
Երբ ես փորձում եմ հասկանալ որևէ մարդու համար լավ է, թե վատ այս կամ այն երևույթը, ձեռքբերումը, որոշումը…, ես երկու հարց եմ տալիս. ինչ որակներ է այն զարգացնում այդ մարդու մեջ և ինչպես ազդում այլոց՝ ընտանիքի, ընկերների,մարդկության վրա:
Այսպես, իմ ընկերուհին գնեց շքեղ մեքենա, և այդ ձեռքբերումից հետո յուրաքանչյուր անգամ աշխատանքից տուն վերադառնալիս՝ նա մտածում էր, թե ում կարող է այդ օրն առաջարկել տեղ հասցնել իր մեքենայով՝ ազատելով երթուղային տրանսպորտից կամ տաքսիից օգտվելու անհարմարությունից: Եվ յուրաքանչյուր օր նա ի սրտե որևէ մեկին լավություն էր անում՝ ընդհուպ մինչև օտար մարդկանց:
Մեկ այլ մարդու դեպքում գուցե շքեղ մեքենայի ձեռքբերումը ձևավորեր մեծամտություն, իրեն ուրիշներից՝ նման մեքենա չունեցողներից, վեր դասելու սովորություն:
Մեկը ստանալով արժեքավոր գիտելիք կիսում է այն ուրիշների հետ, ծառայեցնում է մարդկությանը, մեկ ուրիշը գիտելիքն օգտագործում է նեղ շահադիտական նպատակներով:
Ինքնին շքեղ մեքենան կամ գիտելիքը որևէ նշանակություն չունեն… և գնահատվում է դրանց լավ կամ վատ լինելը յուրանքանչյուր իրավիճակում առանձին:
Այդպես է ցանկացած այլ երևույթի դեպքում՝ լինի այն որևէ իրի ձեռքբերում, կենսակերպի փոփոխություն, հարաբերությունների ձևավորում, թե մեկ այլ բան…
Եվ ամեն անգամ երբ մենք կանգնում ենք «արժե թե չարժե», «անել թե չանել» երկընտրանքի առաջ, հիշենք ընդամենը երկու կարևոր հարցի մասին ՝ ինչպիսին մեզ կդարձնի այս կամ այն որոշումը և ինչպես այն կանդրադառնա այլոց վրա:
Իսկ եթե երկրորդ հարցն ինքնին շատերի համար առաջին հայացքից այդքան էլ առաջնային չէ, կարևոր է հիշել Տիեզերքի այն անխափան օրենքը, որ մենք կյանքում ստանում ենք միայն և միայն այն, ինչն ինքներս ենք տալիս:


