականների տեսությունները:
Դասախոս- Հիանալի է, գերազանց է: 5 եմ նշանակում:

Ո՞վ է մարդը… մարդը մարմի՞ն է, հոգի՞, թե՞` միտք: Մարդն, անշուշտ, մարմին է, հոգի և միտք (այլ բան այս պահին չեմ մտաբերում): Զարգացած մարդն էլ, հետևապես, զարգացած հոգի և զարգացած միտք ունեցողն է, քանզի, մարմինը նկատի ունենալու դեպքում հատուկ կմատնանշեի այն. կասեի`զարգացած մարմին ունեցող մարդ: Իսկ այստեղ խոսքը միայն հոգու և մտքի մասին է: Իսկ ո՞րն է զարգացած հոգին, և ո՞րն է զարգացած միտքը: Ցանկացած երևույթի զարգացած լինելու չափանիշն իր ֆունցիաների կատարման մակարդակն է: Հոգու ֆունկցիան զգալն է, մտքինը` մտածելը:
Զարգացած հոգին կամ այլ կերպ ես կասեի հոգևոր ինտելեկտը զգալու ունակությունն է, տարբեր զգացմունքներն ու էմոցիաները խորապես հասկանալու ունակությունը: Այսպիսի մարդիկ զգում են, հասկանում ու ընկալում են էլիտար արվեստը, տեսնում են ոչ մասսայական ստեղծագործությունների գեղեցկությունը, իսկ առօրյայում նրանք ավելի, քան ուրիշները, տեսնում են տարբեր իրավիճակները իրենց նուրբ ասպեկտներով, հասկանում են այլ մարդկանց զգացմունքները:
Միտքն էլ զարգացած է, եթե մարդը կարողանում է մտածել, տրամաբանել և վերլուծել: Այսպիսի մարդկանց խոսքը չի պարունակում տրամաբանության կանոնների խախտումներ, դատողությունները հիմնավոր են, որոշումները` ռացիոնալ:
Այս ամենը, կարծում եմ, ինքնին շատ պարզ է… Իսկ այդ դեպքում ի՞նչն է ինձ դրդել գրել այս թեմայով, կիսվել այս մտքերով… Մոլորությունը, հասարակական ընկալումներում առկա մոլորությունը, համաձայն որի` «զարգացած մարդ» հասկացության հոմանիշը կարդացած մարդն է, գիտելիքներ և տարբեր ոլորտների վերաբերող ինֆորմացիա ունեցող մարդը:
Այսպես, կարդացած գրքերի քանակն ու գիտելիքների պաշարը ուղղակիորեն կապ չունեն մարդու զարգացած լինելու կամ չլինելու հետ… այս ամենը, իհարկե, կարող է մարդու մտքի և հոգու զարգացմանը նպաստող գործոն լինել, բայց երբեք ոչ` զարգացած մտքի և հոգու ուղղակի վկայություն:
Այնուամենայնիվ, եթե փորձենք կապել գիտելիքների և ինֆորմացիայի ձեռքբերումը զարգանալու երևույթի հետ, կառանձնացնենք հետևյալ պարզ դասակարգումը. գիտելիքը և ինֆորմացիան լինում է `
• ինֆորմացիա (գիտելիք), որը սնուցում է միտքը կամ հոգին
• ինֆորմացիա (գիտելիք), որը զուտ ծանրաբեռնում է հիշողության պաշարը
Իսկ ինչպե՞ս տարբերել այս երկու տեսակի գիտելիքները: Կարծում եմ, հաճույքի գործոնով գիտելիքի ստացման ընթացքում և դրանից հետո. չէ՞ որ սննդի ընդունումը հաճույք է` լինի ֆիզիկական սնունդ, հոգևոր, թե` մտավոր:
Այսպես, հիշենք մեզ արվեստի որևէ ստեղծագործությանը ծանոթանալիս`լինի լավ ֆիլմ, գեղարվեստական գիրք, թատերական ներկայացում թե նկար, ինչի արդյունքում մենք որևէ բան զգացել ենք, վայելել, հիացել ենք և, ասես, հոգեպես բարձրացել ենք, կամ էլ հիշենք որևէ գիրք (գեղարվեստական կամ մասնագիտական) կարդալիս, դասընթացի մասնակցելիս, ինչի ընթացքում ստացված գիտելիքը գրավել և հետաքրքրել է մեզ, խորանալու ցանկություն է առաջացրել, ստիպել է մտածել, վերլուծել, այլ տեսանկյունից նայել արդեն ծանոթ երևույթներին, լայնացրել է, ի վերջո, մեր մտահորիզոնը. ստացված ինֆորմացիան, անշուշտ, առաջին դեպքում սնուցել է մեր հոգին, երկրորդ դեպքում՝ միտքը մեր… Ուստի, պատճառելով հաճույք՝ զարգացրել է մեզ։
