
Ստեղծագործել նշանակում է կարողանալ լսել Աստծուն: Տալով մարդուն ստեղծագործելու տաղանդ՝ Տերն ամեն պահի հաղորդակցվում է նրա հետ՝ օգնելով գործի դնել այն: Իսկ այս պարագայում ստեղծագործելը մեր իրավունքը կամ ազատ ընտրությունը չէ. դա մեր առաջնային պարտքն է:
Բայց մենք հաճախ հարցին այլ կերպ ենք նայում: Տարված լինելով առօրյա վազքով՝ առաջնահերթությունը տալիս ենք կենցաղային փոքր ու մեծ խնդիրներին, որոնց անվերջանալի շարանն այդպես էլ չի թողնում, որ մեր միտքն ու ձեռքները հասնեն մեր կարևորագույն պարտքի կատարմանը: Եվ չստեղծագործելու համար գտնում ենք բազնաթիվ արդարացումներ:
Ջուլիա Քեմերոնի այս հրաշալի գիրքն ունակ է սթափեցնել ստեղծագործող մարդուն՝ հիշեցնելով նրա իրական էության մասին:
Սա անկեղծ, խորը, հոգևոր զրույց է ընթերցողի հետ: Իսկ լավագույն զրույցն ի վերջո վերածվում է զրույցի ինքդ քեզ հետ, երբ առչվում ես քո ներսում եղած ամենակարևորին: Այսպիսին էր ինձ համար այս գիրքը:
Գիրքը թե ամբողջական գաղափարախոսություն է ստեղծագործելու էության և ստեղծագործողի աչքերով կյանքի մասին, թե պրակտիկ դասընթաց բաղկացած վարժություններից և հանձնարարություններից, որոնք կօգնեն բացահայտնել կամ վերականգնել ստեղծագործելու ունակությունը:
Խորհուրդ եմ տալիս գիրքը յուրաքանչյուրին, ով երբևէ թեկուզ միայն մտովի առնչվել է ստեղծագործեու թեմային: