Ըստ ախորժակի

Երբ ես իմ սիրելի որևէ ուտելիք վայելում եմ ըստ իմ ախորժակի, ես այն սիրելու եմ միշտ: Եվ հակառակը՝ եթե որևէ (անգամ իմ ամենասիրելի) ուտեստ ինչ-որ հանգամանքներից ելնելով ստիպված լինեմ իմ նախընտրած չափից ավել ուտել, այն հստակ կդադարի դասվել իմ սիրելիների շարքում: Գուցե դրանից հետո ես այն իմ կամքով այլևս երբեք չհամտեսեմ:
Նույնը վերաբերում է ամեն ինչին՝ հագուստին, զբաղմունքներին, գործերին… Նույնը վերաբերում է նաև մարդկային հարաբերություններին:
Այս մասին արժե հիշել, երբ ուզում ենք որևէ մեկին կշտամբել «Ես որ չզանգեմ դու չես զանգի» խոսքերով, բողոքում ենք հանդիպումների հաճախականությունից, մեղադրում ենք քիչ ուշադրության համար… Եվ, ի վերջո այս ամենով ուղղակի կամ անուղղակի կերպով սպառնում ենք նրան, որ եթե այդպես շարունակվի նա կզրկվի մեր հարաբերություններից առհասարակ:
Եվ եթե մեր սպառնալիքը տեղ է հասնում, նա դուրս է գալիս իր ախորժակի սահմաններից… Այո, այդ պահին մենք գուցե «հաղթում» ենք: Բայց ի՞նչ ենք ունենում հետո՝ արդյունքում…
Այսպես, եթե իմ սիրելի խմորեղենը, որը սովոր եմ ամիսը մեկ անգամ վայելել, ինձ ստիպեն ուտել ամեն օր նրանից զրկելու սպառնալիքով, սկզբում ես գուցե համաձայնեմ, քանի որ սիրելի որևէ բան որևէ մեկը երբևէ կորցնել չի ուզում… Բայց օր օրի ես ավելի դժկամությամբ և պակաս ախորժակով եմ այն ուտելու մինչև կգա այն օրը, որ դրանից առհասարակ զրկվելն ինձ էլ սպառնալիք չի թվա, այլ կլինի երանություն, կլինի միակ լուծում և ես ինքս սիրով կհրաժարվել իմ նախկինում սիրելի խմորեղենից…
Հենց այսպես էլ երբեմն քանդվում են մեզ համար այնքան արժեքավոր հարաբերությունները… պարզապես տարված միայն մեր էմոցիաներով , հաճախ մոռանում ենք, որ կան սահմաններ… կա չափ՝ յուրաքանչյուրի համար իրենը, գուցե մերից մի փոքր կամ էականորեն տարբեր…
Կա կարոտ, կա սպասում, կա վայելք, կա հագեցում… և կա գերհագեցում: Իսկ վերջինից հաճախ հետդարձի ճանապարհ չկա:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.