
Սկիզբը՝ այստեղ
Գլուխ 3․
Արդեն մի քանի օր է, ինչ անտառում եմ, ծանոթանում եմ սարերին ու ձորերին, ուտելիք եմ գտնում, երբ սովածանում եմ։ Երբեմն կարոտով հիշում եմ մարդկանց, բայց հասկանում եմ, որ եթե վերադառնամ, կրկին բաժանվելը դժվար կլինի նրանց համար։ Ձորակի կողքով քայլում եմ, զգում եմ, որ մի փոքր հոգնել եմ, պառկում եմ քնելու։ Արթնանում եմ այն բանից, որ ջուր է թափվում վրաս, հիշում եմ վարդավառի օրը, վեր եմ կենում և բարձրանում դեպի լեռը, վերևից ջուր է թափվում, մտածում եմ, որ եթե բարձրանամ ջրից վերև, կազատվեմ այդ տհաճությունից։ Հասնում եմ սարի գագաթը, բայց ջուրը դեռ թափվում է գլխիս, հասկանում եմ, որ պետք է ուրիշ լուծում գտնել։ Դիմացի սարին տեսնում եմ, որ մի տեղում ծառերը համեմատաբար քիչ են, և ժայռեր կան, որոնց արանքում մի անցք կա բացված, շտապում եմ դեպի այդ կողմ։ Գեղեցիկ ապաստարան է, ջուրը չի թափվում գլխիս, կարող եմ սպասել մինչև անձրևն ավարտվի։ Որոշում եմ այդտեղ էլ գիշերել։
Քարանձավը դարձել է իմ նոր տունը, գիշերները և անձրևների ժամանակ գալիս եմ քարանձավ, այդտեղ չոր է և տաք։ Գիշեր է, բայց երկինքը շատ պարզ է երևում, քարանձավի առջև պառկած նայում եմ երկնքում երևացող փայլող կետերին։ Շատ գեղեցիկ է։ Բայց այսօր անսովոր բարձր են ոռնոցները։ Հասկանում եմ, որ ձորից է գալիս աղմուկը, որոշում եմ իջնել, տեսնել, թե ինչ է կատարվում։ Գնում եմ ձայների ուղղությամբ, մոտենում եմ ձորին, որոշում եմ ջուր խմել, դունչս մոտեցնում եմ ջրին և արյան հոտ եմ առնում, բարձրանում եմ ձորակի կողքով վերև, և սարսափելի տեսարան է բացվում․ մեկը մյուսի հետևից կենդանիների մնացորդներ են։ Հոտ եմ քաշում, տեսնում եմ, որ դեռ թարմ որս է, քայլերս արագացնում եմ։ Մոտենում եմ ձայներին, տեսնում եմ տասնյակ բորենիներ, որոնք հերթական վարազին շրջապատել և պատառ-պատառ են անում։ Գոռում եմ․
-Հանգի ՛ստ թողեք։
Բորենիների ոհմակը պտտվում և ինձ է նայում, թողնում են վարազին և շրջապատում են ինձ, պտտվում եմ տարբեր կողմեր, որպեսզի ոչ մեկը մոտ չգա։ Բորենիների միջից դուրս է գալիս ամենամեծը, երևի՝ առաջնորդը․
-Մենք մտածում էինք այս անտառում այլևս հովազ չկա։
Մռնչալով նայում եմ նրան․
-Ինչպես տեսնում ես, կա ՛։
-Շատ ուրախ եմ, որ կա, ինձ ավել թարմ միս բերողը չի խանգարի։
Լսվում է բորենիների այլանդակ ծիծաղը։ Ես հասկանում եմ, որ բարեկամաբար չեն տրամադրված, անկախ ինձնից լարվում եմ, բորենիների քանակը շատ է, առանձին- առանձին բոլորից ուժեղ եմ, բայց ոհմակի դեմ ուժերս կարող են չհերիքել․
-Դու լիքը միս ես թողել քո ճանապարհին, դա ճիշտ չէ, որս արա այնքան, որքան անհրաժեշտ է քեզ կշտանալու համար։
Մեծ բորենին սկսում է պտտվել շուրջս․
-Այս անտառում ես եմ կարգ հաստատում, և կարգն այնպիսին է, որ դու պետք է որսաս այնքան, որքան քեզ անհրաժեշտ է կշտանալու համար, իսկ մնացած ժամանակ պետք է որս անես ինձ համար։
Ինձ սկսում են նյարդայնացնել նրա պտույտները շուրջս։ Երբ հերթական անգամ անցնում է դիմացովս, թաթով խփում եմ հողին, և մի քանի կտոր շպրտվում է բորենու դիմաց։ Նա կանգ է առնում, նայում է իմ կողմ․
-Երևում է՝ դու չես հասկանում, այստեղ քո տեղը չէ։ Սրա վերջը տվե ՛ք։
Բոլոր կողմերից բորենիները հարձակվում են, ճարպկորեն խուսափում եմ և աշխատում որքան հնարավոր է շատերին ճանկերով վնասել, բայց հասկանում եմ, որ պետք է մի բան մտածել, այսպես ուժերս տեղի կտան վաղ թե ուշ։ Հերթական անգամ բորենիներին հետ շպրտելուց հետո ցատկով հասնում եմ մեծ բորենուն և մի հարվածով տապալում եմ գետնին։ Սուր ճանկերս հանած թաթս դնում եմ կոկորդին։ Մյուս բորենիները կանգնում են, ձեռքիս տակ նրանց առաջնորդը խռխռում և փորձում է ազատվել։ Ավելի ուժեղ եմ թաթով սեղմում․
-Եթե ևս մեկ անգամ ձեզ տեսնեմ ավելորդ որս անելուց, այլևս չեմ խնայի։ Հաջորդ անգամը կլինի վերջինը։
Բաց եմ թողնում առաջնորդի կոկորդը, և ամբողջ ոհմակը փախչում է։ Վարազը վախեցած աչքերով նայում է ինձ։ Ես էլ որոշում եմ հանգստացնել, այսօր շատ է տանջվել խեղճը․
-Մի՛ վախեցիր, հիմա սոված չեմ։
Վարազը նույնպես փախչում է, այնքան էլ դանդաղ է վազում, հաստատ բորենիները երկար են վազեցրել։


