
Սիրտ իմ,արի Էլ չկռվենք,
Էլ չլինենք մանր ու թեթեւ.
Մի անգամ լավ բացատրվենք
Ու հաշտ լինենք այնուհետեւ:
Արի,փռեմ գորգն այս խավոտ,
Քունն իմ աչքից հեռու վանեմ,
Նստեմ քեզ հետ մինչ առավոտ,
Հանցանքներս քեզ խոստովանեմ…
ճիշտ որ քեֆիդ շատ եմ դիպել,
Շատ եմ հանձնել հոգսի ամպին,
Հողմ է հաճախ քեզ հանդիպել,
Երբ դու հով ես փնտրել ճամփին:
Երբեմն ինձնից վարդ ես խնդրել,
Շանթ եմ դրել ափերիդ մեջ,
Բայց դու էլի վիշտդ ցրել
Ու կանչել ես քո ձայնով մեկ
Հուշերի հետ քեզ իբրեւ գանձ,
Երազի հետ ու կարոտի,
Բաժանել եմ բոլոր մարդկանց,
Սիրտ իմ,առանց մնացորդի:
Վառել եմ քեզ հազար անգամ,
Այրել եմ քեզ մանկուց ի վեր,
Բայց դու էլի քո սեփական
Մոխիրներից ելել ես վեր:
Ելել էս վեր…եւ վերստին
Բաբախում ես իմ կրծքի տակ
Եվ առաջվա նման անքեն,
Եվ առաջվա նման շիտակ:
Սիրտ իմ,չէ՞ որ այս աշխարհին
Խոսքեր ունենք դեռ ասելու,
Ծովեր ունենք ճանապարհին,
Սերեր ունենք երազելու…
Ուրեմն արի էլ չկռվենք,
Էլ չտանջենք մենք իրարու,
Մի անգամ լավ բացատրվենք
Եվ մանրուքից մնանք հեռու…