Պարույր Սևակ «Մեծ ուղտի փոքրիկ ականջում»

35812569_1737755262960621_6891704905413689344_n

Ինչ-որ ժամանակ,
Մեզանից առաջ, մեզ անհայտ մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ,
Այս մեկը ` անել
Այն մեկը` չանել
Այս` համարել ճիշտ,
Այն` մերժել-վանել,-
Սահմանել ինչ-որ հերթականություն
Կոչել պատիվ ու… պարտականություն…

Ու մենք էլ ահա անցնում ենք հանգիստ
Անհեթեթությանց այս թանգարանով,
Եվ ծվատում ենք ոչ մեր հագուստը,
Այլ հոգին մեր խեղճ,
Որի հատակում
Կա անտանելի նույնպիսի մի բան,
Ինչպես ավազը` մեր կոշիկի մեջ,
Ինչպես սուր փուշը` մեր եղունգի տակ:

Եվ անց է կենում
Երգապնակի շրջագծային խազի վրայով
Ասեղը կյանքի`
Կորզելով միշտ նույն
Ու միշտ տանջալից այն եղանակը,
Որ վաղուց արդեն անհեղինակ է,
Բայց համարվում է
Անառարկելի հեղինակություն…
Եվ մի արտառոց,
Շատ տարօրինակ ու տաք ցանկություն
Հալածում է ինձ
Եվ հետապնդում օրը ցերեկով.
Ես կամենում եմ (և ձեր փոխարեն),
Ոչ թե լոկ մռռալ կամ թե գռմռալ,
Այլ գազանի պես մռնչալ ազդու`
Մռութս դրած այս քարին արդյոք,
Թե՞ այս նորաձև կլոր սեղանին:
Ու չեմ կարեկցում… արհամարհում եմ
Այն թշվառական կենդանիներին,
Որոնք «ընտանի» պիտակն են կրում,
Իրենց կարծելով` իբրև ուսադիր
Իմ իսկ կարծիքով`
Իբրև խոր խարան խայտառակության:
Դուք նախընտրում եք վիթխարի ուղտի՞ն:
Իսկ ես լրջորեն նախապատվում եմ
Նույնիսկ մկանը, առնետին անգամ,
Որոնք ընտանի չեն դարձել ցայսօր…

Ու երբ քնի մեջ մղձավանջային
Ձեզ առնետները կռծոտեն սիրով,
Դուք` արթնանալով` մի պահ մտածեք,
Թե արժի՞ արդյոք դարեր շարունակ
Քնել մեծ ուղտի փոքրիկ ականջում…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.