«Կարմիր խնձոր».պարզ լույսի ներքո

georgia-de-lotz-585594-unsplash.jpg

«Կարմիր խնձոր»…ավանդույթ, որը դարեր շարունակ եղել և մինչ այժմ (եթե անգամ ոչ ձևով, ապա բովանդակությամբ)  պահպանվում է հայ հասարակությունում: Ավանդույթները, սովորույթները, այս կամ այն երևույթի վերաբերյալ կարծրատիպերը յուրահատուկ ներգործություն ունեն մարդկային ուղեղի վրա. մարդը` որպես հասարակության անդամ, հակված է ընկալելու և յուրացնելու վերջիններս աքսիոմատիկորեն` առանց վերլուծելու, փնտրելու վերջիններիս հիմքում ռացիոնալության և հետագա վերարտադրության համար իմաստ: Մտածողության վերոհիշյալ ֆունկցիաների տնտեսում է կատարվում, երբ խոսքը գնում է հասարակությունում դարերով առկա, վերարտադրված և այսօր արդեն մեզ հասած  ավանդույթների մասին. այնպիսի ավանդույթների, ինչպիսին է  «կարմիր խնձոր» կոչվող ավանդույթը: «Այսպես է, որովհետև այսպես է»  կամ «այդպես է, քանի որ այդպես է եղել մինչև մեզ, ուրեմն` սա է ճիշտը»… ահա և հիմնավորումը:

  Ներկայացնում եմ մի փոքրիկ հատված օրերս կայացած երկխոսությունից` պատահական ծանոթներիցս մեկի հետ:

Պատահական ծանոթԻնչպե՞ս կվերաբերվեք ամուսնացած կնոջը, ով սեքսուալ կապի մեջ է այլ տղամարդու հետ. տղամարդու, որը ևս ամուսնացած է, երեխաներ ունի և չի պատրաստվում բաժանվել իր կնոջից  և ամուսնանալ նրա հետ, այդ անբարոյականի: Նա էլ դա գիտի ու շարունակում է…Ամուսինը իհարկե տեղյակ չէ: Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու է մարդը ընտրում այդքան սխալ ուղի իր կյանքում:

Ես Հայ հասարակությունում` նորմալ, այլ` առողջ հասարակություններում գուցե և ոչ հանդուրժողաբար, թեև քննադատության նման հարցերում առհասարակ դեմ եմ: Գիտեք, եթե մարդկային օրգանիզմը հիվանդ է ամբողջապես և հիմնովին, յուրաքանչյուր օրգան նրանում ձգտում է մի կերպ շարունակել գոյատևել` շարքից դուրս չգալու համար և բնական է, որ այդ գործընթացում իր ֆունկցիաները չի կատարում այնպես, ինչպես առողջ օրգանիզմին է հարիր: Եվ հեռացնել կոնկրետ օրգանը, երբ նրա դիսֆունկցիան  ուղղակի հետևանք է ողջ օրգանիզմի հիվանդությանը թերի մոտեցում է բժշկությունում, անգրագիտություն: Ես բժիշկ չեմ, բժշկությունից էլ շատ բան չեմ հասկանում: Ես սոցիոլոգ եմ, մեզ անվանում են հասարակության բժիշկներ: Այդ իսկ պատճառով թույլ տվեցի ինձ բերել վերոհիշյալ օրինակը` համեմատելով հասարակությունը կենդանի օրգանիզմի հետ: Ցավոք մեր հասարակությունը  խիստ հիվանդ է և ավելի ցավալի է այն, որ Ձեր նմանների շնորհիվ  (որոնք մինչ այսօր քիչ չեն հայ հասարակությունում ) ընդհանուր առմամբ  հասարակությունը չի գիտակցում, որ հիվանդ է, հակառակը` իր հիվանդությունը համարում է մեծ առավելություն, անվանում է այն «բարոյականություն»  և ձգտում է ամեն գնով պահպանել:

Պատահական ծանոթ Դուք երևի ի նկատի ունեք աճող անբարոյականությունը, մեր հայ աղջիկներին, որոնք «բարոյականի» դեր են կատարում և երբեմն էլ այնքան հմտորեն, որ մեծ փորձ պետք է ունենաս տարբերելու համար իրական և կեղծ բարոյականին: Բայց չեմ հասկանում, թե ինչու եք մտածում, որ ես նրանցից եմ, ովքեր նպաստում են այդ հիվանդության խորացմանը:  Դա այդպես չէ. ես լիովին գիտակցում եմ հիվանդությունը և շատ բան կտայի ազգս, հայերին այս ցեխից հանելու համար, վերադարձնելու այն արժեքներին, այն բարոյականությանը, որը ցավոք մարում է:

Ես  —  Խոսքը այն հիվանդության մասին է, որը հենց Դուք անվանում եք                   «բարոյականություն» և ձգտում եք պահպանել և դեռ ավելին` վերականգնել: Կփորձեմ  համբերատար լինել և բացատրել Ձեզ, թե ինչ ի նկատի ունեմ` չնայած համոզվածությանս, որ չեք հասկանալու:

  Մշակույթը իր որոշակի ավանդույթներով, կարծրատիպերով, արժեքանորմային համակարգով և այլ տարրերով բնորոշ է բոլոր հասարակություններին` սկսած երրորդ աշխարհի երկրներից մինչև զարգացած պետություններ: Նորմալ և միանգամայն բնական է, որ մարդկային հասարակությանը բնորոշ են վարքի որոշակի կանոններ, որոնք կարգավորում են հասարակական կյանքը: Մշակույթի գոյությամբ էլ 21-րդ դարում  մարդկային կյանքը տարբերվում է  քարանձավային մարդկանց կյանքից, որոնք առաջնորդվում էին միայն բնազդներով: Սակայն մշակույթը նույնպես իր զարգացումն է ապրում, որն ուղղված է իռացիոնալից դեպի ռացիոնալի անցմանը: Ռացիոնալ է այն մշակույթը, որը համահունչ է բնությանը, և ծայրահեղ իռացիոնալ է բնության հետ  մշտական հակամարտության մեջ գտնվող մշակույթը: Բնական է, որ բնության և մշակույթի պայքարում մշակույթը միանշանակ հաղթանակ տանել չի կարող:

Վերադառնանք հայ հասարակությանը: Հայ հասարակությունում մշակույթը ծայրահեղ իռացիոնալ է. խոսքը սեքսուալության մշակույթի մասին է, մի ոլորտի մասին, որն անկասկած մեծապես ազդում է մարդու` անձնական և հասարակական կյանքի  այլ ոլորտներում գործունեության վրա: Անձի սեքսուալ կյանքը  նրա անձնական կյանքի ամենաինտիմ ոլորտն է , որին հասարակական միջամտությունը ինքնին անբնական է: Իսկ հայ հասարակությունում հասարակական կարծիքը վերահսկում ու կառավարում է մարդու սեքսուալ կյանքը` բազմաթիվ կարծրատիպերի, պիտակների միջոցով, որոնք անխուսափելի սպառնալիք են ներկայացնում անձի ապագային: Ընդ որում  հասարակության կողմից թելադրված օրենքը  հակասում է բնության կողմից թելադրված օրենքին: Խոսեմ այդ մասին ավելի մանրամասնորեն:

  Այսպես, հասարակության հիմնական և կարևոր թելադրանքներից մեկը սեքսուալության ոլորտում հետևյալն է. աղջկա սեքսուալ կյանքը սկսվում է ամուսնական կյանքի հետ մեկտեղ:

Պատահական ծանոթ  Իհարկե այդպես է և այդպես էլ պետք է լինի: Դա բխում է մեր ազգի առանձնահատկություններից  և թույլ է տալիս մեզ պահպանել մեր արժանապատվությունը: Դա մեր ազգային ինքնության մի մասն է, որը և թույլ է տալիս մեզ պահպանել մեր ընտանիքի, հայ ընտանիքի ամրությունը: Եթե փոխվենք, ապրենք ազատ սեքսուալ կյանքով, կձուլվենք եվրոպացուն և կկորցնենք մեր ազգային ինքնությունը, այն նախանձելի առավելությունները, որոնք բնորոշ են մեզ. հայ կանանց մաքրությունն ու արժանապատվությունը, ամուսնանալու ձգտումը, ինչը թույլ է տալիս նրանց լինել լավ կին և լավ մայր , ճիշտ դաստիարակություն տալ երեխաներին…Մի խոսքով  ստեղծել աշխարհի ամենաամուր ընտանիքը, հայ ընտանիքը: Իսկ լավ ընտանիքը լավ հասարակության հիմքն է:

Ես-  Ցանկացած չափահաս մարդու կյանքում, անկախ սեռային պատկանելությունից, մարմնական սերը կարևոր նշանակություն ունի: Սեքսուալությունը մի ոլորտ է, որում առողջ կենսագործունեությունը նպաստում է նաև կյանքի մյուս ոլորտներում անձի ադեկվատ զարգացմանը և հակառակը` անբավարարվածությանը հետևում են մի շարք բացասական հետևանքներ: Հիշեցի մարդկային պահանջմունքների ոլորտում մեծ ուսումնասիրություններ կատարած մի գիտնականի: Խոսքը Աբրահամ Մասլոուի մասին է, թեև չեմ կարծում, որ նրա անունը Ձեզ ծանոթ լինի: Այսպես, Մասլոուն դասակարգել է մարդկային պահանջմունքները ըստ մակարդակների` ներմուծելով պահանջմունքների բուրգ հասկացությունը: Գիտնականը մարդկային պահանջմունքների 5 մակարդակի մասին է խոսել. առաջին` ամենաստորին մակարդակին պատկանող պահանջմունքները նա անվանել է  ֆիզիոլոգիական պահանջմունքներ` սնվելը, ցրտին տաք հագնվելը, քնելը, սեքսով զբաղվելը և այլն: Երկրորդ մակարդակին է պատկանում անվտանգության պահանջմունքը, երրորդ մակարդակին` սոցիալական պահանջմունքները` պատկանելությունը որևէ խմբին, սիրելը, սիրվելը, չորրորդ մակարդակին է հեղինակը դասել  հարգված լինելու պահանջմունքը և հինգերորդը, վերջապես, ինքնաակտուալիզացիայի պահանջմունքն է : Առաջին մակարդակի պահանջմունքները թելադրված են ինքնին օրգանիզմի կողմից և ըստ հեղինակի` դրանք ավելի  առաջնային և անհապաղ բավարարում պահանջող պահանջմունքներ են, քան ավելի բարձր մակարդակի պահանջմունքները: Առաջին մակարդակին պատկանող պահանջմունքների բավարարման համար մոբիլիզացվում են մարդկային օրգանիզմի ողջ ուժերը, և այդ պահանջմունքների ֆրուստրացիան զգալիորեն ավելի ծանր է իր հետևանքներով, քան այլ պահանջմունքների դեպքում է:

 Մասլոուի պահանջմունքների բուրգի կարևոր գաղափարներից մեկն այն է, որ յուրաքանչյուր մակարդակի պահանջմունք ի հայտ է գալիս միայն այն դեպքում, եթե ավելի ցածր մակարդակներին պատկանող պահանջմունքները  արդեն բավարարված են:

 Ես համաձայն եմ նրա գաղափարների հետ, և իսկապես. սոված մարդը հազիվ թե տառապի  սիրո կամ հարգանքի բացակայությունից:

  Իսկ ինչի՞ կարող է հանգեցնել ֆիզիոլոգիական պահանջմունքների չբավարարվածությունը Ձեր կարծիքով: Եթե խոսքը գնար ուտելու, խմելու կամ քնելու պահանջմունքի մասին, Դուք միանշանակ պատասխան կտայիք հարցիս` թվարկելով բոլոր բացասական հետևանքները` սկսած առողջության թեթևակի խանգարումներից մինչև ֆիզիկական մահ:

  Իսկ ի՞նչ կատարվեց Ձեզ հետ, երբ խոսք գնաց սեքսուալ պահանջմունքների մասին… մի՞թե իսկապես  չեք  գիտակցում, որ սեքսուալ պահանջմունքներն էլ են  ֆիզիոլոգիականների թվին  պատկանում, թե ուղղակի խուսափում եք այդ մասին մտածելուց: Դե ինչ, իսկապես պատկանում են  (և դա հայտնագործություն չի կատարվված իմ կողմից 21-րդ դարում): Հայտնագործություն չէ նաև այն, որ երբ մարդու ֆիզիոլոգիական պահանջմունքները չեն բավարարվում հեշտությամբ, նա, լինելով կենդանի էակ, կամա թե ակամա ձգտում է բավարարել դրանք` հաղթահարելով  բոլոր խոչընդոտները, անգամ` ենթագիտակցորեն, նույնիսկ եթե ստիպված է լինում մեծ զոհողությունների գնալ` թե իր և թե այլոց համար:

Գանք պրակտիկ դաշտ, մասնավորապես հայ հասարակություն, դիտարկենք 20 տարեկան  աղջկա օրինակը, որին «ազգային ավանդույթները» և «բարոյականությունը» պարտադրում են պահպանել կուսությունը մինչ ամուսնանալը: Ես չեմ անդրադառնա նման արգելքների ֆիզիոլոգիական հետևանքների մանրամասն նկարագրությանը` գիրացում, մազակալում, առողջական, հոգեբանական խնդիրներ, նյարդային համակարգի խանգարումներ, տարաբնույթ բարդույթներ և այլն: Այդ մասին կարող եք կարդալ բժշկությանը վերաբերող ցանկացած գրքում: Ես կխոսեմ սոցիալական հետևանքների մասին. հետևանքներ, որոնք կործանարար են հասարակության համար:

  Այսպես, բավական չէ, որ մեր հասարակությունը ամուսնության երևույթի նկատմամբ տարիքային որոշակի սահմանափակումներ է դնում և որոշակի պիտակների օգնությամբ    (պառաված օրիորդ, տանը մնացած աղջիկ և այլն  ) հարկադրում է թույլ և քիչ գիտակից մեծամասնությանը  հետևել դրանց, ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարումը ևս հայ հասարակությունում  սերտորեն կապվում է ամուսնության ինստիտուտի հետ: Եթե հիշենք պահանջմունքների բուրգը իր օրինաչափություններով` ստացվում է այնպես, որ  հայ հասարակությունում ամեն ինչ խախտված է. մեր հասարակությունում ստորին մակարդակի պահանջմունքը բավարարելու համար  պետք է նախ և առաջ բավարարվի ավելի բարձր մակարդակի պահանջմունքը`ամուսնության պահանջմունքը. պահանջմունք, որն ըստ իր իրական էության դեռևս առկա չէ տվյալ անձի կյանքում, բայց չէ՞որ այն միակ  միջոցն է ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման համար:

 Ամուսնությունը, այսպիսով, ենթարկվում է ճնշման և հարկադրանքի ` մի կողմից հասարակական կարծիքի` մեր սուպեր էգոյի  [i]կողմից, մյուս կողմից` մեր սեփական օրգանիզմի` իդի  կողմից  և  բնական է, որ այս իրավիճակում ամուսնությունը կորցնում է իր իրական ֆունկցիան` և հասարակության, և անհատի կյանքում: Ցույց տանք, թե ինչպես է այդ կատարվում:

  Բնական է, որ իդի ու սուպեր էգոյի ճնշման ներքո էգոյի որոշումը միանշանակ է. երիտասարդ աղջինը (նաև`տղան)  շտապում է ամուսնանալ: Այո, շտապում է ամուսնանալ բառիս բուն իմաստով: Երևի բոլորս էլ լսել ենք և ցավոք մինչ օրս էլ լսում ենք հետևյալ արտահայտությունները երիտասարդ, դեռևս չամուսնացած հայ աղջիկների կողմից . «դե արդեն էս տարիքում տենց բաների հետևից հո չեմ ընկնի (օրինակ   25 տարեկան  ), նորմալ տղա լինի ամուսնանամ », «արդեն ամաչում եմ, կոմպլեքս է մոտս ձևավորվում, որ էս տարիքում ամուսնացած չեմ»  և այլ,  նման բովանդակություն ունեցող արտահայտություններ:

   Շատերի կողմից ամուսնությունը ենթագիտակցորեն և անգամ գիտակցորեն ընկալվում է որպես փրկություն, փախուստ ներկայիս իրականությունից, որը լի է աննորմալ տարրերով. ներանձնային հակասություններով, հոգեկան անհանգիստ վիճակով, այն ամենով, ինչը ստեղծվել և վերարտադրվում է  բացառապես հասարակության կողմից` վերջինիս թերգիտակից լինելու պատճառով: Փախնելով այս «դժոխային» վիճակից , (որը համաձայնեք ստողծված պայմաններում իրոք անտանելի է) միջին հայ աղջինը կորցնում է ռացիոնալությունը, անհրաժեշտ չափի բծախնդրությունը իր կյանքի ուղեկցին ընտրելու հարցում և առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. նորմալ տղա լինի ամուսնանամ:

 Իսկ ի՞նչ է ի նկատի ունեցվում նորմալ տղա ասելով` տղամարդ, որը համապատասխանում է տվյալ աղջկան իր հոգեկան, ֆիզիկական, վարքային, սոցիալական հատկանիշների ողջ համախմբությամբ, տղամարդ, որին տվյալ աղջիկը սիրում է կամ գոնե այնքան ուժեղ զգացմունքներ ունի , որ ներկա պահին կարծում է, որ ուզում է մշտապես լինել հենց նրա կողքին… Ոչ, նորմալ տղան այս համատեքստում ցավոք ցանկացած տղամարդն է` հոգեպես և ֆիզիկապես համեմատաբար առողջ, ոչ շատ տհաճ արտաքինով, ցանկալի է` աշխատող… Այսքանը…

   Համապատասխանության մասին մտածելն անգամ ավելորդ է, քանի որ վտանգավոր է կորցնել ցանկացած հնարավորություն ամուսնանալու` կատարելու մի քայլ, որը միանշանակորեն համարվում է անխուսափելի անհրաժեշտություն և մեր Մեծագույն Պարտքը:

  Իսկ համապատասխանության ամենակարևոր ասպեկտը` համապատասխանությունը սեքսուալ կյանքում, ինչից էլ որոշ չափով կախված է զույգի հետագա հարաբերությունները  լայն իմաստով, չի էլ դիտարկվում նախքան ամուսնությունը, քանի որ ստուգելն արգելված է:

 Իսկ սերը… սերը պարզապես սովորությամբ և ընտելացմամբ է փոխարինվում. չէ՞որ ընտելանալ կարելի է գրեթե յուրաքանչյուրին, իսկ սիրելու համար (այս բարդ հասկացության որ սահմանումն էլ որպես հիմք ընդունես) վերոհիշյալ` նորմալ տղա համարվելու համար անհրաժեշտ պայմանները մեղմ ասած բավարար չեն:

  Իսկ հիմա անդրադարնանք այն հարցին, թե ինչպես են տղաները ստեղծված իրավիճակում ապագա կին ընտրում, ինչն է նրանց համար անհրաժեշտ և բավարար  հիմք հանդիսանում հակառակ սեռի այս կամ այն ներկայացուցչին ընկալելու որպես իրենց պոտենցիալ կին: Այստեղ ևս հարկ չկա խոսելու սիրո մասին կամ վերը նկարագրված լիարժեք համապատասխանության , քանի որ առաջնայինը այլ գործոններն են` սահմանափակումները դրված հասարակության կողմից, որոնք մշտական ազդեցություն ունեն կոնկրետ անձի վրա` ծնողների արդարեցման և «ընկերների շրջապատում հեղինակություն» կոչվող կարևորագույն գաղափարներից մեկի միջոցով: Հայ հասարակությունում պոտենցիալ կին համարվելու համար անհրաժեշտ պայման և  «այցեքարտ» է հանդիսանում աղջկա «բարոյական կերպարը»` իր թերի և աղավաղված իմաստով, այն իմաստով, որը անգիտակից մեծամասնության կողմից ընկալվում է որպես դոգմատիկ ճշմարտություն: «Իրեն հարգող հայ երիտասարդի» ընտրությունը փաստորեն սահմանափակվում է աղջիկներով, որոնց վարքը միանշանակորեն  չի անցնում հասարակության կողմից դարեր առաջ գծված սահմանները, որոնք մինչ այսօր անքակտելի են: Եվ այս ոչ այդքան մեծ համախմբության մեջ էլ շատ բծախնդիր լինելն արդեն լուրջ չէ: Չէ՞ որ ամենակարևոր պայմանն արդեն ապահովված է. նա «մաքուր աղջիկ է», մնում է մի քիչ էլ սիրուն լինի և առողջ. չէ՞որ  ընտրում ենք նաև (և նախ և առաջ ) ապագա երեխաների մայր: Իսկ սե՞րը… դե սերը կլինի հետո:

Ահա ինչպես է ստեղծվում մեզ համար ազգային արժեք հանդիսացող հայ ընտանիքը: Ինչպիսի՞ն կլինի այդպիսի «կուռ հիմքերով» ստեղծված ընտանիքը, զարգացման ի՞նչ փուլեր կանցնի, ինչպիսի՞ սերունդ կդաստիարակի, ինչպե՞ս կապահովի անձնական երջանկություն  և հասարակության մեջ ներդաշնակություն:  Այս հարցերը ակամա առաջ են քաշվում, թեև քննարկման խնդիր չկա, ամեն ինչ առանց այդ էլ ակնհայտ է. ունենք այն, ինչ ունենք:

Չբավարարված մարդկանց բազմություն… Ամուսնալուծությունների բարձր և գնալով մեծացող տոկոս, որը, լինելով ի սկզբանե բացասական երևույթ, մխիթարող երանգ է ստանում, երբ հայացք ես գցում առկա ընտանիքներից շատերին. զույգերին, որոնք դեռ չեն ամուսնալուծվել և կանեն երբևէ այդ քայլը, թե ոչ` հայտնի չէ: Խոսքը մեր օրերում չափազանց հաճախ հանդիպող  ընտանիքների մասին է, որտեղ ամուսինների միջև որևէ կապ գոյություն չունի. ոչ սիրային, ոչ ընկերական, ոչ հոգևոր, ոչ էլ հարգանք կամ փոխհասկացում, իսկ սեքսուալ կապի մասին հիշելն էլ անգամ տեղին չէ. տղամարդ, որը իր ֆիզիկական և էմոցիոնալ պահանջմունքների բավարարումը փնտրում է ամենուր, բացի սեփական ընտանիքից և կին, որը վաղուց արդեն մոռացել է, որ կին է (բառիս բուն իմաստով), այլ հիմնականում պահպանում է իր բազում դերերից  մեկը` մոր դերը: Ամուսինների միջև հարաբերությունները վերածված են բացառապես պարտքի և պարտականության կատարման, ցավոք` հաճախ ծանր պարտականության, որից ազատումն էլ կհանգեցնի նրանց կարծիքով ավելի ծանր, դժոխային իրավիճակի` հեղինակության և պատվի կորստի այդ «վեհ հասկացությունները այդքան բարձր գնահատող հայ հասարակությունում» և միայնակության վախի, քանի որ «որ նորմալ մարդը կուզենա ամուսնանալ ամուսնալուծվածի հետ»: Մտավախության և անգամ սարսափի հիմքում առավելապես կանանց համար ընկած է վերոհիշյալ անվիճելի ճշմարտություն համարվող կարծրատիպը: Իսկ եթե խոսենք ամուսնալուծված ընտանիքների զավակների ճակատագրի մասին… նախընտրում եմ չշարունակել:

Եվ ի՞նչ…Այս իրավիճակում ո՞րն է ռացիոնալ որոշումը…ամուսնալուծվելը, թե՞ողջ կյանքում ապրել միևնույն հարկի տակ օտար մարդու հետ, որը դարձել է ամուսինդ  տարիներ առաջ` ի վերջո հասարակական պահանջով:

  Դե իհարկե կարևոր արժեքը հայ ազգի համար ընտանիքն է. հայ ընտանիքը, որը մեր ազգային ինքնության կարևոր մասն է կազմում, համարդկային պատկերացումներին համապատասխանող կատարյալ ընտանիքը. լի սիրով, ջերմությամբ, ներդաշնակությամբ և երջանկությամբ:  Իսկ նման ընտանիքի ստեղծման գրավական միշտ եղել է և կլինի բարոյականությունը, անաղարտությունը և մաքրությունը մարդկային հոգիներում, մտքերում և իրական զգացմունքներում: Ինչպե՞ս ներկայումս վերագտնել և պահպանել ազգի արժանապավությունը այդքան բարձր պահող «հայ ընտանքիը»: Մտածեք…


[i] Ըստ  հոգեվերլուծության   հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի մարդկային հոգեկանը կառուցված է հետևյալ 3 ինստանցիաներից. իդ, էգո և սուպեր էգո: Իդը հոգեկանի ամենաստորին ենթակառուցվածքն է և այն բովանդակում է մարդկային բնազդները: Իդը առաջնորդվում է «ուզում եմ» հասկացությամբ: Սուպեր էգոն հոգեկանի ամենաբարձր ինստանցիան է: Այն ծնողի կերպարի արտացոլումն է յուրաքանչյուր անհատի հոգեկանում: Սուպեր էգոն հանդիսանում է մարդկային գործողությունների կարգավորիչ` բովանդակելով հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերը, պատկերացումները լավի և վատի, թույլատրելիի և անթույլատրելիի մասին: Եթե իդը առաջնորդվում է «ուզում եմ» կատեգորիայով, ապա սուպեր էգոյի դեպքում նույն դերը կատարում է «պետք է» հասկացությունը: Իսկ էգոն  միջնորդ օղակ է հանդիսանում իդի և սուպեր էգոյի միջև, այն ձգտում է հաշվի առնել և համաձայնեցնել այդ 2-ի պահանջները: Ըստ Ֆրեյդի էգոն միշտ խեղճ վիճակում է գտնվում, քանի որ հիմնականում իդի և սուպեր էգոյի պահանջները հակասում են միմյանց և էգոյի համար շատ դժվար է հաղթահարել այդ կոնֆլիկտը և որոշում կայացնել:

«Կարմիր խնձոր».պարզ լույսի ներքո: 2 комментария

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.