
Սիրել ուրիշներին․․․ Սա ամենաաստվածայինն է, որ կարող է լինել մարդու մեջ։ Սա է բոլոր բարի գործերի հիմքը։ Սիրել ոչ թե մի քանի հարազատ, մտերիմ մարդկանց, այլ առհասարակ սիրո պրիզմայով գնահատել յուրաքանչյուր ուրիշին։ Դա նշանակում է «ես երբեք այդպես չէի վարվի» ասելու փոխարեն փորձել ապրումակցել։ Յուրաքանչյուր իրավիճակում փորձել հասկանալ, ոչ թե քննադատել։ Փորձել նույնացնել, նմանեցնել, ոչ թե խիստ տարանջատումներ դնել «մեր» և «ուրիշների» միջև։
Այս գրքի մասին առաջինն, ինչ կասեմ, այն է, որ հեղինակը սիրում է մարդկանց։ Եվ հենց այդ սիրո պրիզմայով նա ընթերցողի առաջ բացահայտում է իր պատմության յուրաքանչյուր հերոսին, ցույց է տալիս յուրաքանչյուրի ներաշհարհը, պատմում անցյալի մասին և մեզ էլ քայլ առ քայլ օգնում է հասկանալ յուրաքանչյուրի այս կամ այն արարքի իրական մոտիվները։
Ամանորի նախաշեմին գրքի հերոսը բանկի թալանման անհաջող փորձից հետո մեկ այլ վայրում գերի է վերցնում մի քանի մարդկանց․․․ Ահա այսպես է սկսվում այս հետաքրքիր պատմությունը։
Այստեղ առկա է թե լարված ընթացք, թե յուրահատուկ երկխոսություններ, թե անսպասելի ու տպավորիչ ավարտ։
Կա և հումոր և թախիծ։
Ամեն շրջադարձում կան հանելուկային իրավիճակներ, որոնք փորձելով բացահայտել՝ ավելի ու ավելի ես ընկղմվում ընթերցանության մեջ։
Իսկ գիրքն ընթերցելուց հետո մի տեսակ բավարարվածության, հագեցածության, գոհունակության զգացողություն է առաջանում։
Եվ մեծագույն բանը, որը թողնում է գիրքն ընթերցողի հոգում, հենց ուրիշների նկատմամբ սիրո նստվածքն է։