
Ինչու՞ ենք մենք լույս աշխարհ գալիս… Որպեսզի սկզբում սովորենք քայե՞լ, խոսե՞լ, գնանք մանկապարտե՞զ, այնուհետև դպրո՞ց, հետո մասնագիտությու՞ն ձեռքբերենք, ամուսնանա՞ք, ունենանք երեխանե՞ր և… Մի՞թե բոլորս նույն նպատակներն ունենք, այն էլ՝ ի սկզբանե ֆիքսված և սերնդե սերունդ փոխանցվող նպատակներ:
Իհարկե՝ ոչ: Մեզանից յուրաքանչյուրն ունի մի առաքելություն, որի շնորհիվ կյանքը ստանում է ունիկալ իմաստ: Եվ այդ առաքելության մասին որևէ տեղ գրված չէ, այդ մասին ծնողները մեզ չեն տեղեկացնի, դպրոցում կամ համալսարանում չենք սովորի: Այդ առաքելությունը մենք միայնակ պետք է գտնենք, իսկ այ գտնելուց հետո ամբողջ աշխարհն էլ կարող է ոտքի կանգնել, որպեսզի օգնի մեզ իրագործել այն:
Այդ առաքելությունը Ջոն Ստրելեքին այս գրքում անվանում է Մեծ հնգյակ և արկածային պատմության միջոցով հասցնում է ընթերցողին այդ Մեծ հնգյակի կարևորությունը;
Գիրքը մեծ հաճույքով է ընթերցվում շնորհիվ թե հետաքրքիր պատմության, թե խորիմաստ մտքերի, որոնցով հագեցած է յուրաքանչյուր դրվագի նկարագրությունը:
Այս գիրքն ընթերցելիս հաճախ կվերընթերցեք նույն տողերը, կընդգծեք, կարտագրեք, գուցե և դրանց հիման վրա կյանքում մի բան փոխեք…
Ես այն հաճույքով խորհուրդ կտամ յուրաքանչյուր ընթերցասերի: Իհարկե, որոշ ընթերցասերներին գիրքը կօգնի կյանքը հիմնովին փոխել, որոշներին գուցե շատ ճիշտ պահի կհիշեցնի կարևորագույն արժեքների մասին, որոշների համար էլ հոգեհարազատ մտքերի գեղեցիկ շարադրանք կլինի, որը պարզապես մեծ բավականություն կպարգևի:
Ստրելեքիի գրքերից երկրորդն է, որ ես կարդացել եմ: Եթե կհավանեք, այս գիրքը, սիրով կառաջարկեմ նաև առաջինը: