
Չկայացած հանդիպում
Շատերի նման ես էլ տարիներ առաջ, երբ դեռ ազատ էի, վիրտուալ ծանոթություններ էի ունենում հետաքրքիր մարդկանց հետ, որոնց մեծ մասը, սակայն, ավարտվում էին նախքան իրական կյանքում հանդիպելը: Օրինակ, ամիսներ տևած վիրտուալ ծանոթություններիցս մեկն ավարտվեց հետևյալ երկխոսությամբ.
Նա: Ինչ լավ ա, որ վերջապես համաձայնեցիր հանդիպել: Դե ասա՝ ե՞րբ ենք հանդիպում և որտե՞ղ
Ես: Դե երևի կիրակի օրն է հարմար, ինչ-որ բացօթյա սրճարանում
Նա: Մի բան եմ ուզում ասել: Բայց չգիտեմ հանդիպենք, հետո՝ ասեմ, թե՞ ասեմ, հետո՝ հանդիպենք
Ես; Ասա՝ հետո հանդիպենք
Նա: Չէ, արի հանդիպենք, հետո ասեմ
Ես: Հիմա ասա:
Նա: Եթե ասեմ, որ ամուսնացած եմ, կհանդիպե՞նք
Ես: Չէ
Նա: Ուրեմն կհանդիպենք, հետո՝ կասեմ:
«Արի ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա»
Ձանձրույթից դրդված ֆեյսբուքում բացված կեղծ էջից մի քանի անծանոթ տղամարդկանց նկարներին մեկնաբանություն եմ գրում. «Արի ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա»:
Մեկնաբանությանը հաջորդում է երկխոսություն անձնական նամակով.
Նա- Բարև: Դու ո՞վ ես: Ճանաչու՞մ ենք իրար:
Ես- Բարև: Չենք ճանաչում:
Նա- Բա ո՞վ ես: Դե արի ծանոթանանք:
Ես- Չեմ ուզում ծանոթանալ: Խնդրեցի չէ՞ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:
Նա- իիիի, չհասկացա, յաաա…
Հեռախոսազանգ աշխատավայրում
Աշխատավայրում եմ: Զանգում է հեռախոսը.
— Բարև Ձեզ: Արմինեն լսում է:
— Բարև Ձեզ: Ես Ռուբենի հետ էի ուզում խոսել:
— Ռուբենն այս պահին հեռախոսով է խոսում: Խնդրում եմ զանգահարել մի փոքր ուշ կամ տրամադրել համար…
— Քուր ջան, կարո՞ղ ա իմ հետ ա հեռախոսով խոսում:
— Ինչպե՞ս:
— Կարո՞ղ ա Ռուբենը հիմա իմ հետ ա հեռախոսով խոսում:
— Ոչ: Քանի որ Ձեզ հետ ես եմ խոսում:
— Քուր ջան, բայց ոնց որ իմ հետ ա խոսում: Մի հատ ճշտի էլի:
— Շատ բարի: Խնդրում եմ մեկ րոպե մնացեք գծում, ճշտեմ
Վայրկյաններ անց
— Շնորհակալություն սպասելու համար: Պարզվեց՝ Ռուբենը Ձեզ հետ չէ խոսում:
— Հաստա՞տ, քուր ջան:
— Այո, քանի որ Ռուբենի զրուցակիցը կին է:
— Հաա, լավ, էդ ուրեմն ես չեմ: Լավ քուր ջան, մերսի:
— Շնորհակալություն զանգի համար: Հաջողություն:
Շարունակելի…


