
Այս մղձավանջային իրավիճակում հետաքրքիր մի բան կա. դիտել, թե ինչպես են արթնանում մարդիկ: Զարթնելու ձևում թե ՛ մարդու բնավորությունն է, թե ՛ խելքը, թե ՛ կամքը, թե ՛ ուժը…
Ոմանք զարթնում են մի թեթև հպումով, իսկ ոմանց փոթորիկն անգամ ունակ չէ արթնացնել…
Ոմանք զարթնում են անաղմուկ: Այս մարդիկ որևէ մեկին որևէ բան չեն ուզում ցուցադրել: Պարզապես նայում ես մարդու դեմքին և տեսնում, որ աչքերը լայն բաց են, իսկ դեռ ոչ վաղ անցյալում նա խորը քնած էր… Այսպիսի մարդկանց համար ուրախանում ես միայն:
Կան մարդիկ էլ, որ, հակառակը. զարթնելուն պես գոռում են. «խաբեցին, հիասթափվեցինք, սխալվեցինք, այս ի՞նչ արեցին»… Այսպիսիները պարզ մարդիկ են. նրանց համար թե ուրախանում ես, թե մի քիչ էլ հիանում իրենց տեսակով…
Ոմանք զարթնելուց հետո ամեն ջանք գործադրում են ձևացնելու համար, որ երբևէ քնած չեն էլ եղել… Զարթնելու փաստն այս դեպքում ուրախացնող է, իսկ զարթնելուց հետո վարքը՝ զվարճալի…
Ոմանք էլ արթնանալուց հետո ավելի ամուր են փակում աչքերը ՝ քնած ձևանալու համար…
Բայց․․․ Չէ՞ որ ուժեղը նա չէ, ով ԵՐԲԵՔ չի սխալվում: Այդպիսի մարդիկ չկան: Ուժեղը նա է, ով կարողանում է սկզբում ինքն իրեն, այնուհետև բարձրաձայն ասել. «Ես սխալվում էի»…
Եվ կան այնպիսիներն, ովքեր այդպես էլ չեն զարթնում… կամ էլ ՝ շարունակ քնած են ձևանում: