
Ի՞նչ կպատահի յուրաքանչյուրիս հետ, եթե պատկերացնենք, որ կարող է գալ այնպիսի մի պահ, երբ բոլորիս համար այսօր հասանելի գիտելիքի դռները կփակվեն հավետ։ Ի՞նչ կզգանք, ինչպե՞ս կշարունակենք ապրել, կմնան արդյո՞ք մեր արժեքներն ու առաջնահերթությունները նույնը, թե՞ ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում։ Եվ առհասարակ ի՞նչ արժեք ունի գիրքն ու գիտելիքն այսօր, երբ այն հասանելի է բոլորին։ Ի՞նչ դեր է կատարում այն յուրաքանչյուրիս կյանքում։ Կարծում եմ՝ շատ տարբեր։
«451 աստիճան ըստ ֆարենհայթի» գրքում Բրեդբերին նկարագրում է ընթերցասերների դժոխքը։ Ֆանտաստիկայի ժանրի այս ստեղծագործությունը մի իրողության մասին է, որում մեծագույն չարիքը համարվում է գիրքը, լրջագույն հանցագործերը՝ նրանք, ովքեր փորձում են ընթերցել և պահպանել գրքերը, կարևորագույն ռազմավարությունը՝ գրքերի ոչնչացումը։
Ինչպես տվյալ ժանրի ցանկացած մեծ և խորիմաստ ստեղծագործություն՝ «451 աստիճան ըստ ֆարենհայթի» գիրքը ֆանտաստիկա է իր ձևով, բայց ոչ՝ բովանդակությամբ։ Գիտելիքը կրողների «վտանգը» և «վնասազերծումը» այս կամ այն կերպ, այս կամ այն չափով առկա է յուրաքանչյուր հասարակությունում, յուրաքանչյուր խմբում, յուրաքանչյուր ժամանակաշրջանում, իհարկե՝ քողարկված բարձրագույն արժեքների շղարժով։ Այս փաստի ներքո շատ երևութներ ավելի հասկանալի և իրականությանն ավեի մոտ բացատրություններ են գտնում։
Իսկ ֆանտաստիկայի ժանրի այս գիրքը, կարծում եմ, լույս կգցի շատ իրական իրողությունների վրա և գուցե ճանապարհ կհարթի մեր կյանքում նոր իմաստների, նոր գնահատականների, այլ արժեքների ու բացահայտումների համար․․․