Սեր կյանքի նկատմամբ և բարձր տրամադրություն… ի՞նչ է պետք դրա համար… մի կարևոր բան` նպատակ. մեկ այլ կետ, որին ուզում ենք հասնել: Եվ սարսափելի է, երբ այդ կետը չի երևում, ոչ թե հեռու է կամ անհասանելի, այլ` պարզապես չի պատկերվում մեր երևակայության մեջ: Դեպրեսիան բնորոշ է միայն բազմաթիվ խնդիրներ ունեցող մարդկա՞նց: Իհարկե` ոչ: Ինչ էլ կյանքում ունենա, որքան էլ որ լավ վիճակում լինի մարդը, նա միշտ փնտրելու է ելք իր վիճակից… ելք դեպի այլ, ավելի լավ վիճակ: Եվ ո՞ր մարդու դրությունն է անելանելի` բազմաթիվ խնդիրներ կյանքում ունեցողինը, թե՞ նրանը, ով այլևս ոչ մի ակնառու խնդիր չունի: Հենց երկրորդի հետ է տեղի ունենում ամենասարսափելին` նպատակի կորուստը… այլևս ոչինչ էմոցիա չի պարգևում, ամեն լավ բան կա, փորձված է և սկսվում է էմոցիոնալ սով, որը հագեցնելու համար մարդ սկսում է եղանակներ որոնել…
Գիրքը «օբյեկտիվորեն երջանիկ» կնոջ կյանքի մասին է, ով ունի դեպրեսիա և պարզապես փորձում է ելք գտնել իր իրավիճակից, վերականգնել կյանքի` կորցրած համը…
Որքան էլ որ ծանր է թեման, Կոելյոյի գրչով գրված գիրքը չի կարող լինել այդպիսին. թեթև, հեշտությամբ ընթերցվող գիրք է, որը կամրապնդի կյանքի նկատմամբ դրական տրամադրվածությունը, կզարգացնի հոգևոր ինտելեկտը, կօգնի տեսնել և ադեկվատ ընկալել այն, ինչը կարող է տեղի ունենալ մեզ հետ կամ մեզ շրջապատող մարդկանց, «տարօրինակն ու զարմանալին» կդարձնի մեզ համար հասկանալի և բնական:
