
Գրքի վերնագիրն արդեն իսկ սուր զգացողություններ է առաջացնում: Թեև մահն ամենաանխուսափելի երևույթն է յուրաքանչյուրի կյանքում, մենք ամենից շատ խուսափում ենք բացահայտ խոսել և անգամ մտածել մահվան մասին: Ուստի, շատերի մոտ չի առաջանա որևէ ցանկություն կարդալու այս գիրքը. «Ի՞նչ իմաստ ունի դիտարկել մահը, եթե կարելի այդ ծանրագույն թեման պարզապես շրջանցել առօրեայում»:
Իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կորոշեն վերցնել իրենց ձեռքն այս գիրքը, կարծում եմ՝ չեն փոշմանի:
Գիրքը մեզ չի նետում մահվան մասին մռայլ մտքերի անելանելի հորձանուտը: Հակառակը՝ գիրքը նպատակ ունի օգնելու ընթերցողին գիտակցաբար մոտենալով մահվան թեմային՝ կյանքն ապրել առավել լիարժեք:
Անհիշելի ժամանակներից ի վեր մտածողները խորհել են այս թեմայով ու ժառանգել են մարդկությանը փիլիսոփայական դրույթներ, որոնք օգնում են ապրել՝ չնայած մահված անփուսափելիությանը: Իրվին Յալոմն այս գրքում անդրադառնում է առավել հայտնի փիլիսոփաների գաղափարներին՝ կապված մահված հետ:
Այստեղ հոգեվերլուծաբանը նաև ներկայացնում է տարբեր մարդկանց պատմությունները կապված մահվան վախի վերապրման հետ:
Ի վերջո, հեղինակն անկախ հոգեվերլուծաբան կամ գրող լինելուց, ներկայացնում է իր՝ որպես հասարակ մարդու փորձը ապրելու առանց մահվան վախի:
Գրքում ներառված բազմաթիվ հանճարեղ մտքերն ամփոփելով՝ շեշտում եմ հետևյալը.
Մահից հետո մեզ հետ հեռանալու է այն ամենն, ինչ մեզ են տվել , և մնալու է միայն այն, ինչը մենք ենք տվել այլ մարդկանց: Մեզանից հետո ապրելու է ազդեցության ալիքը, որը մենք թողել ենք… և այդ ալիքը կարող է դեռ երկար ժամանակ փոխանցվել մեկ մարդուց մյուսին:
Հիշելով այս իրողության մասին՝ մենք նորից ու նորից խորապես զգում ենք կյանքի կարևորագույն արժեքը. կենտրոնանալ ոչ թե բարիքներ ձեռքբերելու և հավաքելու վրա, այլ ՝ կյանքի ընթացքում մեր արարքների, խոսքերի, գործերի վրա:


