Այս տունը, որում օրական 2-3 ժամ էի անցկացնում, այս օրերին դարձել է իմ ամբողջ աշխարհը…
Իսկ աշխարհն իմ ավելի փոքր ու դատարկ չէ, քան նախկինում էր… ավելին՝ այս օրերին այն ավելի, քան երբևէ լեցուն է ու բազմազան: Այո, ֆիզիկապես սա տան 4 պատերն են, բայց որքան իրադարձություններ, մտքեր ու էմոցիաներ կան հիմա այստեղ. ես անվերջ կարդում եմ, դիտում եմ լավագույն ֆիլմերը… մտածում եմ, զգում, վերլուծում ու հասկանում…
Նախկինում իմ աշխարհում այնքան շատ մարդ կար, որ ինքս ինձ համար գրեթե ժամանակ չէր մնում… Այս օրերին ես ինձանից կարոտս առա… Վերջապես ինձ համար հասանելի դարձավ այն, ինչը խեղդվում էր կյանքի ընդհանուր աղմուկում և այդպես էլ սրտիս ու մտքիս չէր հասնում:
Իմ սովորական իրականությունից լինելով հեռու՝ հասկացա ինչն եմ ես իրականում կարևորում և որքան եմ կարևորում:
Կյանքիս որոշ կողմեր, որ անփոխարինելի և կենսական էին թվում, պարզվեց՝ նույնիսկ անհրաժեշտ չեն… Ես չէի պատկերացնում, որ կարելի է գոնե մի քանի օր ապրել առանց սոցիալական կյանքի… բայց ապրում եմ և անգամ՝ ավելի լավ… սովորական իրականություն վերադառնալիս՝ այս և նման բաների դերը կքչացնեմ իմ կյանքում:
Որոշ սովորական, առօրեա բաներ անչափ կարոտեցի ու սիրեցի ավելի շատ… օրինակ՝ փողոցում քայլելը. աննպատակ, ուղղակի ու երկար… Այսպիսի բաների դերը կմեծանա իմ կյանքում սովորական իրականություն վերադառնալիս:
Եվ կան այնպիսի բաներ էլ, որ երկար եղել են առօրեայիս մի մասը, իսկ հիմա դրանց մասին նույնիսկ չեմ հիշում… Սրանք իմ կյանքի ՛՛պարտադրված բաղադրիչներն՛՛ էին, իմը չեն և չեն էլ եղել… Սրանք բեռ էին, որոնցից կթոթափեմ ուսերս սովորական իրականություն վերադառնալիս:
Իսկ որոշ սիրուն բաներ էլ, չհամարվելով առաջնային , ժամանակի սղության պատճառով ընդհանրապես տեղ չէին գտնում իմ կյանքում… օրինակ՝ բազմաթիվ նոր համեղ կերակրատեսակներ , սննդային նոր սովորություններ, կենսակերպի փոփոխություններ ուղղված ֆիզիկական և հոգևոր առողջությանը… Այս օրերին ես ժամանակ գտա իրականում կարևոր այս բաների համար… Եվ սրանք կդառնան կյանքիս մի մասը նաև սովորական իրականություն վերադառնալիս:
Այս ամենն այս օրերին բոլորիս հետ է կատարվել ու կատարվում… Եվ պետք է ուշադիր լինենք ինքներս մեր ու մեր զգացողությունների նկատմամբ… Իսկ սովորական իրականությունը կվերադառնա… Պարզապես մենք, օգտվելով այս դադարից ու ժամանակ տրամադրելով ինքներս մեզ, կարող ենք այն դարձնել ավելի լավը մեզ համար, քան նախկինում էր…
