
Յուրաքանչյուրս ունենք մեր ուղին, որին պետք է հետևենք և այն առաքելությունը, որը պետք է կատարենք կյանքում: Եվ երբ մենք գնում ենք այդ ուղիով, Աստված միշտ մեզ հետ է… Իսկ եթե մոլորվում ենք և փորձում ենք շեղվել մեր ուղուց, Աստված օգնում է մեզ վերադառնալ…
Այս պատմությունը ներկայացնում է միջնադարյան ժամանակաշրջանը: Պատմության հերոսը բժիշկ է, ով, չնայած կյանքի բոլոր դժվարություններին, անվերապահորեն կատարում է իր առաքելությունը` բժշկել և հոգ տանել յուրաքանչյուրի մասին, ով ունի դրա կարիքը…
Գիրքը գրավում է առաջին իսկ տողերից և կարդացվում է մեկ շնչով…
Հիացմունքի արժանի բժիշկի կերպարը հեղինակը բացահայտում է ընթերցողին աստիճանաբար. էջ առ էջ, դրվագ առ դրվագ, բացահայտում է բնական կերպով և ամբողջապես…
Գիրքն ընթերցելիս խորապես սուզվում ես յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր հերոսի պատմության մեջ, ցավում ես և ուրախանում յուրաքանչյուրի համար:
Գրքի սյուժեն հետաքրքիր է. որոշ հատվածներում՝ խորհրդավոր , որոշ հատվածներում՝ անկանխատեսելի շրջադարձներով լի, որոշներում էլ՝ ուսուցանող… Իսկ ընդհանուր առմամբ գիրքն ամբողջությամբ ողողված է բարոյական և հոգևոր արժեքներով, ինչը ունիվերսալ նշանակություն է հաղորդում գրքին: Ունիվերսալ՝ յուրաքանչյուր տրամադրության, յուրաքանչյուր ընթերցողի և յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար:
Չնայած ներկայացված պատմությունը մոտ է կյանքին, և գրքում կան ինչպես ուրախ, այնպես էլ տխուր իրադարձություններ, գիրքը բացառապես հաճելի նստվածք է թողնում:
Ինքս ընթերցել եմ գիրքը հետաքրքրությամբ և հաճույքով , իսկ փակել եմ այն ՝ բարության և հանգստության զգացողությամբ լի :