
- Մեր օրերում ամեն ոք կարծում է, չգիտես ինչու ամեն ոք հաստատ համոզված է, որ իրեն ոչինչ չի կարող պատահել։ Ուրիշները մեռնում են, բայց ես ապրում եմ։ Ինձ համար, գիտե՞ք, չկան հետեւանքներ, չկա պատասխանատվություն։ Բայց նրանք գոյություն ունեն, այ թե որն է դժբախտությունը։
- Ազատ ժամանակ՝ այո։ Իսկ մտածելու ժամանակ ունե՞նք արդյոք։ Ինչի՞ վրա եք վատնում ձեր ազատ ժամանակը։ Կա՛մ սլանում եք մեքենայով՝ ժամում հարյուր մղոն արագությամբ, այնպես, որ ուրիշ բանի մասին չի կարելի մտածել, բացի ձեզ սպառնացող վտանգից, կա՛մ ժամանակ եք սպանում՝ ինչ֊որ խաղ խաղալով, կա՛մ նստում եք չորսպատանի հեռուստացույց ունեցող սենյակում, իսկ նրանց հետ, արդեն, հո չեք կարող վիճել։ Ինչո՞ւ, որովհետեւ պատերի վրայի պատկերները «իրական» են։ Ահա նրանք ձեր առջեւ են, տեսանելի, ծավալ ունեն, եւ նրանք ձեզ ասում, ձեր գլուխն են մտցնում, թե ինչ պետք է մտածեք։ Դե, ձեզ էլ սկսում է թվալ, որ այն, ինչ նրանք ասում են, ճշմարիտ է։ Դուք սկսում եք հավատալ, որ ճշմարիտ է։ Այնպես հապճեպ են ձեզ պատրաստի եզրակացություններ հրամցնում, որ ձեր բանականությունը չի հասցնում առարկել․ «Ախր այդ ամենը համակ բարբաջանք է»։
- «Դժվար է ասել, թե հատկապես որ պահին է ծնվում բարեկամությունը։ Ջուրը կաթիլ—կաթիլ լցնելիս, լինում է մի վերջին կաթիլ, որից հանկարծ բերնեբերան լցվում է անոթը եւ թափվում եզրից, ճիշտ նույնն է, երբ բարի արարքներից մեկը հանկարծ լիքը լցնում է սիրտդ»։
- Մարդ միշտ սարսափում է արտասովորից։ Հապա հիշեցեք՝ ձեր դասարանում հավանաբար որեւէ բացառիկ ընդունակությունների տեր տղա կար։ Նա բոլորից լավ էր արտասանում եւ բոլորից շատ էր պատասխանում դասերին, մինչդեռ մյուսները նստում էին քարե արձանի պես եւ սրտի խորքում ատում նրան։ Դասերից հետո դուք ո՞ւմ եք ծեծել ու չարչարել, եթե ոչ այդ «բացառիկ» տղային։ Մենք բոլորս պետք է լինենք միանման։ Ոչ թե ազատ ու իրավահավասար ծննդյան օրվանից, ինչպես ասված է սահմանադրության մեջ, այլ պարզապես բոլորս պետք է դառնանք միանման։ Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեն միմյանց։ Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչությունը չէին զգա։ Այսպես։ Իսկ գիրքը լիցքավորված հրացան է՝ հարեւանի տանը։ Հարկավոր է այրել, լիցքաթափել հրազենը, սանձահարել մարդկային բանականությունը։ Ի՞նչ իմանաս՝ վաղն ո՞վ կդառնա շատ կարդացած մարդու հերթական թիրախը։ Գուցե ե՞ս։
- Երբեմն ծածուկ խոսակցություններ եմ լսում մետրոյում կամ էլ հանքային ջրի կրպակների մոտ։ Եվ գիտե՞ք ինչ։ — Ի՞նչ։ -Մարդիկ ոչնչի մասին չեն խոսում։ Այո… Ոչնչի մասին։ Դատարկախոսում են՝ նորաձեւություն, լողավազաններ, ավտոմեքենաների մակնիշներ, եւ ամեն ինչին ավելացնում․ «Փառահե՜ղ է»։ Նրանք բոլորն էլ չաչանակի նման շարունակ նույն միտքն են կրկնում։ Իսկ սրճարանում լարում են անեկդոտների տուփերը եւ լսում նույն մաշված սրախոսությունները կամ էլ միացնում են երաժշտական պատը եւ նայում, թե ինչպես են վետվետում գունավոր նախշերը։ Բայց չէ՞ որ այդ ամենը կատարելապես անբովանդակ գունախաղ է։
- Փոքր տղա էի, երբ պապս մահացավ, նա քանդակագործ էր։ Նա չափազանց բարի էր, շատ էր սիրում մարդկանց։ Նրա օգնությամբ են մեր քաղաքը մաքրել ետնախորշերից։ Խաղալիքներ էր պատրաստում մեզ՝ երեխաներիս համար, իր ողջ կյանքի ընթացքում հավանաբար միլիոնավոր իրեր է պատրաստել։ Նրա ձեռքերը միշտ ինչ֊որ բանով զբաղված էին։ Եվ ահա, երբ նա մահացավ, հանկարծ հասկացա, որ լաց եմ լինում ոչ թե պապիս, այլ այն իրերի համար, որ նա դեռ պետք է ստեղծեր։ Ես արտասվում էի, որովհետեւ գիտեի, որ նա այլեւս իրեր չէր պատրաստելու, այլեւս երբեք չէր կարողանա փայտից քանդակներ անել, եւ կամ էլ մեզ հետ ետնաբակում աղավնիներ չէր թռցնի, ջութակ չէր նվագի, զվարճալի պատմություններ չէր անի, իսկ պապիս նման ոչ ոք չէր կարող պատմել։ Նա մեր մի մասնիկն էր, եւ երբ մահացավ, շատ բան վերացավ մեր կյանքից։ Չկար մեկը, որ փոխարիներ նրան։ Պապս անհատականություն էր, պիտանի մարդ։ Ես այդպես էլ չհաշտվեցի նրա մահվան հետ։ Այժմ էլ հաճախ եմ մտածում, թե ինչ հիանալի զարդաքանդակներ լույս աշխարհ կգային, եթե չմեռներ։ Որքա՜ն զվարճալի պատմություններ չիմացանք եւ որքա՜ն աղավնիներ տուն վերադառնալով՝ այլեւս չզգացին նրա ձեռքերի քնքուշ հպումը։ Նա վերափոխում էր աշխարհը, նորություն էր պարգեւում աշխարհին։ Նրա մահվան գիշերը աշխարհն աղքատացավ տասը միլիոն հիասքանչ գործերով։
- Պապս ասում էր, որ ամեն ոք իրենից հետո պետք է ինչ֊որ բան թողնի։ Զավակ կամ գիրք, նկար կամ տուն, կամ թեկուզ աղյուսաշեն մի պատ, իր կարած մի զույգ կոշիկ, իր ձեռքով տնկած այգի։ Ինչ—որ բան, որին երբեւէ դիպել է ձեռքդ եւ որտեղ հոգիդ ապաստան կգտնի քո մահից հետո։ Երբ մարդիկ կնայեն քո աճեցրած ծառին կամ ծաղկին, այդ պահին դու ողջ կլինես նրանց մեջ։ Պապս ասում էր՝ կարեւոր չէ ինչ ես անում, կարեւոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձեւափոխվի, նախկինից տարբեր ձեւ ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։ Գործի հանդեպ վերաբերմունքն է տարբերում սիզամարգեր հարդարողին իսկական պարտիզպանից։ Առաջինը կանցնի, կարծես չի էլ եղել, բայց պարտիզպանը կապրի սերնդեսերունդ։
- Պապս մահացել է շատ տարիներ առաջ։ Բայց եթե բացեք գանգս եւ նայեք ուղեղիս ծալքերին, այնտեղ կգտնեք նրա մատների հետքերը։ Նա հպվել է ինձ։ Ինչպես արդեն ասացի, նա քանդակագործ էր։— «Ատում եմ Ստատուս Քվո անունով հռոմեացուն,— մի անգամ նա ինձ ասաց,— աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։ Այն հրաշալի է ուզածդ երազանքից, որը ստեղծվում է գործարանում եւ հատուցվում դրամով։ Երբեք երաշխիք մի՛ խնդրիր, անդորր մի՛ փնտրիր, այն գոյություն չունի։ Իսկ եթե կա, ուրեմն նման է օրնիբուն ծառից գլխիվայր կախված եւ իր ողջ կյանքը քնած անցկացնող ծույլ կապիկի։ Գրողի ծոցը,— ասում էր նա,— ուժեղ թափահարիր ծառը, թող այդ ծույլ անասունը հետույքի վրա գետնին շրխկա»։