Իսկ գիտելիքը, որը մենք ստանում ենք, սակայն այն չի զարգացնում մեզ, ես համարում եմ մեր հիշողությունը ուղղակիորեն ծանրաբեռնող մի բան: Այսպիսի ինֆորմացիայի ստացման ընթացքը չի ուղեկցվում նաև որոշակի ոգևորությամբ, հաճույքի զգացմամբ: Օրինակ, ես չեմ պատկերացնում մի մարդու, ով առանձնահատուկ հաճույք ապրի` իմանալով դերասանների անուն ազգանունները, աշխարհի տարբեր երկրների և վերջիններիս մայրաքաղաքների, գետերի և լճերի անվանումները, պատմական որոշակի իրադարձությունների նկարագրությունն ու տարեթվերը և շատ այլ բաներ: Գիտեմ, ընթերցողներից շատերն այս տողերը կարդալով՝ կասեն. «Ոչ, սխալվում ես։ Ես գիտեմ սա, սա, սա… և ես դրանից իսկապես հաճույք եմ ստանում»։ Ես էլ ասում եմ. «Իհարկե, ստանում եք։ Ես Ձեզ հավատում եմ։ Պարզապես կապը սա, սա, սա… իմանալու և հաճույք ստանալու միջև անմիջական չէ։ Ձեր հաճույքը միջնորդավորված է «զանգացած մարդ» հասկացության վերաբերյալ Ձեր գիտակցության մեջ, իսկ որոշ դեպքերում՝ ենթագիտակցության մեջ ամուր տեղ զբաղեցնող կարծրատիպով։ Հետևաբար, իրականում Դուք հաճույք եք ստանում ոչ թե այս կամ այն բանն իմանալուց, այլ ուրիշ մարդկանց աչքերում ավելի «լավը» լինելու հնարավորություն ձեռք բերելուց։ Այս պարագայում էլ ես այս զգացողությունը ոչ թե պարզապես հաճույք կանվանեի, այլ՝ հասարակությունում տիրող մոլորության շնորհիվ ինքներդ Ձեզ «զարգացած մարդ» համարելու ենթագիտակցական հպարտություն»։
Ես չեմ ասում, որ ոչ մի պարագայում չարժե ձեռքբերել գիտելիքի (ինֆորմացիայի) դասակարգման երկրորդ խմբին պատկանող տեղեկություններ։ Կան իրավիճակներ, երբ այս տեսակ գիտելիքը պրակտիկ նշանակություն ունի, անհրաժեշտ է տվյալ պահին որոշակի խնդիրների լուծման համար. մնացած բոլոր դեպքերում սա հիշողության համար զուտ ավելորդ ծանրաբեռնվածություն է: Ինչպես իր համակարգիչը սիրող մարդն աշխատում է այն չլցնել ավելորդ ֆայլերով, որոնք նրան պետք չեն, այլ զուտ ծանրաբեռնում են համակարգչի հիշողությունը, չեն նպաստում համակարգչի ֆունկցիաների ավելի լավ կատարմանը և ավելին` անգամ հակառակ ազդեցությունը կարող են ունենալ, այնպես էլ իրեն սիրող մարդը պետք է որ չլցնի իր հիշողությունը ավելորդ նյութերով, որոնք ոչ մի տեսանկյունից չեն նպաստում նրա զարգացմանը:

Զարգացած մարդը մարդ է ի վերջո և նախ և առաջ…
Մարդու լավագույն տեսակ, և ոչ՝ զանազան հանրագիտարաններին լավագույնս փոխարինող մի սարք…
Զարգացած մարդ լինելը հաճույք է, վայելք, գերագույն զգացում…
Մարդկանց աշխարհում բարձր ինքնագնահատականի միակ արդարացի հիմք…
Ուստի, վայելեք զարգացած մարդ լինելու պարգևը…
Կարդացեք, լսեք, նայեք միայն այն, ինչը հաճույք է պատճառում…
Վայելեք կյանքում նաև զարգացած մարդ դառնալու պրոցեսը…
Այն միայն վայելք է։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.