
Ամուսնությունը վերցնում է ամենակարևորը՝ ազատությունը… փոխարենը յուրաքանչյուրը նրանից մի մեծ բան է ակնկալում. այն հանուն ինչի ազատությունն է զիջել: Շատերի դեպքում այդ մեծ բանը սիրով լի հարաբերություններն են…
Ու ամբողջ ընթացքում այդ հարաբերությունները պետք է փոխհատուցեն ազատության կորուստը…
Մրցելով ազատության հետ՝ ամուսնական հարաբերություններն իսկապես մեծ խնդիր են դնում իրենց առաջ… Եվ պետք է իմաստուն լինել:
Ի սկզբանե վերցնելով ազատությունը գլոբալ առումով՝ պետք է կարողանալ այն վերադարձնել մանրուքների միջոցով՝ չխանգարել զուգընկերոջը ընտրել ժամանցի ձևը, ուտեստները, ընկերական շրջապատը և այլն…
Այլապես ամուսնությունը վերածվում է թակարդի՝ հյուսված թեկուզ մեր բարի կամքից, մեծ սիրուց ու լավ նպատակներից: Իսկ թակարդից ուզում են դուրս գալ ամեն գնով… ուզում են, եթե անգամ չեն գիտակցում… Եվ ի վերջո դուրս են գալիս:
Հոյակապ դրամա հարաբերությունների մասին… ֆիլմ, որը ներկայացնում է ամուսնական հարաբերությունների թերևս բավականին տարածված մոդել և օգնում է հասկանալ ինքներս մեզ, զգալ դիմացինին: Իսկ ֆիլմի հաղորդածը կարող են լինել ևս մեկ քայլ դեպի ճիշտ, կայուն հարաբերությունների կառուցում: