
Ամերիկացի բժիշկ և գրող Դիպակ Չոպրան գտնում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ չէ մեծ ջանքեր գործադրել: Հաջողությունը հասանելի է բոլորիս. ընդամենը հարկավոր է լինել ներդաշնակ և հետևել 7 հոգևոր կանոններին, որոնք նա հանգամանալից ներկայացնում է: Այդ 7 կանոնները կյանքին կտան հոգևոր լիություն, խաղաղություն, և այդ դեպքում մենք ինքստինքյան կունենանք այն ամենն, ինչ հարկավոր է մեզ՝ առողջություն, սեր, հաջողություն, երջանկություն…
Այսօր էզոտերիկայի ոլորտում հսկայական գրականություն կա՝ նվիրված երջանիկ լինելու ուղիներին: Իսկ Չոպրայի գիրքն առանձնանում է հակիրճությամբ, հստակությամբ, մատչելիությամբ և իմաստային ամբողջականությամբ միաժամանակ: Այս գիրքն ընդամենը 26 էջ է. ծավալ, որը կարելի է հաղթահարել մեկ կամ երկու անգամ գիրքը բացելու դեպքում: Միևնույն ժամանակ՝ այն բավարար չէ կարդալ մեկ անգամ և մի կողմ դնել: Լավագույն տարբերակն այս գիրքը սեղանի գիրք դարձնելն է, որից յուրաքանչյուր օր կարելի է տարբեր հատվածներ վերընթերցել:


