Ինչու՞ են որոշ մարդկանց ցանկություններն իրականանում, իսկ որոշներինը՝ ոչ

39878927_318504912233378_1177205954073067520_n

Երկրագնդի վրա կա մի մեծ ճշմարտություն. անկախ այն հանգամանքից, թե ով ես դու և ինչով ես զբաղվում, երբ դու իսկապես ինչ-որ բան ցանկանում ես, քո ցանկությունն իրականանում է: Չէ՞ որ այդ ցանկությունը ծնունդ է առել տիեզերքի հոգում: Եվ հենց դա էլ քո կոչումն է Երկրի վրա:
Պաուլո Կուելիո
Դեպի նոր կյանք ճանապարհ բացող առաջին քայլը զարմանալիորեն պարզ է. պետք է ընդամենը հետևել սեփական մտքերի ընթացքին և ուղղորդել դրանք համապատասխան կերպով:
Ձեր մտքերը շատ ավելի ուժեղ են, քան Դուք ենթադրում եք, իսկ յուրաքանչյուր մտային պատկեր իրենից ներկայացնում է իրական ուժ, որն ընդունակ է ազդելու Ձեր կյանքի վրա:
Ջոն Կեխո
Ողջ հաջողությունը կյանքում` թե´ նյութական, և թե´ հոգևոր, սկիզբ է առնում հենց մտքերից, որոնք ծնվում են մեր գիտակցության մեջ յուրաքանչյուր օրվա յուրաքանչյուր րոպեի յուրաքանչյուր վայրկյանում: Քո արտաքին աշխարհը արտացոլում է քո ներաշխարհի վիճակը: Վերահսկելով քո մտքերը և քո արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին` դու սկսում ես վերահսկել քո ճակատագիրը:
Ռոբին Շարմա

