Յուրաքանչյուր մարդու մեջ իրականում մի քանիսն են ապրում ՝ երբեմն միմյանց հետ հաշտ, երբեմն էլ կոնֆիլկտային պայմաններում։ Չէ՞ որ հաճախ դժվարանում ենք որոշում կայացնել, չենք կողմնորոշվում, թե ինչ ենք ուզում իրականում. պարզապես մեր 2 կամ գուցե 2ից ավելի Ես-երն այդ պահին միմյանց հակասող բաներ են ակնկալում…
Երբեմն մենք ինքներս էլ այնքան տարբեր ենք լինում՝ ասես լիովին տարբեր մարդիկ լինենք..
Եվ յուրաքանչյուրիս խնդիրն է հաշտեցնել մեր ներքին ես-երին այնպես, որ նրանք «ասես մեկ մարդ դառնան»: Այդ դեպքում միայն մենք կլինենք ներդաշնակ, խաղաղ ու երջանիկ:
Դանիել Քիզի «Пятая Салли» գիրքը հոգեբանական շեղումի մասին է, որի դեպքում մարդու ներքին ես-երը ապրում են յուրաքանչյուրն իր լիարժեք և մեկը մյուսից անկախ կյանքով: Գրքի հերոսները 4 կանայք են՝ մեկ մարմնում: Եվ հոգեբանը փորձում է միավորել այս 4 կանանց՝ ստեղծելով 5-րդ կնոջ կերպարը:
Գիրքը արտասովոր և կլանող սյուժե ունի, ինչի շնորհիվ այն կգրավի շատ ընթերցասերների: Միևնույն ժամանակ, Դանիել Քիզի այս ստեղծագործությունը առավել կհետաքրքրի մասնագիտությամբ հոգեբաններին կամ հոգեբանությամբ հետաքրքրվող մարդկանց, քանի որ, թեև գրքում ներկայացված պատմությունը հորինվածք է, այսպիսի պատմություններ իրականում կան և եղել են: Սա մարդկային հոգաբանության բացառիկ հետաքրքրություն ներկայացնող երևույթ է, ինչպես նաև արժեքավոր է այսպիսի շեղումի դեպքում հիվանդի հետ աշխատելու փորձը, ինչը բավական լավ մատուցված է գրքում:
