
Ուրիշի նկատմամբ զգացմունքը, որը ծագում է որպես լույսի մի շող համատարած մթույթյան մեջ, հաճախ վերածվում է կախվածության։ Եթե անգամ այդ զգացմունքն ավելի շատ ցավ և տառապանք է պատճառում, քան հաճույք, մենք դժվարանում ենք այն հաղթահարել։ Իսկ երբ գիտակցում ենք, որ այն վնասակար է, մեր միտքն ու գործողությունները ուղղում ենք զգացմունքի հաղթահարմանը, բայց այն դրանից չի մարում, այլ՝ ավելի վառ է փայլում։ Իսկ ի՞նչ ենք ուզում համատարած մթության մեջ միակ լույսի շողից:
Հաղթահարելու համար այն պետք է ոչ թե զգացմունքի կամ այն մարդու դեմ պայքարել, ում ուղղված է զգացմունքը, այլ՝ համատարած մթությունը ցրել՝ ձանձրույթը, անիմաստությունը, աննպատակությունը փոխարինելով իմաստով, իմաստությամբ, բարձր նպատակներով․․․ Իսկ երբ մեր աշխարհն աստիճանաբար լուսավորվի, ի՞նչ դեր կարող է կատարել լույսի մի շողը․․․ այն չի նկատվի, չի նշմարվի, այլևս չի շողա այդպես։