Սյուն Բերմանին գտավ ներքնահարկի իր կիսախավար խցիկում։ Նրանից գիհու հատապտղի թունդ հոտ էր փչում։ Խցիկի մի անկյունում արդեն քսանհինգ տարի է՝ նկարչատախտակի վրա դրված էր ձեռք չտված մի կտավ՝ պատրաստ ընդունելու գլուխգործոցի առաջին գծերը։ Սյուն պատմեց ծերունուն Ջոնսիի ֆանտազիայի և իր երկյուղների մասին, թե հանկարծ նա՝ տերևի պես թեթև ու փխրուն, չթռչի իրենցից, երբ կթուլանան նրա անկայուն կապերը աշխարհի հետ։ Ծերունի Բերմանը, որի կարմիր աչքերը նկատելիորեն արցունքակալեցին, ձայնը գլուխը գցեց՝ ծիծաղելով նման ապուշային ֆանտազիայի վրա։

— Ի՞նչ,— բղավեց նա։— Հնարավո՞ր է այդպիսի անմտություն՝ մեռնել, որովհետև այդ անիծյալ բաղեղի վրայից տերևները թափվում են։ Առաջին անգամ եմ լսում։ Ո՛չ, չեմ ցանկանում նստել ձեր այդ ապուշմենակյացի համար։ Ինչպե՞ս եք թույլ տալիս նրան՝ գլուխը լցնել նման տխմարությամբ։ Ա՜խ, խե՜ղճ փոքրիկ միսս Ջոնսի։

— Նա շատ հիվանդ է ու թույլ,— ասաց Սյուն,— և տենդից զանազան ֆանտազիաներ են գալիս գլուխը։ Շա՛տ լավ, միստր Բերման, եթե չեք ուզում նստել, հարկավոր չէ։ Իսկ ես այնուամենայնիվ կարծում եմ, որ դուք զզվելի ծերուկ եք… Ծեր ու զզվելի շատախոսի մեկը։

— Ա՜յ քեզ իսկական կին,— բղավեց Բերմանը։— Ո՛վ ասաց, որ չեմ ուզում նստել։ Գնանք։ Ես գալիս եմ ձեզ հետ։ Կես ժամ է՝ ասում եմ, որ ուզում եմ նստել։ Աստված իմ։ Այստեղ բոլորովին էլ տեղը չէ, որ միսս Ջոնսիի նման լավ աղջիկը հիվանդանա։ Երբևէ ես կնկարեմ իմ գլուխգործոցը, և մենք բոլորս կհեռանանք այստեղից։ Այո՛, այո՛։

Երբ նրանք բարձրացան վերև, Ջոնսին ննջում էր։ Սյուն վարագույրը ցած թողեց մինչև լուսամուտագոգը և նշան արավ Բերմանին՝ անցնելու մյուս սենյակը։ Այնտեղ նրանք պատուհանին մոտեցան և երկյուղով նայեցին ծեր բաղեղին։ Ապա նայեցին իրար՝ առանց մի խոսք ասելու։ Պաղ, համառ, ձյունախառն անձրև էր գալիս։ Բերմանը, հնամաշ կապույտ շապիկը հագին, ոսկի որոնող մենակյացի դիրքով ժայռի փոխարեն տեղավորվեց շուռ տված թեյնիկին։

Մյուս առավոտյան Սյուն, արթնանալով կարճատև քնից, տեսավ, որ Ջոնսին լայն չռած անփայլ աչքերը չի հեռացնում ցած թողած կանաչ վարագույրից։

— Բարձրացրո՛ւ վարագույրը, ես ուզում եմ նայել,— շշուկով հրամայեց Ջոնսին։

Սյուն հոգնած հնազանդվեց։

Եվ ի՜նչ։ Տեղատարափ անձրևից և քամու ուժգին պոռթկումներից հետո, որոնք ամբողջ գիշեր չդադարեցին, աղյուսե պատի վրա դեռևս երևում էր բաղեղի մի տերև՝ վերջինը։ Ցողունի մոտ՝ մուգկանաչավուն, ատամնավոր եզրերին՝ փտման ու քայքայման դեղինով մատնահարված, նա քաջաբար կպել էր ճյուղին, գետնից քսան ոտնաչափ բարձրությամբ։

— Դա վերջինն է,— ասաց Ջոնսին։— Կարծում էի, թե գիշերվա ընթացքում անպայման ցած կընկնի։ Ես լսում էի քամու ձայնը։ Նա ցած կընկնի այսօր, այն ժամանակ ես էլ կմեռնեմ։

— Դե՛, աստված քեզ հետ,— ասաց Սյուն՝ հոգնած գլուխը խոնարհելով բարձին։— Գոնե իմ մասին մտածի՛ր, եթե չես ուզում քո մասին մտածել։ Ի՞նչ կպատահի ինձ։

Բայց Ջոնսին չպատասխանեց։ Հոգին, որ պատրաստվում է խորհրդավոր հեռավոր ճամփա ընկնել, աշխարհում ամեն ինչի հանդեպ խորթանում է։ Մինչդեռ մեկը մյուսի ետևից կտրատվում էին Ջոնսիին կյանքի ու մարդկանց հետ կապող թելերը, հիվանդագին երևակայությունը ավելի ու ավելի էր տիրում նրան։ Օրն անցավ, և նույնիսկ աղջամուղջին նրանք տեսնում էին, որ բաղեղի միայնակ տերևը կպած մնում է իր ցողունին՝ աղյուսե պատի շենքի վրա։ Իսկ հետո՝ մութն ընկնելու հետ միասին, նորից հյուսիսային քամի բարձրացավ, և անձրևը անդադար ծեծում էր պատուհանները, ցած թափվելով հոլանդական ցածրիկ տանիքից։

Լուսանալուն պես անգութ Ջոնսին կարգադրեց նորից բարձրացնել վարագույրը։

Բաղեղի տերևը կրկին իր տեղում էր։

Ջոնսին, երկար պառկած, նայում էր նրան։ Հետո կանչեց Սյուին, որը գազօջախի վրա հավի մսաջուրն էր տաքացնում նրա համար։

— Ես անպիտան աղջիկ էի, Սյուդի՛,— ասաց Ջոնսին։— Երևի այդ վերջին տերևը մնացել է ճյուղին, որ ցույց տա ինձ, թե ես անպիտան աղջիկ էի։ Մեղք է իրեն մահ ցանկանալը։ Հիմա դու կարող ես մի քիչ մսաջուր տալ ինձ, իսկ հետո պորտվեյնով կաթ… Ասենք՝ չէ՛, նախ հայելին տո՛ւր ինձ, իսկ հետո մեջքիս տակ բարձեր դի՛ր, և ես կնստեմ ու կնայեմ, թե դու ինչպես ես ճաշ եփում։

Մեկ ժամ հետո նա ասաց.

— Սյուդի՛, ես հուսով եմ, որ երբևէ ներկերով կնկարեմ Նեապոլի ծոցը։

Կեսօրին բժիշկն եկավ, և Սյուն ինչոր պատրվակով նրա ետևից դուրս գնաց նախասենյակ։

— Շանսերը հավասար են,— ասաց բժիշկը՝ սեղմելով Սյուի նիհար, դողդոջուն ձեռքը։— Լավ խնամքի դեպքում դուք կհաղթեք։ Իսկ հիմա ներքևում ես պետք է այցելեմ էլի մեկ հիվանդի։ Նրա ազգանունը Բերման է։ Կարծեմ՝ նկարիչ է։ Նույնպես թոքերի բորբոքում։ Նա արդեն ծեր է և շատ թույլ, իսկ հիվանդությունը ծանր է։ Ոչ մի հույս չկա, բայց այսօր նրան կտեղափոխեն հիվանդանոց, ուր նրա համար ավելի հանգիստ կլինի։

Մյուս օրը բժիշկն ասաց Սյուին.

— Ձեր ընկերուհին վտանգից զերծ է։ Դուք հաղթեցիք։ Այժմ սնունդ ու խնամք, և ուրիշ ոչինչ պետք չէ։

Նույն օրվա երեկոյան Սյուն մոտեցավ այն մահճակալին, որի վրա պառկած Ջոնսին բավականությամբ կապում էր վառ կապույտ, բոլորովին անօգուտ շարֆը, և մի ձեռքով գրկեց նրան բարձի հետ միասին։

— Ես քեզ մի բան պետք է ասեմ, սպիտակ մկնիկ,— ասաց նա։— Միստր Բերմանն այսօր մեռավ հիվանդանոցում թոքերի բորբոքումից։ Նա ընդամենը երկու օր միայն հիվանդացավ։ Առաջին օրվա առավոտյան դռնապանը խեղճ ծերուկին գտել էր իր սենյակում՝ հատակին ընկած։ Նա գիտակցությունը կորցրել էր։ Կոշիկներն ու ամբողջ հագուստը թաց էին և սառույցի պես պաղ։ Ոչ ոք չէր հասկանում, թե նա ու՞ր էր գնացել այդ ահավոր գիշերը։ Հետո գտան լամպը, որ դեռ վառվում էր, տեղից շարժած սանդուղքը, մի քանի ցրված վրձիններ և ներկապնակը՝ դեղին ու կանաչ ներկերով։ Սիրելի՛ս, նայի՛ր պատուհանից դուրս բաղեղի վերջին տերևին։ Դու չէի՞ր զարմանում, որ նա քամուց չի դողում ու չի շարժվում։ Այո, սիրելի՛ս, հենց դա էլ Բերմանի գլուխգործոցն է. նա այդ տերևը նկարել էր այն գիշերը, երբ ընկավ վերջին տերևը։

1 2

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.