
Ֆիլմն ավարտվում է ողբերգությամբ, որի պատճառն անկասկած հասուն կնոջ և անչափահաս տղայի միջև սիրային կապն էր: Առանցքային զգացողությունը, որը թողնում է ֆիլմը դիտողին ֆիլմի հերոսուհու՝ Աննայի նկատմամբ վերաբերմունքն է: Աննային կարելի է մեղադրել, քննադատել, արդարացնել, հասկանալ, խղճալ…
ֆիլմում Աննայի որոշումներն ու գործողությունները ես 3 մասի եմ բաժանում.
1. Սիրային կապ ամուսնու որդու հետ
2. Հարաբերությունների ավարտ
3. Սուտ
Առաջին մասում Աննան տրվում է կրքին: Աննայի և Գուստաֆի հարաբերությունների սկիզբն ուղղակի հոյակապ է ներկայացված. այնքան բնական ու խորը, որ անհնար է նրանց կողմից չլինել, անհնար է հարաբերություններին ռացիոնալ վերաբերվել և առավելևս քննադատել… ընդհանրապես զգացմունքային հարցերում հենց միայն քննադատելն է քննադատելի… ու, այո, կիրքն էլ զգացմունք է…
Երկրորդ մասում Աննան որոշում և ավարտում է հարաբերությունները: Իհարկե, Աննային կարելի է հասկանալ, քանի որ այդ հարաբերությունների շարունակությունն ակնհայտորեն արդեն վտանգավոր էր: Բայց կա մի բայց. ինչպե՞ս է Աննան ավարտում հարաբերությունները. Գուստավի համար անսպասելի և կտրուկ ձևով: Աննան որևէ ջանք չի ներդնում այն ուղղությամբ, որ անչափահաս տղան կարողանա հասկանալ իրավիճակը և վերապրել բաժանումը:
Մի՞թե նա չգիտեր, որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք և պատասխանատու ենք առավել , եթե նա ում ընտելացրել ենք ինչ-որ իմաստով խոցելի է: Իսկ դեռահասը շատ խոցելի է, հատկապես երբ հարցը սիրային հարաբերություններին է վերաբերում:
Մի՞թե հմուտ փաստաբանը, ով նաև հոգեբան էր իր հաճախորդների համար, չէր կարող ավելի դիվանագիտորեն վերաբերվել նրան, ով իր նկատմամբ զգացմունքներ ուներ:
Թերևս, սա միակ բանն է Աննայի վարքագծում, ինչն ըս իս՝ նա կարող էր այլ կերպ անել և գուցե այդ պարագայում հնարավոր լիներ կանխել ողբերգությունը:
Անգամ երրորդ պայմանականորեն առանձնացված մասում, երբ Աննան համառորեն ստում է ամուսնուն և հետևողականորեն կատարում վիրավորված կնոջ և խորթ մոր դերը, Աննայի գործողությունները ինչ-որ իմաստով տրամաբանական են: Թեև նրա ստին հետևում է ողբերգությունը, այդ իրավիճակում Աննան, իր արժեքային համակարգից ելնելով, չուներ այլընտրանք:
Ահա այսպիսի մտքեր և զգացմուքներ ունեցա ես ֆիլմի գլխավոր հերոսուհու վերաբերյալ: Վստահ եմ՝ ֆիլմի վերաբերյալ կլինեն այլ, շատ հետաքրքիր կարծիքներ և վերլուծություններ: Ուրախ կլինեմ, եթե Ձեր կարծիքով ֆիլմի մասին կիսվեք այս գրառման մեկնաբանություններում:


