6 հրաշալի ֆիլմեր, որոնք կօգնեն այլ տեսանկյունից նայել մարդկային հարաբերություններին

Մարդկային հարաբերությունների բարդ և հետաքրքիր աշխարհը յուրաքանչյուրիս կյանքի կարևորագույն մասն է: Հարաբերություններն այլ մարդու հետ թե հաճույքի, թե տառապանքի աղբյուր են: Թեև երբեմն հարաբերությունները տրվում են չափազանց հեշտ, դրանց պահպանումն, այնուամենայնիվ, մշտական աշխատանք է:

Եվ հաճախ այդ «աշխատանքի» ընթացքում մենք կանգնում ենք մի հարցի առաջ, որի պատասխանը միանշանակ չէ. քննարկե՞լ հարաբերությունները, թե՞ թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա, անկեղծորեն բարձրաձայնե՞լ հոգում կուտակվածը նրան, թե՞ շարունակել լռել, ամեն գնով բացահայտե՞լ այն, ինչը թաքցնում են մեզանից, թե՞… Երբեմն ճիշտ որոշումը որևէ գործողություն չանելն է,  և այդ դեպքում իրավիճակն ինքն իրեն ստանում է լավագույն լուծումը, երբեմն էլ՝ լրիվ հակառակը:  Յուրաքանչյուր հարաբերություն և իրավիճակ իր պատասխանն ունի այս հարցին…

Այս ֆիլմերի հերոսները կամա թե ակամա «ընտրել են» հարաբերությունները քննարկելու տարբերակը, իսկ  մեզ մնում է դիտել և եզրակացություններ կատարել :

Մալքոլմ և Մարի ( 2021)

Այն պահից, երբ մենք այլ մարդու գոյությունը մեր կյանքում դիտարկում ենք որպես ինքստինքյան ենթադրվող մի բան, որպես փաստ, որն անփոփոխ է,  մեր հարաբերություններում սկսվում է դեպի փակուղի տանող ճանապարհը: Մենք դադարում ենք միմյանց շնորհակալ լինել փոքր բաների համար, դադարում ենք ձգտել որևէ բանի հանուն մեկս մյուսի, դադարում ենք հանուն երկուսով ստեղծած «մենք»-ի որևէ հատուկ գործողություն անել… Հանգչում է մի ժամանակ անմար թվացող կրակը … Նախկին ոգևորությանը փոխարինում է անընդհատ կուտակվող վիրավորվածությունն ու չգնահատվածության զգացումը… Այս ամենն անխուսափելիորեն բերում է մեծ վեճի… Իսկ վեճից հետո…

Այս դրամայում ընդամենը երկու հերոս կա՝ ամուսիններ: Ներկայացվում է նրանց կյանքից երկու ժամ, ընդամենը երկուժամյա խոսակցություն, որը կարող է այնքան հոգեհարազատ լինել…

Այս յուրահատուկ ֆիլմը, հնարավոր է, շատ հարցերի պատասխաններ պարունակի զուգընկերոջ հետ հարաբերությունների դժվար փուլում գտնվող մարդկանց համար:

Վերևի հարկի հարևանները (2020)

Մի կողմից այս ֆիլմը հրաշալի կատակերգություն է, որի ընթացքում կինոդիտողը մեկ ու կես ժամ կվայելի զվարճալի  երկխոսություններ՝ որոշակի պահերի լիաթոք ծիծաղելով, մյուս կողմից այս՝ առաջին հայացքից զուտ լավ ժամանցի համար նախատեսված կինոնկարը հոյակապ հոգեթերապիա է ամուսինների համար, ում ամուսնական կյանքի գույներն, ասես, խամրել են…  Հումորային իրավիճակների հետ մեկտեղ ֆիլմը կարևոր, սթափեցնող, միաժամանակ՝ հուսադրող մեսիջներ է պարունակում հարաբերությունների ճգնաժամ ունեցող զույգերի համար և  հենց այդ լսարանի համար ֆիլմը կարող է ճիշտ պահին հայտնված «դեղահաբ» լինել:

Իսկ մնացած կինոդիտողներին իսպանական կինոարվեստի այս  հաջողված նմուշն, անկասկած, առնվազն մեծ հաճույք կպարգևի:

Էյֆորիա ( 2017)

Այս ֆիլմի առանցքում քույրերի միջև հարաբերություններն են։

Իսկ ֆիլմն ուղղակի հոյակապ է։ Երկու քույրեր հանդիպում են երկար տարիների բաժանումից հետո։ Հանդիպում են, որպեսզի հաշտվեն, թեև նրանց ժամանակը շատ կարճ է՝ ընդամենը մի քանի օր․․․

