
Getty Images
Մարդկության պատմության ակունքներից ի վեր ամուսնության ինստիտուտը բազմիցս փոխել է իր ձևը, բայց մի բան այնուամենայնիվ անփոփոխ է մնացել. խոսքն ամուսնական անհավատարության մասին է:
Լինելով դատապարտելի գործողություն գրեթե բոլոր ժամանակների բոլոր հասարակություններում՝ ամուսնական անհավատարմությունը միևնույնն է ամենուր եղել և մնում է ամենատարածված երևույթներից մեկը: Ինչու՞ է այդպես:
Ինչու՞ են մարդիկ արտաամուսական հարաբերությունների մեջ մտնում, որո՞նք են հիմնական դրդապատճառները, ի՞նչ հետևանքներ ունի ամուսնական անհավատարմությունը և ինչպե՞ս խուսափել այդ երևույթից:
Այս բոլոր հարցերի պատասխաններին է նվիրված հոգեբան Էսթեր Պերելի այս գիրքը, որում ներկայացված բազմակողմանի վերլուծության հիմքում ընկած է ամուսնական անհավատարմության խնդրի հետ առնչված զույգերի հետ հոգեբանի աշխատանքի տարիների փորձը:
Որպես ընթերցող նշեմ, որ թեև գրքի առաջին էջերն ընթերցելու ընթացքում ինձ մոտ տպավորությունն այնպիսին էր, որ գիրքը զուտ նկարագրողական բնույթ է կրում, պատկերը լիովին փոխվում է գրքի մոտ մեկ երրորդ մասը կարդալուց հետո. հեղինակը ներկայացնում է ամենաստանդարտ խնդրի ոչ ստանդարտ ասպեկտներն ու տալիս է իրական, բայց և այնպիսի լուծումներ, որոնք ներկայումս շատ քիչ հասարակություններ են պատրաստ ընդունել:
Եվ գիտակցելով ամուսնության ինստիտուտի ներկայիս ձևի ակնհայտ թերություններն ու խնդիրների անխուսափելիությունը, գիրքն ընթերցելիս մտածում ես, թե արդյոք որևէ բան հնարավոր է փոխել համամարդկային կյանքում և եթե այո, ապա՝ ինչպես և երբ:
Գիրքն ընթերցել խորհուրդ եմ տալիս միանշանակորեն: Ավելին, որպես սոցիոլոգ՝ այս գիրքը համարում եմ օգտակար ու արժեքավոր գրականություն հոգաբանների, սոցիոլոգների, սոցիալական աշխատողների համար: