
Հոգեվերլուծաբան և տաղանդավոր գրող Իրվին Յալոմն այս ստեղծագործության միջոցով մեզ է հասցնում այն միտքը, որ մեր յուրաքանչյուր խնդրի, մեծ և փոքր բոլոր մտահոգությունների արմատը մարդկային գոյությանն առնչվող այս հարցերն են․
- Մեզնից յուրաքանչյուրի և մեր սիրելի մարդկանց մահվան անխուսափելիությունը
- Մեր անխուսափելի ազատությունը դարձնել մեր կյանքն այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում
- Մեր ծայրահեղ միայնությունը
- Կյանքի՝ որևէ ակնհայտ իմաստի բացակայությունը
Յալոմն այս գրքում կիսվում է մեզ հետ հոգեթերապևտիկ 10 պատմություններով։ Նա մանրամասնությամբ ներկայացնում է ամենատարբեր խնդիրներն ունեցող հիվանդների հետ աշխատելու փորձը․ այն, թե ինչպես է կապված եղել յուրաքանչյուրի խնդիրն ավելի խորն արմատների հետ, ինչպես է տարվել աշխատանքն ու ինչպես է ստացվել օգնել նրանցից յուրաքանչյուրին։ Սա չափազանց անկեղծ գիրք է, որում հեղինակն անդրադառնում է նաև իր ներանձնային կոնֆիլկտին՝ որպես մարդ և որպես հոգեբան, ցույց է տալիս իր ունեցած դժվարությունների և սուբյեկտիվ մոտեցումների հաղթարարման փորձը որոշ «բարդ» հիվանդների հետ աշխատանքում։
Գրքում արտացոլված միտքը, որ մեր յուրաքանչյուր խնդրի արմատն այլ է, քան մենք մտածում ենք, հանգեցնում է մեզ լիովին այլ հարթության մտորումների։
Առօրեա կյանքում մեր մտքերն ուղղված են հենց միայն մեր կենցաղային խնդիրների հաղթահարմանը, որոնք մենք, անշուշտ, կարողանում ենք որևէ կերպ լուծել․․․ Այնուհետև, մի խնդրին հաջորդում է մյուսը․․․ Իսկ արմատական պատճառը կարող է հաղթահարվել միայն գիտակցված մոտեցմամբ կյանքի նկատմամբ և այլ, ավելի խորը, հիմնավոր հոգևոր գիտելիքով։ Էքզիստենցիալ մտքերը, որոնք ծագում են գիրքն ընթերցելիս, օգնում են տեսնել այդ արմատներն ու առնվազն ցանկություն են առաջացնում կարողանալ ընդունել դրանք և կարողանալ «ապրել դրանց հետ»։ Սա արդեն այլ, ավելի խորը, ներքին, հոգևոր աշխատանք է։ Կարծում եմ՝ գրքի հիմնական իմաստն ընթերցողին մի քայլ մոտեցնելն է այդ աշխատանքին։