
Նրան, ում հետաքրքիր է Մուրակամիի արվեստը, միանշանակորեն հաճույք կպարգևի նաև այս գրքի ընթերցանությունն՝ անկախ այն բանից, թե որքանով է նրան հոգեհարազատ վազքի թեման:
Ինչպես երևում է գրքի վերնագրից, հեղինակը, խոսելով վազքի մասին, խոսում է ոչ միայն վազքի մասին:
Իսկ ինչի՞ մասին է այս յուրահատուկ վերնագիրն ունեցող գիրքը:
Այն Մուրակամիի կյանքի մասին է՝ ոչ այդքան կենսագրական փաստերի, որքան արժեքների, աշխարհընկալման, գրող դառնալու ճանապարհի և, իհարկե, նրա կյանքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող սպորտաձևի՝ վազքի մասին: Նրա սերը վազքի հանդեպ հոյակապ արտացոլում է հեղինակի մտածողությունը, անձնային հատկանիշները և ամենակարևորը՝ վերաբերմունքը մարմնի ու ֆիզիկական առողջության նկատմամբ: Վերջինս կարծում եմ առանցքանյին պետք է լինի յուրաքանչյուր ստեղծագործողի կյանքում։ Չէ՞ որ որքան երկար պահպանվի գրողի առողջությունը, այնքան ավելի լիարժեք և երկար նա կկարողանա կատարել իր կյանքի գլխավոր առաքելությունը՝ հարստացնել աշխարհն իր ստեղծագործություններով:
Գիրքն ինձ համար հագեցած էր բավականին հետաքրքիր գաղափարներով, որոնք հետո զարգացում գտան իմ մտքում և կարծում եմ կարտացոլվեն նաև իմ առօրեայում:
Գիրքը միանշանակորեն խորհուրդ կտամ բոլորին, հատկապես նրանց, ում այս կամ այն կերպ հետաքրքիր է որևէ սպորտաձև, արվեստի ուղղություն կամ երկուսն իրար հետ: