— «Ասել մարդուն, որ նա հասկանա, որ…»… Այս խոսքերը ես երևի երբեք չեմ հասկանա… Ինձ համար հասկանալ՝ չի նշանակում տեղյակ լինել, չի նշանակում բազմիցս լսած և ականատես եղած լինել… Ասելով «ես հասկացել եմ»` ես միշտ ի նկատի ունեմ «սեփական փորձի (գուցե և բազմիցս կրկնված) արդյունքում այդ մտքին ինքս հանգել եմ»: Գրքերը և այլ մարդկանց հետ զրույցները մեզ կարող են գեթ օգնել վերհիշել այն, ինչը մենք արդեն գիտենք: Չէ՞ որ մենք սիրում ենք կարդալ և մարդկանցից լսել այն, ինչն արդեն գիտենք մեր փորձից ելնելով, ինչն արդեն գուցե և ենթագիտակցաբար հասկացել ենք, իսկ այն ինֆորմացիան, որի հետ մեր փորձը չի առնչվել, մենք բաց ենք թողնում կամ էլ շատ շուտ մոռանում… Ուստի, գրելով այն, ինչ հասկացել եմ` ես չեմ փորձում ընթերցողներին ևս օգնել որևէ բան հասկանալ: Առավելագույնը, ինչ կարող եմ անել, օգնելն է նրանց վերհիշել այն, ինչը նրանք ևս հասկացել են… Այդ դեպքում նրանց հաճելի կլինի ընթերցել այս տողերը: Հնարավոր է նաև, որ շատերի հետ այսօր մեր մտքերը չհամընկնեն, և նրանք միայն հետագայում հասկանան այն, ինչը կկարդան հիմա կամ էլ, գուցե, հետագայում հասկանան գրվածների ուղիղ հակառակը…
— Հաճախ մենք ապրանքի որակի մասին պատկերացում ենք կազմում միայն գնապիտակին նայելուց հետո… Մեր` որպես «ապրանքի» գինը միայն մենք ենք որոշում, իսկ գնապիտակը մեր վարքն է` դրսևորված ինքնավստահության այս կամ այն աստիճանով: Ուստի, եղեք չափազանց ինքնավստահ… Երբեմն վստահությունը մարդուն ավելի մեծ հնարավորություններ է տալիս, քան «բարձր որակի» բոլոր օբյեկտիվ չափորոշիչները:
— Բոլորս էլ հակված ենք մեր կյանքը պլանավորելու… Մենք ինքներս ենք ուզում որոշել, թե կյանքի որ ժամանակահատվածում ինչով ենք զբաղվելու. կարիերայի զարգացում, արվեստ, անձնական կյանքի կարգավորում և այլն: Եվ երբ տվյալ ժամանակահատվածը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, չի տալիս մեզ «մեր ուզածն» անելու հնարավորությունը, մենք հուսահատվում ենք և հաճախ ոչինչ չենք անում… Սպասում ենք կյանքի համապատասխան փուլի… Այնինչ կյանքում յուրաքանչյուր փուլ և ժամանակահատված մեզ պատահաբար չի տրվում… Յուրաքանչյուր իր, իրադարձություն և ժամանակահատված կյանքում իր օգտագործման ձևն ու նպատակն ունի…Պետք է գտնել կյանքում յուրաքանչյուր պահի (ամենամասնավոր և գլոբալ իմաստով) օգտագործման առավել արդյունավետ ձևը մեզ համար և անպայման օգտագործել…
— «Ես հիմա շատ եմ ուզում, բայց չեմ անի մինչև չ…., ….. պատճառով»: Ցանկությունը էական է այն պահին, երբ այն առաջանում է: Հենց այդ պահին է ցանկությունը կոչվում պահանջմունք. մի բան, որն անհրաժեշտ է բավարարել: Բայց մենք հաճախ ցանկությունների բավարարումը հետաձգում ենք վաղվան, իսկ վաղն այսօր ծագած և չբավարարված ցանկությունը ոչ թե պահանջմունք, այլ գլոբալ անբավարարվածության և տխրության զգացողության չգիտակցված պատճառ կլինի: Հետ դառնալով և իրականացնելով վաղուց ծագած և ճնշված ցանկությունները` բավարարվածություն չենք զգա, գուցե և չզգանք ոչինչ, քանի որ բավարարվածության զգացումը առաջանում է պահի պահանջմունքին ընդառաջ գնալուց: Դա միևնույնն է, ինչ սոված ժամանակ հաց չուտելը` հետաձգելով դա մի քանի ժամով… Այսպես բոլորի հետ էլ պատահել է… Բայց մի քանի ժամ անց հնարավոր է արդեն ոչ թե սով զգանք, այլ պարզապես վատ ինքնազգացողություն ունենանք, որը, սակայն, միայն հաց ուտելով գուցե և չհաղթահարվի: Իսկ հաց ուտելիս էլ, անշուշտ, չենք ունենա այն դրականը` բավարարվածության զգացումը, ինչը կունենայինք ժամեր առաջ
— Կյանքի բոլոր ոլորտներում դրական էմոցիաներ ունենալու հիմքը և միակ ու հավաստի երաշխիքը մարդկային լավ հարաբերություններն են: Իսկ դրանք հաստատվում են, եթե ոչ շահի (նեղ իմաստով), ապա համակրանքի միջոցով, ինչը ծնվում է մարդկային հմայքից: Այս պարզ տրամաբանությունից հետևում է, որ հմայքը միակ ու անդրդվելի ուժն է, որը կարող է փոխարինել այլ ուժերի և փոխակերպվել դրանց` փող, իշխանություն, հեղինակություն, լավ շրջապատ… Ընդ որում, փոխակերպվել` ոչ թե սպառվելով, այլ` բազմապատկվելով: Այսպիսով, մարդու ամենաուժեղ տեսակը հմայիչ մարդն է (ո´չ հարուստը, ո´չ իշխանություն կամ հեղինակություն ունեցողը, ո´չ խելացին, ո´չ գեղեցիկն անգամ), հենց հմայիչ մարդը, առավել ևս, եթե նա գիտակցում է իր ուժը:
Հատված «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքից