
Фото: ©magicchanges.me
Գրողի համար գրելը ավելին է, քանի պարզապես աշխատանքը, ապրուստ վաստակելու միջոցը կամ անգամ՝ սիրելի զբաղմունքը: Գրողի համար գրելը ապրելու միակ ձևն է , երբեմն էլ՝ ապրելու նպատակը, այլ խոսքերով՝ առաքելությունը:
Իսկ լավագույնս յուրաքանչյուրը գրում է այն մասին, ինչը հենց իր համար ճակատագրորեն կարևոր է դառնում, ինչը զբաղեցնում է իր միտքը, ինչին ուղղված են իր զգացմունքները: Այդ տեքստերն են ամենաանկեղծն ու ամենախոսունը: Հենց այս տեքստերն են, որ մեծագույն արձագանքն են գտնում ընթերցողի սրտում: Իսկ երբ գրողը գրում է հենց գրելու մասին, դժվար է պատկերացնել ավելի զգացմունքային ու ազդեցիկ տեքստ։ Դժվար է պատկերացնել նաև ապրումնակցման ավելի մաքուր ձև, երբ այդ տեքստի ընթերցողը ևս գրող է։ Եվ, իհարկե, ավելի մեծ հաճույք ընթերցանությունից:
Ահա Ջուլիա Քեմերոնի երկրորդ գիրքը , որն ընթերցել եմ՝ ոգեշնչված նրա մինչ այդ գրված «Արվեստագետի ուղին» գրքով:
Այս գիրքը հենց գրողի խոսքն է գրելու մասին: Համարելով գրելը մեծագույն բարիք՝ հեղինակը գտնում է, որ յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա օգտվելու այդ բարիքից՝ անկախ այն բանից նա պրոֆեսիոնալ գրող է, թե՝ ոչ: Իսկապես, սրտում եղածը թղթին հանձնելու համար բոլորովին էլ պարտադիր չէ լինել հանրության կողմից ճանաչված , հայտնի գրող: Իսկ գրելը հստակորեն յուրաքանչյուրն կարող է օգնել թե ինքնաճանաչման, թե սեփական խնդիրներին այլ տեսանկյունից նայելու, թե բազմաթիվ այլ հարցերում:
Ջուլիա Քեմերոնն այս գրքի միջոցով դեմ է դուրս գալիս բոլոր այն կարծրատիպերին, որոնք կարող են ընկճել թե փորձառու գրողներին, թե սկսնակներին, թե պարզապես նրանց, ովքեր որոշակի հետաքրքրություն ունեն գրելու նկատմամբ:
Եվ նա ոգեշնչում է գրել… Գրել թե ՛ լավ, թե ՛ վատ ժամանակ, գրել թե ՛ երբ դա հեշտությամբ ստացվում է, թե ՛ երբ չի ստացվում ընդհանրապես, թե ՛ երբ ազատ ես, թե ՛ երբ շատ ծանրաբեռնված ես…
Հեղինակն ասում է՝ գրել, գրել ու նորից գրել… Իսկ ես, անկասկած, ասում եմ բոլոր ընթերցողիներին՝ կարդալ այս գիրքը, կարդալ և նորից կարդալ: