
Սիրային կախվածությունը երևի այն միակ զգացողությունն է, որը երկար ժամանակ կարող է պայքարել ինքնապահպանման բնազդի դեմ՝ մեկ հաղթելով, մեկ՝ պարտվելով:
Իրական պատմության վրա հիմնված կանադական այս մինի սերիալը ընտանեկան բռնության մասին է: Թեև թեման բավականին տարածված է կինոարվեստում, սերիալը բացառիկ է: Յուրաքանչյուր ֆիլմ այս թեմայով դիտարկում է ցավալի երևույթի որևէ ասպեկտը խորությամբ՝ հասարակության վերաբերմունքը, բռնության դիմող անձի մոտիվները, բռնության դեմ պայքարելու հնարավոր տարբերակները… Այս սերիալն, ասես, մանրադիտակով և մաքսիմալ հասկանալի կերպով ներկայացնում է բռնության զոհի հոգեբանությունը : Սերիալի դիտումից հետո շատերիս համար պարզ է դառնում այն հարցի պատասխանը, թե ինչու են շատ կանայք բազմակի անգամներ հանդուրժում իրենց նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնություն զուգընկերոջ կողմից… Ինչպես է առհասարակ հնարավոր այդ անմարդկային երևույթի գոյությունը մարդու կյանքում:
Եվ շատերն, ովքեր բարեբախտաբար մոտիկից երբևէ չեն առնչվել բռնության թեմային, լսելով նման դեպքերի մասին, բռնության զոհի հանդեպ լցվում են քննադատությամբ… Իսկ այս սերիալը շատ բան է բացատրում, ինչից հետո քննադատության զգացումին միանշանակ փոխարինում է խոր կարեկցանքն ու հասկացումը… Խնդրի խորը հասկացումն ու ցավը…