
— Արմի՛ն, սա տարա՞ծք ա, որ դու ապրում ես… Ահա, խնդրե՛մ, մանյակ է պտտվում տանդ մոտ, — նայելով իմ տան ուղղությամբ՝ ասում է ընկերուհիս այն պահին, երբ մենք զբոսանքից հետո պետք է բաժանվեինք և յուրաքանչյուրս իր տուն գնար:
— Մանյա՞կ ա որ, Լիլ… ոնց որ նորմալ տղա ա,- պատասխանում եմ ես՝ տեսնելով մթության մեջ հեռվից երևացող տղամարդու սիլուետը:
— Ախր, ակնհայտ ա, որ մանյակ ա: Կեցվածքին նայի, քայլվածքին, հագուստին: Ես էդպիսիներին միանգամից եմ տարբերակում:
-Հա էլի, երևի մանյակ ա,- ասում եմ՝ վստահելով ընկերուհուս բնազդին և փորձելով հիշել սերիական մարդասպանների մասին իմ տեսած ֆիլմերի հերոսների կերպարները,- բա ես ո՞նց եմ տուն գնալու;
-Դե չէ, չես կարող,- մտահոգված ասում է Լիլիթը,- էս մանյակի կողքով վտանգավոր ա մենակ անցնել: Հլը նայի անհանգիստ շարժումներին: Հաստատ հերթական զոհին ա փնտրում: Ես կգամ հետդ քո տուն, հետո երբ տարածքից անհետանա, տաքսի կպատվիրեմ ու կգնամ:
Եվ այդպես երկուսով համեմատաբար վստահ քայլում ենք իմ տան ուղղությամբ:
Սակայն, ցավոք, երկուսով լինելը մեզ մանյակից չի փրկում…
Ես դա հասկանում եմ, երբ մանյակը, մեզ նկատելով, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է մեր ուղղությամբ և սկսում է նպատակաուղղված գալ դեպի մեզ:
Եվ այդ պահին փոշմանելով, որ այդպես էլ հետս պաշտպանվելու որևէ միջոց ման տալու սովորություն չձևավորեցի, վախի գերադրական աստիճանին բնորոշ սրտի բաբախյունով ձեռքս տանում եմ դեպի պայուսակս, որպեսզի հանեմ հեռախոսը… Հեռախոսը ձեռքս եմ վերցնում ու փորձում եմ հիշել 911 թվերը ու նկատում եմ, որ մանյակը արդեն գտնվում է մեզանից աննշան հեռավորության վրա, ուղիղ նայում է մեզ և անգամ մարմնի լեզվից հասկանալի է, որ պատրաստվում է դիպչել… Մտովի սկսում եմ սգալ մեր կիսատ մնացած գործերի ճակատագրի համար, երբ մանյակը դեմքի ժպիտով հայացքն ուղղում է ընկերոհուս և արտաբերում.
— Լի՛լ ջան, բարև
— Վայ Դավ ջան, դու՞ ես, բարև, ո՞նց ես
— Լավ եմ, դու՞
— Լաավ
— Ի՞նչ ես անում այստեղ
— Ընկերուհուս տուն ենք գնում: Ծանոթացեք, Արմինեն ա մոտիկ ընկերուհիս, հիշում ես պատմել եմ իրա մասին: Արմին ջան, Դավիթն ա…
— Շատ ուրախ եմ,- ասում եմ ես ավելի անկեղծ, քան երբևէ որևէ մեկի հետ ծանոթանալիս արտաբերել եմ այդ ստանդարտ խոսքերը:
Եվ այդ ուրախությունն այնքան անկեղծ էր, որ վերածվում է ծիծաղի, նույնիսկ անզուսպ ծիծաղի, որն այդպես էլ չի դադարում մինչ լավ ծանոթների ջերմ զրույցի ավարտը և ամեն անգամ նորից է սկսվում, երբ հիշում եմ տեղի ունեցած միջադեպը:


