
Ո՞րն է յուրաքանչյուր իրադարձության կարևորագույն նշանակությունը, եթե ոչ դրա արտացոլանքը մարդու ներաշխարհում։
Նվիրված լինելով բոլորիս ապրած 44-օրյա պատերազմին՝ այս գիրքը բոլորովին արտաքին իրադարձությունների նկարագրություն չէ․ այն գրողի ներքին կյանքն է, հեղինակի ներաշխարհում կատարվող իրադարձությունները սարսափելի ծանր արտաքին պայմաններում։
Եվ նրա ներաշխարհի խորությունից յուրահատուկ երանգավորմամբ է մեզ ներկայացվում շրջապատող ամեն բան՝ իր, երևույթ, դրվագ․․․
Իսկ ինչպիսի՞ն է այդ ներաշխարհը, այլ խոսքերով՝ ինչպի՞սին է այս գիրքը․
Այստեղ բառերն են իշխում, ավելի ճիշտ՝ հեղինակը յուրահատուկ իշխանություն ունի բառերի նկատմամբ։ Նրա գրչի ներքո՝ դրանք լիովին անկրկնելի տեքստեր են դառնում։ Առանձնահատուկ է այս առումով հեղինակի գրական ձեռագիրը:
Այս գիրքը յուրահատուկ համադրությունների ամբողջություն է․
լինելով ծանր՝ այն վայելքով է ընթերցվում․․․
տեքստը թեև դժվար է հասկանալ, բայց այն մեծ ձգողականություն ունի և անհնար է կտրվել նույնպես…
Գիրքը չափազանց անկեղծ է, բայց և թողնում է չբացահայտված շատ հարցեր․․․
Գիրքը նաև ինչ-որ առումով ճանապարհորդություն է համաշխարհային գրականության աշխարհով, հեղինակը ծանոթացնում է մեզ ամենատարբեր ստեղծագործողների հետ։
Եվ… չափազանց ուժեղ է գրքի էմոցիոնալ ազդեցությունը… ընթերցանությունն առաջին իսկ տողերից ուղեկցվում է մարդուն հասանելի ամենատարբեր զգացողություններով։
…
Հեղինակն անկասկած բացառիկ տաղանդ ունի, իսկ «Ամպուտացված ամպեր»-ը գուցե դառնա ամենատարբերվող գիրքը մինչև այժմ կարդացած ձեր գրքացանկում:
Միանշանակ խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուր ընթերցասերի ծանոթ լինել Արամ Ավետիսի գրականությանը։


