Դրվագ կյանքից

Մշակութային միջոռացում էր։ Ավարտից հետո մի քանի հոգով կանգնած զրուցում էինք, երբ մեր տեսադաշտում հայտնվեց գեղեցիկ և նրբաճաշակ մի կին (ինչպես հետո իմացանք տարիքով 80-ն անց)։ Նա ծանոթ չէր մեզանից ոչ մեկին, բայց միջոցառման ընթացքում գրավել էր յուրաքանչյուրիս ուշադրությունը։

Ներդաշնակ և անսահման հաճելի էներգետիկայով այդ կինն ամեն ինչով՝ հագուստով, կեցվածքով, հայացքով տարբերվում էր բոլոր-բոլորից։

Եվ սա այն դեպքերից էր, որ չնայած էությամբ ինտրովերտ լինելուս ցանկություն առաջացավ մոտենալ և խոսակցություն սկսել լիովին անծանոթ մարդու հետ։

Այդ ցանկության հարցում ես մենակ չէի, և մենք մոտեցանք ու զրույցի բռնվեցինք նրա հետ։

Պարզվեց՝ գրող է։ Մի փոքր պատմեց իր գրած գրքերի մասին , իսկ հետո մտահոգ խոսեց այն ստեղծագործությունների մասին, որոնք գրել, բայց դեռ չի հրատարակել։

— Ես գրել եմ նաև սիրային բանաստեղծություններ,-ասաց նա,- բայց չգիտեմ կհրապարակեմ արդյոք։ Իմ թոռները շատ են ուզում, որպեսզի հրապարակեմ, իսկ ես մտածում եմ գուցե իմ ամուսնու համար դա հաճելի չի լինի։

— Իսկ Դուք ասեք, որ Ձեր բոլոր բանաստեղծություններն իրեն են նվիրված,- առաջարկեց մեզանից մեկը։

— Ոչ։ Ես ստել չեմ կարող,-պատասխանեց նա- երբ ես սիրահարվել եմ, իմ ամուսինը միշտ իմացել է այդ մասին, և նա միշտ կիսել է ինձ հետ իմ սիրո տառապանքը։

— Հրաշալի է,- ասես միաձայն արտասանեցին բոլորն, ում ականջներին հասան այդ խոսքերը։

Հավերժական սիրո ավելի փաստացի վկայության ես չէի հանդիպել․․․

Եվ չկա հարատև միասին երջանիկ լինելու ավելի իրատեսական ձև։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.