
Նախաբան
Խորը ձորի մի կողմում բարձրանում է հսկայական ժայռը, ժայռի վերևում պառկած է արնաշաղախ հովազը, մարմնի վրա անվնաս տեղ չի մնացել։ Հովազի հետևը խորը անդունդ է, դիմացից ատամները սրած տասնյակ բորենիներ դանդաղ քայլերով մոտենում են հովազին։ Առջևից քայլողը նրանցից ամենամեծն է՝ գլխավորը, ով կատաղած հայացք է գցում ոհմակի վրա, որը կանգնում է տեղում, իսկ ինքը կանգնում է հովազի կողքին․
-Հովա ՛զ, ահա ժամանակն է, որ պատասխան տաս։ Այս անտառը մի թագավոր ունի, և այդ թագավորը ես եմ։ Քո սխալն այն էր, որ միանգամից չընդունեցիր պարտությունդ։
Հովազը մի աչքը հազիվ բացած նայում է բորենուն․
-Սխալս այն էր, որ ձեզ միանգամից չսատկացրեցի։
Բորենին ցատկով հարձակվում է հազիվ խոսացող հովազի վրա․․․
Գլուխ 1. Որսագողեր
Ամառ է, անտառը ծածկված է խիտ կանաչով, սարերի գագաթներից նույնիսկ ձորերը չեն երևում ծառերի խտության պատճառով։ Անտառի եզրային մասով անցում է նեղ ասֆալտապատ ճանապարհը, որն օձաձև պտույտներով բարձրանում է և իջնում լեռներով։ Բագրատը սև ամենագնացով գնում է ճանապարհով։ Կողքին նստած է տասնհինգամյա որդին՝ Կարենը, ում հետ էլ ակտիվ զրուցելով գնում են իրենց ամառանոց։
Ձորին մոտ մի հացատուն կա, որը միակն է ամբողջ ճանապարհին։ Որոշում են կանգ առնել։ Բագրատը կանգնեցնում է մեքենան հացատան դիմաց կայանած Պիկապի կողքին։ Մտնում են ներս, Կարենը գնում է դեպի զուգարան, Բագրատը մոտենում է դրամարկղին, որի դիմաց նստած է մի հաստլիկ ժպտերես տղամարդ․
-Ողջու՛յն, Համո ձյա։
-Բագրա՛տ, բարով ես եկալ, հու՞նց եք։
-Լավ ենք, Համո ձյա, Դու՞ք ոնց եք։
-Հունց գիդումըս լի։
-Համո՛ ձյա, էն համով թոնրի լավաշիցդ տասը հատ տուր էլի։
-Աչքիս իրա, հեսա պիրիմ։
Բագրատը նստում է մոտակա սեղանի կողքին, նկատում է անկյունում նստած երեք տղամարդու։ Անկախ իր կամքից՝ Բագրատը սկսում է լսել երեքի խոսակցությունը․
-Լավ կպավ էսօր, հավաքածուիս մեջ պակասում էր։
-Հա, բայց ասում էին էս սարերում էլ հովազ չի մնացել։
-Չէ, ես գիտեի, որ մի զույգ կա, փորձնական բերել էին ստեղ, տեսնեն կհարմարվեն, թե չէ։ Բայց ոնց բերել են, տենց էլ անտեր թողել են։
-Ձագին էլ կարաս ծախես լավ գնով։
-Չէ, ծախելուց շատ քիչ մարդ կա, որ կառնի, իրանք էլ հարցա կառնեն, թե չէ, բերդի պուծյովկայա էդ ձագը, պետքա կորցնել մի ձև, մոր ծծից կպել պոկ չէր գալիս։
Բագրատը լսում է և բռունցքները պինդ սեղմում, կատաղությունից երեսին գույն չկա։ Այդ պահին Կարենը գալիս է և ձեռքերը թափ տալով նստում հոր կողքին․
-Սրբվելու թուղթ չկար։
Բագրատը ձեռքը գցում է տղայի ուսին ու մոտենում է ականջին․
-Կարե ՛ն, հիմա վերցնում ես մեքենայի բանալիները ու գնում ես պատրաստում մեքենան, պտտվի, որ միանգամից շարժվենք, հիմա ավելորդ հարցեր մի տուր, գնա՛, հետո կբացատրեմ։
Կարենը վերցնում է մեքենայի բանալիները և դուրս է գալիս։
-Բագրա՛տ ջան, հեսա լավաշը,- լսվում է Համոյի ձայնը։
Բագրատը վճարում է, վերցնում է լավաշը և շտապ դուրս է գալիս ռեստորանից։ Դավիթը մեքենայի մեջ նստած սպասում է, Բագրատը լավաշը գցում է պատուհանից ներս և հետևի կողմից մոտենում է Պիկապին, բարձրացնում է թափքի ծածկը, գտնում է մայր հովազի թաթերի արանքում պառկած ձագուկին, արագ վերցնում է և նստում է իր մեքենան․
-Քշի՛։
Կարենը առանց հապաղելու շարժվում է տեղից․
-Պա՛պ, ինչա՞ կատարվում։
-Որսագողեր էին, հովազ էին որսացել և մտածում էին, թե ինչպես կորցնեն ձագին։
Հովազի ձագն անշարժ պառկած է Բագրատի ձեռքերի մեջ։ Կարենը հայացք է գցում․
-Պա՛պ, բայց ողջա՞ ձագը։
-Հա, շնչումա, պետքա շտապ կերակրել։
Ամենագնացը հասնում է ամառանոց, մտնում է դարպասներից ներս, Բագրատը շտապում է դեպի նկուղ, այնտեղից գտնում է հորթերին կերակրելու շիշը։ Այդ ընթացքում Կարենը շտապում է մոր մոտ՝ ասելու, որ կաթ տա։ Բագրատը դուրս է գալիս նկուղից, կինը՝ Հեղինեն, Կարենի հետ սպասում է արդեն։ Կաթով լցված շիշը մոտեցնում է հովազի դնչին, վերջինս հոտ է քաշում և սկսում խմել կաթը։ Հեղինեն ապշած․
-Որտեղի՞ց եք գտել։
Կարենը միագնամից պատասխանում է․
-Որսագողերը մորը սպանել էին, մենք էլ գողացանք ձագին, որ վնաս չտան։
Հեղինեն հուզվում է, աչքերից արցունքներ են գլորվում, մոտենում է Բագրատին և, զգուշորեն ձեռքը մոտեցնելով ձագին, սկում է շոյել․
-Բագրա՛տ, որսագողերը հաստատ փնտրելու են ձագին։
Բագրատն անսպասելիությունից աչքերը չռած նայում է Կարենին՝ ամեն կերպ հասկացնելով, որ տղան չափն անցել է, և կարիք չկար միանգամից այդքան հակիրճ պատասխանել մոր հարցին․
-Հեղինե՛, հանգի՛ստ եղիր, ոչ մի վատ բան չենք արել։ Նրանք ուզում էին ազատվել ձագուկից, ես էլ նրանց ազատեցի, նրանք միայն ուրախ կլինեն, երբ նկատեն, որ ձագը չկա և հետո շատ ուշ կնկատեն։ Աղջիկները բա ու՞ր են,- հարցնում է Բագրատը՝ փորձելով մի փոքր շեղել Հեղինեին լարված խոսակցությունից։
Իսկապես Հեղինեն քիչ թե շատ սթափեցնում է ամուսնու հարցը․
-Աղջիկները քնած են, բայց դու ինձ պետք է պատմես, թե ինչ է կատարվել։
-Կպատմեմ անպայման, միայն հիմա գրկիր ձագուկին, ես էլ գնամ իմ ձագերին տեսնեմ։
Հեղինեն գրկում է հովազի ձագին, որը մի փոքր էլ ուտում է և սկսում է զարմացած աչքերով նայել մեկ Հեղինեին, մեկ Կարենին։ Հեղինեն դնում է ձագուկին գետնին, որն էլ սկսում է հնարավորինս արագ, ոտքերը մեկը մյուսից առաջ դնելով, հասնել Հեղինեի ոտքին։
Մեկ ժամ չանցած զույգ փոքրիկ աղջիկներն արթնանում են։ Մարիամը և Լուսինեն՝ հինգամյա փոքրիկները, դուրս են գալիս ամառանոցի այգի և, տեսնելով նստարանին նստած հորը, վազելով մոտենում են․
-Վաաաա՜յ, փիսիիիիկ։
Բագրատը ժպտում է աղջիկներին․
