Ուրեմն ուզում ես գրող լինել
եթե քո ներսից չի բխում
չնայած հանգամանքներին,
մի՛ գրիր:
եթե չի բխում առանց հարցնելու
սրտիդ կամ մտքիդ
կամ բերանիդ ու զգացմունքներիդ,
մի՛ գրիր:
եթե ստիպված ես նստում ժամերով
համակարգչիդ առաջ կամ
գրամեքենայիդ՝
փորձելով բառեր գտնել,
մի՛ գրիր:
եթե փողի համար ես անում,
կամ հայտնի դառնալու,
մի՛ գրիր:
եթե անում ես դա կանանց
հետ անկողին մտնելու համար,
մի՛ գրիր:
եթե ստիպված ես նստել
ու նորից ու նորից վերափոխել՝
մի՛ գրիր:
եթե նույնիսկ դրա մասին մտածելն է
դժվար,
ուրեմն մի՛ գրիր:
եթե փորձում ես ինչ-որ մեկի նման գրել,
մոռացի՛ր այդ մասին:
եթե ստիպված ես սպասել, որ ներսիցդ բխի,
ապա համբերատար սպասի՛ր:
եթե այդպես էլ չբխի,
ուրիշ բանով զբաղվի՛ր:
եթե առաջինը տալիս ես, որ կինդ,
կամ ընկերուհիդ, կամ ընկերդ,
կամ ծնողներդ, կամ այլ ծանոթ մարդ կարդա,
ուրեմն պատրաստ չես:
մի՛ նմանվիր մյուս գրողներին,
մի՛ նմանվիր այն հազարավոր մարդկանց,
որոնք իրենց գրող են անվանում,
մի՛ եղիր ձանձրալի ու տաղտուկ,
ու ձևական, եսասիրությամբ մի՛ լցվիր:
աշխարհի գրադարանները
քուն են մտել
քո տեսակին սպասելով:
մի՛ ավելացիր այդ շարքին,
մի՛ գրիր:
եթե հոգուցդ չի բխում
հրթիռի պես,
եթե չես խելագարվի կամ
ինքնասպան չես լինի կամ չես սպանի ինչ-որ մեկի,
եթե չգրես,
մի՛ գրիր:
եթե արև չի վառվում
քո ներսում,
մի՛ գրիր:
երբ իսկապես ժամանակը լինի,
և եթե դու ընտրյալ ես,
այն ինքն իրեն կգրվի,
և կշարունակի գրվել
մինչև մահդ, կամ մինչև այն կմեռնի քո ներսում:
չկա ոչ մի այլ ճանապարհ,
և երբեք էլ չի եղել։