Մշակութային խաբեբաներ. դրվագ կյանքից

Սրճում էի ընկերներիցս մեկի՝ Ռոբի հետ (անունը փոխված է): Մեր զրույցի ընթացքում Ռոբը պարբերաբար ձեռքն էր վերցնում հեռախոսը և խորհրդավոր ժպիտով գրագրվում ինչ-որ մեկի հետ: Ինձ արտասովոր էր թվում նրա պահվածքը. թե այդ խորհրդավոր ժպիտը, թե մեր զրույցի ընդհատումը հեռախոսային գրագրությամբ, ինչն առհասարակ դեմ էր Ռոբի սովորություններին:

Բայց առավել, քան նախորդ երկուսը, զարմանալի էր այն, որ րոպեներ անց Ռոբը մեծ սիրով մասնակից է դարձնում ինձ իր գրագրությանը:

Նա խոսում էր Telegram-ով հաճելի նկարով մի աղջկա հետ: Ինչպես հասկացա գրագրության պատմությունից, մի քանի օրվա վիրտուալ ծանոթներ էին:

Եվ ահա, մի քանի հերթական հաճոյախոսությունների փոխանակումից հետո աղջիկն առաջարկում է Ռոբին առաջին անգամ հանդիպել, ինչին Ռոբը պատասխանում է . «Իհարկե, ուղղակի ինձ համար պարտադիր է, որ մեր հանդիպումը լինի թատրոնում, ցուցահանդեսում կամ նման մի տեղ: Ես միայն այդպիսի տեղերում եմ հանդիպում առաջին անգամ»:

Կարդալով այս տողերն՝ ապշահար նայում եմ Ռոբի դեմքին: Իմ ընկերն, իհարկե մշակութասեր է, բայց որ գեղեցիկ աղջկա հետ ժամադրության համար պարտադիր պայման դնի մշակութային վայրի այցելությու՞նը…  Իմ հայացքի կամ էլ գուցե  իր գրածի պատճառով Ռոբի խորհրդավոր ժպիտն ակնհայտ ծիծաղի է վերածվում:

-Տեսնենք, թե ինչ է գրելու,- ասում է նա:

Վայրկյաններ անց անծանոթուհին հեռացնում է Ռոբի հետ գրագրությունն ու անգելափակում իր հաշիվը:

Աղջկա նման արձագանքն էլ ավելի է ուժգնացնում Ռոբի ծիծաղը:

Այսպես, մի լավ ծիծաղելուց հետո նա հանգստանում և վերջապես որոշում է բավարարել իմ հետաքրքրասիրությունը՝ պատմելով իր հետ տեղի ունեցածը:

Շաբաթներ առաջ ընկերս Tinder սոցիալական կայքի միջոցով ծանոթանում է մի հաճելի աղջկա հետ: Ինչպես բազմիցս լսել եմ Tinder-ի ակտիվ օգտատերերից, թեև կայքը մեծ ճանաչում ունի՝ որպես ծանոթությունների համար նախատեսված հարթակ, իսկապես քո նախասիրություններին համապատասխան մարդ գտնելն այդ կայքի միջոցով այդքան էլ հեշտ գործ չէ: Իսկ որպեսզի այդ մարդն էլ իրեն պահի այնպես, ասես ինքն էլ հենց քեզ էր փնտրում, իսկապես եզակի բախտավորություն է: Հենց այդպիսի մի բան էր տեղի ունեցել Ռոբի հետ: Նա էլ, վիրտուալ ծանոթությունների մեծ վարպետ լինելով, գիտակցում էր իրեն բաժին հասած բախտն ու ձգտում էր իդեալական թվացող վիրտուալ  ծանոթությունն անպայման իրականի վերածել:

Այդպես Ռոբն ու հաճելի անծանոթուհին խոսում են մի քանի օր: Ընթացքում աղջիկն առաջարկում է գրագրությունը շարունակել Telegram-ի հարթակում, քանի որ ինչ-որ պատճառներով այն ավելի հարմար է իրեն:

Եվ մի քանի օրվա փոխըմբռնումով լի և հետաքրքիր զրույցից հետո ընկերս, ավելի համոզվելով, որ աղջիկն իսկապես նա է, ում հետ ծանոթությունն արժե շարունակել, առաջարկում է հանդիպել: Ռոբի հիացմունքն ու ոգևորությունն ուժգնանում է, երբ աղջիկը համաձայնելով՝  ցանկություն է հայտնում հանդիպումը հենց նույն օրը կազմակերպել և միասին թատրոն գնալ:

«Այ քեզ բան, մնացած առավելությունների հետ մեկտեղ աղջիկը նաև մշակութասեր է: Իրոք, որ բախտը բերել է»,- մտածում է Ռոբը:

Մնում էր մի փոքրիկ տեխնիկական հարց լուծել: Աղջիկն արդեն գնել էր ներկայացման իր տոմսը, պետք էր, որ կողքի նստատեղն էլ ազատ լիներ, և նրանց առաջին հանդիպումը մշակութային միջավայրում երաշխավորված էր:

Այսպես հեշտացնելու համար ընկերոջս գործը, աղջիկը անմիջապես ուղարկում է կայքը, որի միջոցով Ռոբը պետք է ստուգեր, թե արդյոք ազատ է կողքի նստատեղը և ազատ լինելու դեպքում անհապաղ գներ տոմսը: Ընկերոջս բախտն այստեղ էլ է բերում. լիովին  զբաղված դահլիճում հենց այդ նստատեղն ազատ էր:

Եվ Ռոբն անմիջապես գնում է տոմսը, ավելի ճիշտ՝ կատարում բոլոր գործողությունները այն գնելու համար:

Բայց ահա այդ պահից ի վեր Ռոբի բախտի անիվը փոխում է իր ուղղությունը. ինչ-որ անբացատրելի տեխնիկական պատճառով թեև գումարը փոխանցվում է, գնումը չի կատարվում: Ռոբը նորից է փորձում: Եվ նորից նույնը: Տոմսի գումարը կրկնակի փոխանցվելուց հետո գնումը միևնույնն է չի կատարվում:

«Ախր այդպես չի կարող լինել, ես անպայման պետք է ձեռք բերեմ այդ տոմսը»,-մտածում է նա:

Ահա պատուհանը, որտեղ տեխնիկական աջակցության համար Ռոբը գրում է իր հեռախոսահամարը:

Ռոբին  զանգում է մի բարեհամբույր երիտասարդ : Թեև Ռոբի հիմնական նպատակը ներկայացման տոմսը ձեռք բերելն էր, երիտասարդը պնդում է, որ առաջին հերթին պետք է վերադարձվի ավել գանձված գումարը:

«Դա է մեր կազմակերպության օրենքը»,- համառում  է նա:

Ի վերջո, Ռոբը համաձայնում է կատարել կազմակերպության աշխատակցի ցուցումները: Ուղարկում է կատարված վճարման սքրինշոթը, ինչից հետո նրա հեռախոսահամարին համապատասխան կոդով հաղորդագրություն է ուղարկվում, որի մուտքագրումից հետո նրան պետք է վերադարձվեր գումարը:

Նա մուտքագրում է կոդը, բայց գործարքի կատարումը ձախողվում է Ռոբի բանկային պայմանագրում ներառված սահմանափակման պատճառով: «Բայց ի՞նչ սահմանափակում, ինչի՞ մասին է խոսքը, ընդամենը գումարը պետք է վերադարձնեին»,- տարակուսանքի մեջ ընկնելով մտածում է նա և աչքը նորից գցում է գործարքին, որն առանց կարդալու  հաստատել էր ու կարդում՝ «$3800-ի փոխանցում»:

Այսպես,Ռոբի ուղարկած սքրինշոթին արտացոլված էր նրա քարտին եղած գումարի մնացորդը, որը $4000-ից ավելին էր, իսկ հետագա քայլերով նախատեսված էր նրանից գանձել $3800-ը, ինչից իմ ընկերոջը փրկում է բանկային սահմանափակումը:

Վայկյաններ անց անհասանելի է դառնում թե տեխնիկական աջակցություն ցուցաբերող երիտասարդը, թե մշակութասեր աղջիկն, ում հետ երեկոյան պետք է հանդիպեր Ռոբը: Բարեբախտաբար, Ռոբն այս խարդախության հետևանքով նախատեսված  մոտ $4000-ից կորցնում է ընդամենը $120-ը՝ տոմսի կրկնակի արժեքը:

Եվ պարզվում է, որ Ռոբն անգամ իր նեղ շրջապատում միակը չէ, ով այս մշակութային ծուղակն է ընկել: Օրեր առաջ էլ Ռոբի ընկերներից մեկի կյանքում է այս կերպով անկատար մնացել ոմն թինդերյան անծանոթուհու հետ այս դեպքում ցուցահանդեսում ժամադրությունը կազմակերպելու հրաշալի միտքը: Այսքանը միայն Ռոբի նեղ շրջապատում…

Դե, ընդունում ենք Itcket.site-ի հեղինակների հնարամտությունը, որը միանշանակ տոմս գնել շտապող երիտասարդի կողմից կարդացվում է ticket.site, որում ներկայացված թատրոնների և այլ մշակութային վայրերի հասցեներն ու անվանումներն այնքան մոտ են իրականում գոյություն ունեցողներին, որ կես ուշադրությամբ կարդալու դեպքում դժվար է որևէ տարօրինակ բան նկատել…

Ամեն բան, անկասկած, լավ եք մտածել:

Բայց, գիտե՞ք, թե որքան ավելի լավ կլիներ, եթե ձեր տաղանդն  օգտագործեիք ի օգուտ մարդկանց, ոչ թե՝ չարիքի և խաբեության համար…  Լավ կլիներ նաև ձեզ համար:  Չե՞ք հավատում: Փորձե ՛ ք:

Այս պատմությունն  էլ թող լինի իմ փոքրիկ օգնությունը ձեզ այդ գործում: Հուսամ՝ այն կտարածվի:

ՀԳ: Դե, ինչպես երևի հասկացաք, պատմության առաջին մասի տելեգրամյան հերոսուհին  այս մշակութային խաբեբաների խմբի հերթական ներկայացուցիչն  էր, ինչի մասին Ռոբը հենց սկզբից էր գլխի ընկել:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.