Թեև ֆիլմի բովանդակությունը ծանր է ու տխուր, բայց ֆիլմն իր բնույթով լացակումած չէ. ֆիլմի տված հիմնական էմոցիան ոչ թե տխրությունն է, այլ՝ հաճույքն և հիացմունքը տեսարաններից, խոսակցություններից, ասելիքից և դերասանական հրաշալի խաղից։

Խնջույք (2017)

Հոգեբանական դրամա կատակերգության թեթև արտահայտված երանգով:

Այս ֆիլմում հարաբերությունների քննարկումը տեղի է ունենում սպոնտան կերպով․․․

Եվ հարաբերություններում այնպիսի բարդ հանգույցներ են հայտնաբերվում, որոնք քանդելը բարդ աշխատանք է անգամ ամենալուսավոր ուղեղների համար:

Ֆիլմի հերուսուհին բարձր պաշտոն ստանալու առիթը նշելու նպատակով իր տուն է հրավիրում մոտ ընկերներին: Սակայն ակնկալվող երեկույթը սպասվածից շատ ավելի թեժ է անցնում ՝ վերածվելով մեկը մյուսին հաջորդող ցնցող բացահայտումների…

Յուրահատուկ ֆիլմ տվյալ ժանրի սիրահարների համար։

Кафе «Голубая сойка» ( 2016 )

Այս ֆիլմն ամենախոցելի հարաբերությունների մասին է։

Յուրաքանչյուրս ողջ կյանքի ընթացքում մեզ հետ տանում ենք մեր չավարտված սիրո պատմությունը՝ գուցե որպես բեռ կամ գուցե որպես հեռվում, ինչ որ մի տեղ վառվող ճրագ…

Կթոթափե՞նք արդյոք այդ բեռը կամ կհասնե՞նք արդյոք այդ ճրագին… արդյոք կյանքում ևս մեկ անգամ կտեսնե՞նք նրան․ ինչպիսին կլինի նա, մենք ինչպիսին կլինենք և ինչպիսին կլինի այդ հանդիպումը… Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր կյանքն այդ հանդիպումից հետո…

ֆիլմի հերոսները 20 տարվա բաժանումից հետո պատահաբար մեկ օր հանդիպում են և անց են կացնում այդ օրը միասին… Մի ամբողջ օր հագեցած ամենատարբեր ապրումներով…

Հանգիստ, հաճելի, բարձրորակ, բավականին ռեալ, հիմնականում տխրություն փոխանցող ֆիլմ, որը առաջարկում եմ դիտել համապատասխան տրամադրությամբ:

Իդեալական անծանոթներ. Դրամա 2016

Այս ֆիլմում ևս հարաբերությունների քննարկումը, մեղմ ասած, նախապես  պլանավորված չէր։ Ֆիլմի հերոսները մոտ ընկերներ են, ովքեր հավաքվել էին երեկոն միասին անցկացնելու նպատակով։ Ընկերներից մեկն երեկոն ավելի հաճելի դարձնելու համար առաջարկում է «զվարճալի» մի խաղ խաղալ․ ամբողջ երեկոյի ընթացքում ընկերներից յուրաքանչյուրի բջջային հեռախոսին ուղարկվող հաղորդագրությունները կարդալ բարձրաձայն, իսկ զանգերի դեպքում ՝ միացնել բարձրախոսը։

Ֆիլմը ձևով` ժամանակակից, իսկ բովանդակությամբ հավերժական հարցի մասին է. արդյո՞ք պետք է մտնել այնտեղ, որտեղ մեզ ոչ ոք չի հրավիրել, արդյո՞ք մենք պետք է մեզ համար տեսանելի և լսելի դարձնենք այն, ինչն ի սկզբանե ստեղծված չի եղել մեր աչքերի և ականջների համար, արդյո՞ք սերը, համակեցությունը, ամուսնությունը (կամ անվանեք, ինչպես կցանկանաք) զրոյացնում է մարդու անձնական տարածությունը: Իմանալ սիրելի մարդու մասին ԱՄԵՆ ԻՆՉ. արդյո՞ք դա հնարավոր է, իսկ պե՞տք է արդյոք… թե ավելի լավ է թողնել, երբեք այդ ուղղությամբ չմտածել, ոչ մի բան հատուկ չփորփրել… այլ` լսել, տեսնել այն ամենը, ինչը մատչելի է մեզ ի սկզբանե… Եվ զգալ այն, ինչ պետք է զգանք և ապրել այնպես, ինչպես կզգանք:

Վայելեք  կինոարվեստի այս յուրահատուկ նմուշները, իսկ մեկնաբանությունում նշեք այն ֆիլմերը, որոնք կավելացնեիք այս  ցուցակին::

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.