Ինչ որ անում եմ՝ Կրքով եմ անում, Անում եմ թափով, Եռանդով ամբողջ՝ Վատնելով ավյուն, Ծախսելով արյուն,- Անտարբերության թշնամին եմ ես, Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը: Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ, Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից Աշխատում են լոկ սևն ու ճերմակը, Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն, Ջերմաստիճանըս – անզոր զայրույթից – Հասնում է նույնիսկ քառասունմեկի, Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ, Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության, Անտարբերության ոսո՛խըս մոլի, ____երևակայե՜ք, Գերադասում եմ… մնալ ձեռնըպահ: Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ, Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից… Читать далее Պարույր Սևակ․ Անտարբերության թշնամի