-Այո՛, փիսիկ է, բայց ձեր իմացած փիսիկը չէ, սա հովազի ձագ է։
Աղջիկները զգուշորեն մոտենում են և սկում են շոյել ձագուկին…
Նարեն և Սյունեն գրեթե ամբողջ օրը խաղում են հետս, Նարեն ավելի շատ սիրում է վազել, իսկ Սյունեն շոյում է գլուխս։ Հաճախ խաղով տարված վազվզում ենք այգում, մինչև Հեղինե մայրիկը ձայն է տալիս․
-Ճաշելու ժամն է։
Թարմ ուտելիքն ինձ է սպասում։ Կարենը հիմնականում տանն է լինում, դուրս է գալիս ուշ երեկոյան, երբ աղջիկները գնում են քնելու, Հեղինեի, Բագրատի և Կարենի հետ նստում և երկար զրուցում ենք։ Ես արդեն ամբողջովին հասկանում եմ մարդկանց լեզուն, բայց խոսել չեմ կարողանում։ Երեկոներն անցնում են շատ հետաքրքիր։
Ես միշտ նստում եմ Հեղինե մայրիկի ոտքերին, և նա ամբողջ ընթացքում շոյում է գլուխս։ Հեղինե մայրիկը միշտ ասում է․
-Ի՜նչ հրաշք տեղ է, իսկական դրախտ է, այլևս չեմ ուզում վերադառնալ քաղաք։
Ես չգիտեմ, թե քաղաքն ինչ է, բայց եթե Հեղինե մայրիկը չի սիրում քաղաքը, ուրեմն վատ տեղ է, բայց Բագրատը հաճախ ասում է․ «Ես գնում եմ քաղաք»։ Ուրեմն՝ այդքան էլ վատ տեղ չէ։ Մի անգամ փորձեցի Բագրատի հետ գնալ, բայց նա ասաց, որ ավելի լավ է մնամ այստեղ, քանի որ քաղաքում ինձ հետաքրքիր չի լինի։
Առավոտյան, սովորության համաձայն, Բագրատի հետ գնում ենք անտառ և քայլում ենք մոտ երկու ժամ, Բագրատն ինձ պատմում է անտառային կյանքի մասին։ Անտառում ինձ շատ հետաքրքիր է, չեմ ուզում վերադառնալ և առաջին անգամ գնալուց հետո ամեն օր անհամբեր սպասում եմ առավոտյան կրկին անտառ գնալուն։
Ես արագ եմ մեծանում։ Արդեն Նարեից և Սյունեից չափսերով ավելի մեծ եմ։ Մի օր, երբ ես ու Բագրատն անտառից վերադառնում էինք, աղջիկները վազեցին դեպի մեզ և հասնելուն պես փոքրիկ դույլերով ջուրը լցրեցին մեզ վրա։ Դա առաջին տհաճ պահն էր ինձ համար, և ես վազեցի մի կողմ ու բարձրացա այգու ծառերից մեկի ճյուղին։ Լսեցի, որ Բագրատն ասում է աղջիկներին, որ ինձ չջրեն։ Բագրատը միշտ շատ լավ էր հասկանում ինձ։ Գիտեի, որ նրա զգուշացումից հետո աղջիկներն ինձ էլ չէին ջրի, բայց ապահովության համար մնացի ծառի վրա։ Նայում էի, թե ինչպես են իմ սիրելի մարդիկ իրար վրա ջուր լցնում և ուրախանում։ Վարդավառի օրն էր։ Երբ խաղն ավարտվեց, Նարեն և Սյունեն ինձ փափուկ խաղալիք նվիրեցին և խոստացան, որ էլ չեն ջրի ինձ։ Մինչև այդ դեպքը՝ երբ ես դեռ փոքր էի, մի անգամ գլխիս ջուր սկսեց թափվել, Բագրատն ինձ բացատրեց, որ դա անձրև է, և որ արձրևի ժամանակ ջուրը վերևից է թափվում է այնքան, մինչև ամպերը ցրվեն։
