
Աշխատանքից դուրս եմ գալիս, մտնում կողքի սուպերմարկետը, որպեսզի օրվա գնումներս կատարեմ, հետո էլ տաքսի պատվիրեմ և տուն գնամ։
Եվ հանկարծ տեսնում եմ իմ նախընտրած սպասքը: Քանի որ մենակ էի և ինձ մեծ քանակություն էր հարկավոր, մտածում եմ՝ կդժվարանամ այն տուն բարձրացնել:
— Դուք ունե՞ք առաքման ծառայություն,- հարցնում եմ վաճառողուհուն:
— Չգիտեմ, տնօրենից պետք է ճշտել, — մի տեսակ շփոթված ասում է նա՝ ուղեկցելով ինձ տնօրենի սենյակ:
— Բարև ձեզ: Ես որոշակի քանակությամբ սպասք եմ ուզում գնել: Ուզում էի իմանալ ունե՞ք առաքման ծառայություն:
— Ընդհանրապես չունենք: Բայց Ձեզ համար բացառություն կանենք,- պատասխանում է տնօրենը:
Ես էլ ուրախությամբ վերադառնում եմ սպասքի բաժին և ընտրում այն ամենն, ինչ ինձ պետք է և դեռ մի քանի բան էլ ավել:
Մինչ աշխատողները փաթեթավորում են սպասքը, տնօրենը հեռվում ինչ-որ զանգեր է կատարում….
Ինչպես հետո պարզ դարձավ, նա անձամբ զբաղվում էր «առաքումը» կազմակերպելով:
Այնուհետև ինձ խնդրում են մի փոքր սպասել… Րոպեներ անց մոտենում է տնօրենը, վերցնում սպասքը և խնդրում հետևել իրեն…
-Ահա տաքսին, — ասում է նա՝ ցույց տալով սուպերմարկետի մոտ կայանված Յանդեքս տաքսի ծառայության մեքենան և ինձ մենակ, ավելի ճիշտ՝ իմ ծանր սպասքի հետ միասին ուղեկցում է դեպի այդ տաքսին, տաքսիստին վճարում է գումարն ու գոհունակությամբ իր մատուցած ծառայությունից հաջողություն ասելով հեռանում:
Թե ինչ կատարվեց՝ ես գիտակցեցի, երբ արդեն մեքենայում էի և ամբողջ ճանապարհին հազիվ էի զսպում ծիծաղս: Ծանր սպասքն էլ ինքս մի կերպ տուն բարձրացրեցի:
Փաստորեն, ինձ օգնեցին տաքսիի գումարո՞վ… կամ էլ՝ գուցե ի՞նձ առաքեցին տուն:
Անկասկած, բարի գործ էր, բայց ամեն դեպքում ես բոլորովին այլ բան էի պատկերացնում՝ առաքման ծառայություն ասելով: