«Թալանված» տաքսիստը

taxi-driver-car-vector-clipart-450w-267891587 (1)

Մեկ ամիս առաջ

Ծանր օրվանից հետո (աշխատանքային օր, որին հաջորդել էր այցը ատամնաբույժի) շտապում եմ տուն հասնել և նստում եմ Համալիրի մոտից առաջին իսկ պատահած տաքսին:
Վարորդը 60 տարեկանին մոտ մի սիրալիր մարդ էր, ով միանգամից զրույցի է բռնվում հետս.
— Աղջիկ ջան, ի՞նչ է անունդ։
— Արմինե
— Ես էլ Սոկրատ ձյաձյան եմ:
Ծանոթությանը հետևում է ինձ ուղղված հաճելի խոսքերի մի փունջ՝ կոմպլիմենտներ, բարեմաղթանքներ, եկեղեցի գնալու և ինձ ու հետագա դեռևս չծնված սերունդներիս համար մոմ վառելու խոստում և այլն:
Անձիս նկատմամբ իր ջերմ վերաբերմունքը ցույց տալուց հետո վարորդը որոշում է սրտի ցավը կիսել ինձ հետ.
— Արմինե ջան, ոնց որ հարազատ աղջիկս լինես… Բա գիտես, երեկ ինչ ա եղել հետս… Նենց բան ա եղել, որ մինչև հիմա ուշքի չեմ գալիս, ինձ լրիվ կորցրել եմ… Ժամը 23.00ն էր, օրվա փողս, փառք Աստծո, առել էի՝ 13000 դրամ… էդ փողն էլ ինչ փող, կնոջս դեղերի փողն ա… Կինս հիվանդ ա, շաքար ունի, շատ ծանր ա վիճակը… Դե ինչ գլուխդ ցավացնեմ, Արմինես, ուրեմն լսի․ քաղաքապետարանի մոտ 3 հոգի կանգնեցնում են մեքենաս՝ 2 տղա և 1 աղջիկ ու ասում. «Հոպար ջան, Հոկտեմբերյան կտանե՞ս»: Ես արդեն ուզում էի տուն գնալ, բայց տեսա էս 3 ջահելներին, ես էլ խղճով մարդ, համաձայնվեցի: Տղաներից մեկը նստեց կողքս, մյուսը՝ հետևը, այ քո նստած տեղը, աղջիկն էլ՝ իրա կողքը: Տենց տարա հասցրեցի Հոկտեմբերյան: Դե գիտես, Արմինե ջան, ինչքան հեռու ա Հոկտեմբերյանը: Հասա, կանգնեցի իրանց ուզած տեղում… Մեկ էլ էս հետևիս տղեն դանակը հանում ա, պահում ա կողքիս ու ասում. «Սաղ փողերդ հանի տուր, այ բիձա, թե չէ կխփեմ»: Ես էլ ինչ, ի՞նչ կարայի անեի, հանեցի մոտիս սաղ եղած փողը տվեցի իրանց ու մտքումս ասեցի. «Դագաղի փող անեք»:
— Վայ, Աստված իմ, ինչ ահավոր պատմություն է,- ասում եմ՝ ծանր օրվա ընթացքում կուտակված ողջ բացասական էներգիաս ուղղելով այդ երեք տականքներին,- ոստիկանություն չե՞ք դիմել, ոչինչ չե՞ք արել:
— Չէ, Արմինե ջան, ինչ կարող էի անել: Մութ էր, դեմքերն էլ չեմ հիշում:
— Դե դա էսպես չի կարելի թողնել, քանի որ վաղն էլ ուրիշ մարդու հետ նույն բանը կարող են անել: Տականքները պետք է ստանան իրենց պատիժը:
— Է, աղջիկ ջան, գնացել եմ տուն կնոջս դեղերը չառած: Տեսնում ա՝ դողում եմ, ասում ա․ «Ի՞նչ ա եղել», ասում եմ «Հեչ»: Դե հո չեմ կարա պատմեմ, որ պատմեմ՝ կընկնի կոմայի մեջ ու կմահանա:
— Հասկանում եմ: Գիտեք, իհարկե, իրենց Աստված կպատժի, բայց ոչինչ չանելն էլ ճիշտ չի: Դուք կարող եք գոնե լրատվամիջոցների դիմել: Ես Ձեզ կօգնեմ, կմիջնորդեմ, — ասում եմ՝ չկարողանալով զսպես զայրույթս ու օգնելու ցանկությունս:
Առաջարկս ընդհանրապես ուշադրության չարժանացնելով՝ մի փոքր դադարից հետո վարորդը շարունակում է.
-Արմինե ջան, քեզ մի խնդրանք ունեմ: Գազս պրծնում ա, չգիտեմ ոնց եմ լցնելու, կարո՞ղ ես ինձ գազի փողով օգնես։
Զգացածս բոլոր էմոցիաներն այն պահին փոխակերպվում են մի տեսակ անորոշության.
-Ցավոք շատ գումար չկա մոտս։
-Ինչքանով որ կարող ես։
Տեղ ենք հասնում, վճարում եմ ուղեվարձի կրկնակին, և բացասական նստվածքով ներսումս դուրս եմ գալիս մեքենայից։ Առաջին միտքս էր՝ անպայման գրել հենց նոր տեղի ունեցածի մասին և հրապարակել իմ բլոգում… Գուցե դրանով ես կօգնեմ որևէ այլ տաքսիստի, ով կհանդիպի 3 երիտասարդի, ովքեր գիշերվա ուշ ժամին շտապում են Հոկտեմբերյան… կամ էլ՝ որևէ ուղևորի, ով կհանդիպի սրտաճմլիկ պատմությամբ գազի փող խնդրող տաքսիստին:
Այդ ժամանակ, սակայն, ոչինչ չեմ գրում… Չի ստացվում, չեմ հասցնում…

Այսօր

Շաբաթ օր: Առավոտ: Շտապում եմ դասընթացի և նորից նստում եմ առաջին իսկ պատահած տաքսին: Եվ ի՞նչ: Ծանոթ վարորդ՝ նույն ինքը Սոկրատ ձյաձյան, ով, սակայն, ի նպաստ պատությանս ավելի հետաքրքիր և ամբողջական լինելուն, բոլորովին չի հիշում ինձ.
— Աղջիկ ջան, ի՞նչ է անունդ
— Արմինե
— Ես էլ Սոկրատ ձյաձյան եմ:
Եվ այստեղ Սոկրատ ձյաձյան պատմում է իր հետ երեկ տեղի ունեցած պատմությունը, որը բառ առ բառ լսել էի մեկ ամիս առաջ… Եվ, իհարկե, որպես տրամաբանական շարունակություն, խնդրում, որպեսզի գազի փողով օգնեմ…
Սիրելի ընթերցող, ինչպե՞ս կվարվեիք Դուք իմ փոխարեն և ի՞նչ եք կարծում՝ ինչ արեցի ես: Դե, իհարկե, բացի այն, որ տուն վերադառնալուն պես վերջապես գրեցի այս պատմությունը, վերնագրում ավելացրեցի չակերտները և որոշեցի հրապարակել՝ արդեն հստակ իմանալով, թե ինչու և ում համար:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.