Ծանոթանալով կյանքի այս մոտեցմանը մի պահ ինձ անսահման ուժեղ և անգամ, թող ների ինձ Աստված, ամենակարող զգացի… Պատկերացրեցի իմ առջև ամբողջ աշխարհը` իր բոլոր բարիքներով. այն ամեն ինչով, ինչ կյանքում երբևէ գնահատել եմ կամ գնահատում եմ, այն արժեքներով, որոնց ձգտել և ձգտում եմ, իմ մտքում արդեն գոյություն ունեցող «երջանիկ կյանքի» մոդելներով և նրանցով, որոնց մասին դեռ չեմ էլ մտածել… Եվ այս ամենը, այս աշխարհում գոյություն ունեցող ամեն լավ բան կարող է լինել իմը: Իմ խնդիրը միայն մտածելն է ու ընտրելը, թե ինչ եմ ես ուզում ու ցանկությանս մեջ հետևողական լինելը, և այս պարագայում տիեզերքը կառավարող օրենքների ուժով իմ ցանկությունների իրականացումը կլինի անխուսափելի…
Այս հեքիաթային մոտեցումն աշխարհին, սակայն, միայն որոշ չափով է համապատասխանում իմ իրականությանը: Իսկ ի՞նչ չափով, ինչու՞ և ինչպե՞ս… Ես ներկայացնում եմ գիտական որևէ հիմք չունեցող, իմ` փորձի, անձնական դիտարկումների և ներքին ձայնի վրա հիմնված, գուցե և չափազանց սուբյեկտիվ մոտեցումը:
Հիշելով անցյալիս` հրաշքի ուժով կատարված, անգամ ամենաանհավանական ցանկություններն ու նպատակները և այն միանգամայն տրամաբանական ցանկությունները, որոնք այդպես էլ չեն իրականանում, ես հասկացա… Մեր ցանկություններն ու մտքերը իրականացման մեծ պոտենցիալ ունեն, սակայն սա չի վերաբերում բոլոր ցանկություններին:
Այսպիսի իշխանություն ունի միայն ցանկությունը, որի առաջացման համար մեր գիտակցությունը պատասխանատու չէ. այսպիսի ցանկությունը չի ծնում միտքը` երկար փնտրտուքների արդյունքում, այն սիրտն է ծնում և` վայրկենապես: Իսկ մտքով մենք կարող ենք միայն նպաստել այս ցանկության իրականացմանը` ընտրելով դրա կյանքի կոչման ճիշտ ուղիներ… Այս, միանշանակորեն ձևակերպված, անվերապահորեն իշխող, կասկած չհարուցող ցանկությունը ծագելուն պես, ամուր տեղ է զբաղեցնում մեր ներաշխարհում և ուղղորդում մեր ողջ կյանքը. մեր գիտակցական և ենթագիտակցական քայլերը, մեր որոշումները, մեր բոլոր մնացած ցանկությունները, մեր ամենօրյա մտքերը, մեր երազանքները… ողջ գոյությունը մեր… Այս ցանկությունն ալեկոծում է մեր ներաշխարհը, իրար է խառնում կյանքի բոլոր ասպեկտները, մեր անցյալն ու ներկան… Եվ երբ մեր ցանկության էներգիան հասնում է իր գագաթնակետին և մենք ինքներս, ասես, սկսում ենք խեղդվել մեր իսկ կողմից ու մեր շուրջը ստեղծված էներգետիկ այդ օվկիանոսում, մենք մի պահ հանգստանում և կանգ ենք առնում… Եվ հենց այդ պահին մեր ցանկությունն իրականանում է… Մի կողմից` կարող ենք մտածել, որ մենք ինքներս ենք իրականացնում այդ ցանկությունը` անելով բոլոր հնարավոր մեզանից կախված քայլերը, բայց մյուս կողմից էլ՝ անհնար է չնկատել, որ մեզնից բոլորովին անկախ հանգամանքները ևս դասավորվում են ի նպաստ մեր ցանկության իրականացմանը: Ուստի, տիեզերքն իսկապես այս դեպքում մեր կողմից է:
Այսպիսի ցանկությունները կարող են ծագել կյանքի յուրաքանչյուր փուլում, մարդու յուրաքանչյուր տարիքում… Զգացմունքայնորեն չափազանց նշանակալի իրադարձությունների հետևանքով դրանք, որպես կպչուն գաղափար, ինքնին սահմանվում և ֆիքսվում են մեր ենթագիտակցության մեջ: Իսկ ավելի հաճախ այս ցանկությունների հիմքը դրվում է մարդու վաղ անցյալում, անգամ` մանկությունում և իր կողմից բոլորովին անկառավարելի պատճառներով: Օրինակ, մեկը կյանքում հարստություն է ուզում և ուզել է միշտ, մեկ այլ մարդ` իշխանություն, մյուսը` հասարակական ճանաչում, սեր, ընտանեկան երջանկություն, հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրություն… Եվ արդյո՞ք այս բոլոր մարդիկ գիտեն, թե ինչու են ուզում հենց այն, ինչ ուզում են: Ո´չ: Նրանք միայն գիտեն, որ իրենց ուզածը «լավ բան է»… Նրանք, իհարկե, կարող են հիմնավորել իրենց ցանկությունը, բայց նրանք նախ ցանկանում են, այնուհետև` իրենք իրենց, գուցե և այլոց համար իմաստավորում իրենց ցանկությունը:
Փաստորեն, ինչ-որ իմաստով այս ցանկությունները տրվում են մեզ ճակատագրորեն… Եվ առաջին հայացքից պարադոքս թվացող իրականությունն այն է, որ այսպիսի ցանկություններ ունեն բոլորը, բայց արդյո՞ք բոլոր մարդկանց ցանկություններն են իրականանում… Ցավոք` ոչ բոլոր: Պարզապես հաճախ մենք ինքներս ենք խանգարում այդ ցանկությունների իրականացման բնականոն ընթացքին` փորձելով բանականությամբ վերագնահատել դրանք… Եվ արդյունքում գտնում ենք շատ տրամաբանական և հիմնավոր փաստարկներ` փոխելու համար մեր նպատակների ուղղությունը, ցանկանալու մեկ այլ բան` այն, ինչն ավելի «ճիշտ է», ավելի շատ բխում է «արտաքին պայմաններից», համապատասխանում է այլ մարդկանց խորհուրդներին և այլն: Եվ այսպես, մենք ձևավորում ենք արհեստական ցանկություններ, որոնք չունեն և երբեք չեն ունենա տիեզերքի, աշխարհի վրա ներգործելու այդ մեծ հնարավորությունը, իրականացման այդ մեծ պոտենցիալը… Բայց և այնպես մեր միտքը շեղվում է մեր սկզբնական, մեր «բնական» ցանկությունից, և կիսատ է մնում մեր ցանկությունների իրականացման հաճախ արդեն սկսված ուղին… Եվ հենց այդպես էլ ստացվում է, որ ցանկությունների իրականացումը երաշխավորող՝ կյանքի նկատմամբ այս հրաշալի մոտեցումը, երբեմն, մեզ անիրական հեքիաթ է թվում…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.