
Ամենածանր բեռը մեղքի զգացումն է, լավագույն որոշումը, որ կարող է մարդը կայացնել՝ ապրել առանց այդ բեռը կուտակելու, իսկ մեծագույն ցանկությունը նրա, ով կրում է այդ բեռը, այն ուսերից թոթափելն է:
Գրքի հերոսուհին մեզ ցույց է տալիս թե այդ բեռը կուտակելու ճանապարհը, թե այն կրելու ծանրությունը և թե դրանից ազատվելու անասելի թեթևությունը: Եթե վեպի հերոսուհին տարիներ շարունակ ապրում է մեղքի զգացումով, ապա վեպի գլխավոր հերոսն ապրում է այն զգացմամբ/զգացումով, որ իր հետ անարդար են վարվել: Թեև այդ զգացումը մեծապես ընկճում է մարդուն և խորը ցավ պատճառում, այն անհամեմատ ավելի քիչ է քայքայլում մարդուն ներսից, քան մեղքի զգացումը: Չէ՞ որ ի վերջո մերն է և միշտ մերը կլինի այն, ինչ մենք ենք արել ուրիշներին, և ոչ թե այն, ինչ արել են մեր նկատմամբ:
Հերոսների անձնական պատմությունները այստեղ ներկայացվում են վեպի կարմիր գիծ հանդիսացող հավատքի թեմայի շուրջ քննարկումների ներքո։ Հավատքի և կրոնի թեման, որն ամենազգայունն է համարվում և այդ իսկ պատճառով խիստ հազվադեպ է ենթարկվում քննարկման, այստեղ քննարկվում է երեք տարբեր մակարդակներով՝ ընտանիքում, ընկերների միջև և մեծ լսարանում: Գրքում ներկայացվում են Աստծո թեմայով ամենատարբեր մոտեցումները իրենց հիմնավորումներով, ամենատարբեր զգացողություններն ու ընկալումները: Եվ միգուցե հեղինակը, այդպիսով, նպատակ է ունեցել ընթերցողին դրդելու՝ մտածել, վերլուծել, խորապես հասկանալ և միայն այդպես այս կամ այն գաղափարն ընդունել կամ մերժել: Չէ որ մերը կարող է լինել միայն այն գաղափարը, որը ճանապարհ է անցել հենց մեր ներսում՝ հերքման, որոնումների, հասկացման և ընդունման ճանապարհ՝ այդպիսով ներդաշնակ դառնալով մեր սրտին ու մեր էությանը: Իսկ այն ամենն, ինչը պարզապես տրվել է մեզ դրսից, պատրաստի վիճակում և երբևէ չի քննարկվել մեր կողմից, երբեք էլ մերը չի լինի:
Այս վեպն ինչպես նաև հեղինակի նախորդ վեպը, որը ես կարդացել եմ՝« Ստամբուլի բիճը», ընթերցվում է աստիճանաբար մեծացող լարվածությամբ և հետաքրքրությամբ այնպես, որ եթե գրքի առաջին 400 էջն ընթերցել եմ 10 օրվա ընթացքում, ապա վերջին 100-ը կարդացել եմ մեկ շնչով և մեկ օրվա ընթացքում: Թեև գրքից սպասումներս ավելին էին, ելնելով «Ստամբուլի բիճը» գրքից ստացված տպավորություններից, այնուամենայնիվ, ստեղծագործությունը բարձր եմ գնահատում և սիրով առաջարկում եմ կարդալ բոլոր ընթերցասերներին:


