
Ամենավտանգավոր մտքերից մեկը, որ կարող է այցելել մարդուն, ուրիշի կյանքին միջամտելն է: Ով էլ դուք լինեք, ինչպիսին էլ լինեն ձեր նպատակները, դուք երբևէ չեք կարող հստակ իմանալ, թե ինչն է այլ մարդու համար լավ, իսկ ինչը՝ ոչ: Իսկ այլ մարդուն փրկելու, ճիշտ ուղին ցույց տալու, «աչքերը բացելու» և նման բարեգործական մոտիվներ ունեցող արարքները միշտ անկանխատեսելի են իրենց հետևանքներով:
Այս գիրքը հետաքրքրությամն ընթերցվող և իսկապես անսպասելի վերջաբանով դետեկտիվ է:
Ամուսնուն սպանելուց հետո հայտնի գեղանկարչուհին հայտնվում է հոգեբուժարանում: Կինն այն հազվադեպ հիվանդներից է, ով որևէ բառ անգամ չի արտասանում, իսկ նրա հետ կատարված դեպքը չափազանց առեղծվածային է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս բոլոր հարցերի բացահայտելու և իրականությունը ջրի երես հանելու խնդիրն իր առջև դրում է կնոջ հետ աշխատող հոգեբույժը, ով որևէ ջանք չի խնայում իր հիվանդին օգնելու համար:
Գիրքն ընթերցելուց հետո իմացա, որ գրքի հեղինակն իրականում սցենարիստ է, ով բազմաթիվ լավ ֆիլմեր ունի հեղինակած: Եվ, զարմանալի չէ… Ընթերցանության ամբողջ ընթացքում մտածել եմ, թե այս գիրքն ինչ հրաշալի ֆիլմի սցենար կլիներ : Այնպիսի ֆիլմի, որ նայում ես կլանված մինչև վերջին դրվագը… Իսկ վերջաբանի պարգևած անգերազանցելի զգացողությունները ամեն բան ներսդ տակնուվրա են անում:
Թերևս, այսպիսի գրքեր հազվադեպ են հանդիպում: Եվ այս գիրքը մեկն է այդ եզակիներից:
Յուրահատուկ և հոյակապ մտածված սյուժե, որում ամեն մանրուքը հաշվի է առնված: Վայելեք այս գիրքը հանգիստ և շատ ուշադիր, որպեսզի ոչ մի բան բաց չթողնեք և ամբողջապես ստանաք այն էմոցիաները, որոնք հեղինակը նախատեսել է ձեզ համար:
լուսանկար @bookishookblog.wordpress.com