Մի օր առավոտյան Բագրատն ասաց, որ ուտելիք չունեն, և ես պետք է ինքս գտնեմ ինձ համար ուտելիք, ես շատ տխրեցի և չգիտեի, թե ինչպես գտնել ուտելիք։ Երեկոյան, երբ արդեն շատ սոված էի, ինչ-որ ներքին ձայն կարծես ինձ հուշեց, որ պետք է անտառ գնալ։ Սովորական դարձած ճանապարհով գնացի անտառ, քայլեցի և չեմ հիշում, թե մի պահ ինչ կատարվեց ինձ հետ, հաջորդն, ինչ հիշում եմ, համեղ մսի կտորներն էին, որ հաճույքով ծամում էի։ Երբ վերադարձա տուն, Բագրատը շատ ուրախացավ, շոյեց գլուխս և ասաց․
-Ապրե ՛ս, առաջին որսդ արեցիր, դու այս անտառի թագավորն ես։
Հաջորդ մի քանի օրը գնում էի անտառ, ուտելիք էի գտնում և վերադառնում էի տուն, բայց մեջս ինչ-որ զգացողություն խանգարում էր ինձ և տխրեցնում։ Շատ էի ուզում մնալ անտառում, բայց նաև սիրում էի մարդկանց, և ամեն անգամ վերադառնալիս, երբ տեսնում էի Նարեին և Սյունեին, երբ տեսնում էի, թե նրանք որքան են ուրախանում, սիրտս լցվում էր ջերմությամբ և չէի ուզում նրանց մենակ թողնել։ Բայց անտառը ինձ ձգում էր, նստում էի այգում և ժամերով նայում անտառապատ լեռների կողմ։ Մի օր ականջիս ծայրով լսեցի, որ աղջիկներն ասում են Բագրատին, որ ես հիվանդ եմ և առաջվա պես չեմ վազվզում և խաղում իրենց հետ։ Ես ցանկանում էի ասել, որ հիվանդ չեմ, ուղղակի անհասկանալի զգացողություն ունեմ և կարոտում եմ անտառը շատ, բայց մարդկանց լեզվով խոսել չէի կարողանում։ Այս անգամ էլ Բագրատը շատ լավ հասկացավ ինձ, ես էլ համոզվեցի, որ նա կենդանիների լեզուն հասկանում է։ Բագրատն ասաց աղջիկներին, որ ես հիվանդ չեմ, և նրանք կարող են հանգիստ լինել։
Հաջորդ օրն՝ առավոտյան, ես էլի նստած նայում էի անտառի կողմ, գիշերն արդեն գնացել էի անտառ և ուտելիք էի գտել, որպեսզի առավոտյան աղջիկների հետ խաղամ մի փոքր։ Աղջիկները միշտ առավոտյան վազվզելով դուրս էին գալիս տնից, և գալիս էին խաղալու։ Այս անգամ տնից դուրս եկան բոլորը, նույնիսկ Կարենը, ում միշտ երեկոյան էի տեսնում։ Շատ զարմացա, երբ նրան էլ տեսա առավոտյան։ Մոտեցան ինձ, աղջիկները փաթաթվեցին ինձ, Հեղինե մայրիկն էլ սկսեց շոյել գլուխս։ Աղջիկներն ասացին, որ ինձ շատ կկարոտեն, Կարենն էլ մոտեցավ և փաթաթվեց ինձ։ Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում և ինչու են բոլորը հուզված։ Վերջում մոտեցավ Բագրատը, փաթաթվեց ինձ, հետո սկսեց գլուխս շոյել և ասաց․
-Կարող ես գնալ,- ու մատով ցույց տվեց անտառի կողմ։
Ես տեսնում էի, որ իմ սիրելի մարդիկ չեն ուզում բաժանվել, ես էլ չէի ցանկանում բաժանվել նրանցից, բայց անտառի կարոտն ավելի ուժեղ էր։ Բագրատը կրկին հասկացավ իմ մտահոգությունները և ասաց, որ ամեն մեկը պետք է իր տանն ապրի, և որ իմ տունն այս լեռներն ու անտառներն են, և ես պետք է ապրեմ այնտեղ ու լինեմ այս լեռների արժանի թագավորը։ Ուրախությունս հազարապատկվեց, երբ հասկացա, որ մարդիկ ինձնից չեն նեղանա, եթե ես գնամ և ավելի շատ սիրեցի մարդկանց։ Ուրախությամբ մի քանի պտույտ արեցի և հնարավորինս արագ վազեցի անտառի կողմ։
Շարունակությունը՝ այստեղ


