
Մենք փոքր ենք, այո,
Փոքր՝
Լեռների ծերպերից սուրացող
Այն քարի նման,
Որ հովտում ընկած
Ժայռի ու՜ժն ունի:
Փոքր՝
Մեր անսանձ գետակների պես,
Որոնք վիթխարի ուժ են ամբարել,
Անծանոթ՝ հովտի ծույլ-ծույլ գետերին:
Փոքր ենք,
Բայց ինչպես գնդակը՝ փողում,
Ինչպես կաղնու սերմն՝
Արգավանդ հողում,
Ոսկու մի հատիկ,
Որ վերևից է նայում
Կապարի ու թուջի քաշին:
Մենք փոքր ենք,
Սակայն համեմունք ենք մենք,
Աղն այն մի պտղունց,
Որ համն է տալիս մի ամբողջ ճաշի:
Մենք փոքր ենք, այո,
Ձեզ ո՞վ էր ասում
Մեզ սեղմեք այնքան,
Որ մենք ստիպված ադամանդ դառնանք:
Ո՞վ էր ստիպում՝
Մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
Որ միշտ մեզ տեսնեք՝
Ուր էլ որ գնաք:
Մենք փոքր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բյուրականից մինչ լուսին է հասնում եւ
Լուսավանից մինչև
Ուրարտու:
Փոքր՝
Այն հրաշք
Ուրանի նման,
Որ դար ու դարեր,
Փայլում է, շողում,
Սակայն չի հատնում: