
Մեր զգացողությունները ծածկում են մեկը մյուսին և միասին ձևավորում մեր տրամադրությունը:
Դրանով բացատրվում է մեր կյանքում տեղի ունեցող շատ իրադարձությունների Իմաստը: Զայրույթը միանում է և խեղդում մեծ վշտին, բաժանման ցավի ժամանակ վրա է հասնում կենցաղային անհարմարությունը, «անհանգիստ» ժամանակներում մեր գլխին շատ գործ է թափվում: Եթե ունենք խորը տխրության առիթ, Աստված մեզ գցում է այնպիսի թոհուբոհի մեջ, որից ոչ մի վայրկյան չենք կարողանում շեղվել: Եվ այդ թոհուբոհն օգնում է մեզ անցնել տխրության միջով:
Այս ամենը վերաբերում է ոչ միայն բացասական հոգեվիճակներին, այլև՝ ծայրահեղ դրականներին, քանի որ մարդն իրեն երջանիկ է զգում միայն բալանսի մեջ: Ես նկատել եմ, որ երբ չափազանց մեծ ուրախության առիթ եմ ունենում, այդ ուրախությունը «հարամվում» է ինչ-որ մի համարժեք բացասական (հաճախ՝ արհեստականորեն ստեղծված) իրադարձությամբ: Եվ դա օգնում է ինձ պահպանել էմոցիոնալ բալանսը:
Սա հզոր ուղեցույց է հասկանալու համար մեր կյանքում կատարվող իրադարձությունները, դրանց ճիշտ պահն ու հերթականությունը և ևս մեկ անգամ արձանագրելու՝ ոչինչ պատահական չէ: Աշխարհը ստեղծողը հոգ է տարել ամեն ինչի մասին, իսկ մեզ մնում է հավատալ և, ամենակարևորը, ընդունել: