
Երևի չկա որևէ կին, ում չհետաքրքրի, թե ինչ են իրականում զգում և մտածում տղամարդիկ այս կամ այն իրավիճակնում, որոնք են նրանց գործողությունների մոտիվներն ու իրական պատճառները… Մենք, լինելով ի ծնե հմուտ քննիչներ, մեր սիրելի տղամարդուն «հետազոտելիս» կարող ենք աներևակայելի հեռուներ գնալ, ցնցող բացահայտումներ անել և չնայած այդ հանգամանքին, երբեմն, այնուամենայնիվ, մեր աչքից վրիպում է ամենաակնհայտը, ամենապարզն ու հասարակը:
Պարզապես տղամարդկային հոգեբանությունն այլ է, և դատելով որպես կին՝ դժվար է նրանց հասկանալը:
Եվ ահա այս դժվարությունը հաղթահարելու գործում իր օգնությունն է մեզ առաջարկում Սթիվ Խարվին, ով հումորային ծրագրի հաղորդավար է և իր աշխատանքային փորձի արդյունքում եկել է ամուր եզրահանգման, որ կանայք բոլորովին չեն ճանաչում տղամարդկանց:
Աշխատանքի բերումով ամեն օր ստանալով մոլորված, հիասթափված, զարմացած կանանցից բազմաթիվ հարցեր և մեկնաբանություններ, նա որոշել է հավաքել, ամփոփել դրանք և օգտակար գործ անել աշխարհի բոլոր կանանց համար:
Այս գրքում հեղինակը բացում է իր սեռի ներկայացուցիչների բազ
մաթիվ գաղտնիքներ՝ ազատելով մեզ երկար ապարդյուն մտորումներից: Գրքում ներկայացված որոշ մտքեր մեզ պարզ կթվան, որոշները մեզ կզարմացնեն, որոշները գուցե և վրդովվեցնեն, բայց գիրքն ընդհանուր առմամբ մեզ կօգնի ավելի ամբողջական պատկերացում կազմել հակառակ սեռի մասին:
Ի վերջո, օգնելով մեզ, հեղինակն օգնում է նաև իր սեռի ներկայացուցիչներին:
Չէ՞ որ ավելի լավ հասկանալով տղամարդկանց, մենք կկարողանանք հեշտությամբ գոհացնել նրանց և նրանց էլ ընկալելի ձևով հասցնել մեր ցանկությունները և կառուցել նրանց հետ ներդաշնակ ու ամուր հարաբերություններ՝ լինելով այդքան տարբեր: